Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հի կինոէկրաններին ցուցադրվել է Մեծ եղեռնի տեսարանները փաստող «Հոգիների աճուրդ» («Հոշոտված Հայաստան») ֆիլմը, որի սցենարիստն ու գլխավոր դերակատարն էր Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված ականատհս-վկա Օրորա (Արշալույս) Մարտիկանյանը: 1934-ին նշանավոր կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանը ստեղծել է առաջին գունավոր կինոնկարը («Բեքքի Շարպ»): Ուշագրավ ֆիլմեր են ստեղծել նաև Արա Ավագյանը, Ռիչարդ Սարաֆյանը, Հենք Մունջյանը, Հովարդ Գազանճյանը, Ալեք Քեշիշյանը, Նիկոլ Բեզջյանը, Պ. Չադրջյանը, Գ. Կոնկլինը (Չանկալյան) և ուրիշներ: 1930-40֊ական թթ. նկարահանվել են դերասան Ակիմ Թամիրովը, պարուհի Թամարա Թումանովան և ուրիշներ: 1950-ական թթ. հայազգի մի խումբ դերասաններ երկար տարիներ ակնառու դիրք են գրավել Հոլիվուդում: Այդ շրջանում են ստեղծագործել Մայք Քոննորսը (Օհանյան), Առլին Ֆրենսիսը, Դ. Բաքալյանը, Բաբ Քելջյանը, Ռոս Բաղդասարյանը, Թամարա Դայկարխանովան և ուրիշներ: Հետագայում կինոյում նկարահանվել են Մայքլ Քրմոյանը, Լյուսի Սարոյանը, Շերը (Շերիլին Սարգսյան, «Օսկարի» մրցանակակիր, նաև՝ էստրադային հայտնի երգչուհի), Դենիս Դեմիրճյանը, Ա. Սահակյանը, Սարգիս Մուրադյանը, Էրիկ Պողոսյանը (նաև՝ սցենարիստ), Գրիգոր Սաթամյանը և ուրիշներ: Ճանաչված սցենարիստներ են Մարտիկ Մարթինը, Ստիվեն Զաիլյանը («Օսկարի» մրցանակակիր), հնչյունային ռեժիսորներ Լևոն Չալուքյանը («Օսկարի» մրցանակակիր), նկարիչ Ռեժ Աղայանը, կինոտեսաբաններ Հայկ Մանուկյանը, Ռ. Բարսամը, Ջ. Շադոյանը և ուրիշներ: Ամերիկահայ գեղարվեստական ֆիլմերից են «Արշին Մալ-Ալան», «Անուշ», «Կոմիտաս վարդապետի երգերը» (երեքն էլ ռեժիսոր Սեդրակ Վարդյան), «Պաղտասար ախպար», «Երջանկության արցունքները» (երկուսն էլ՝ ռեժիսոր Սարգիս Մուրադյան) ևն: 1982-ին Ջոն Քյուրքչյանը նկարահանել է «Մուսա լեռան 40 օրը» կինոնկարը: Վավերագրական ժապավեններից են «Բաց շիրիմների երկիրը», «Վերակենդանացած ցեղասպանություն», «Հայաստանն անցյալի և ապագայի միջով», «Ամերիկահայերը», «Գերմանիան և գաղտնի ցեղասպանությունը» ևն: Վավերագրական, հատկապես Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ֆիլմերի պատրաստման գործում գնահատելի է Հայկական ֆիլմի հաստատության ղեկավար Մայքլ Հակոբյանի կատարած աշխատանքը: 1964-ից Հոլիվուդում գործում է «Հայք» կինոստուդիան:


ՄԱՄՈՒԼ ԱՄՆ-ում առաջին հայերեն պարբերականը՝ «Արեգակը», լույս է տեսել 1888-ին, Ջերսի Սիթիում: ԱՄՆ-ում հաստատված թրքախոս հայերն ունեցել են իրենց պարբերական մամուլը, հայերեն և հայատառ թուրքերեն լույս են տեսել մի շարք բազմաբնույթ պարբերականներ («Կիլիկիա», «Կիլիկիա Սալնամէսի», «Բահնիւմա»): Ցայսօր լույս է տեսել ավելի քան 300 անուն պարբերական: Կուսակցություններից, մշակութային և բարեգործական խոշոր կազմակերպություններից բացի, պարբերականներ հրատարակում են նաև եկեղեցական կառույցները, զանազան միություններ, առանձին անհատներ:

ԱՄՆ-ում գործում են նաև երկու տասնյակից ավելի հայկական ռադիոժամեր և մեկ տասնյակից ավելի հեռուստածրագրեր՝ Կալիֆոռնիայի, Մասսաչուսեթսի, Նյու Ջերսիի, Միչիգանի և այլ նահանգներում:

«Ազգ», գրական, քաղաքական շաբաթաթերթ, եռօրյա, ապա՝ օրաթերթ: Լույս է տեսել 1907-21-ին,