Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երկրներից և Պարսկաստանից) տեղի է ունեցել 1962-65-ին: 1966-ին, ըստ պաշտոնական մարդահամարի տվյալների, հայերի թիվը Ա-ում կազմել է 6 հզ., 1970-ական թթ.՝ ավելի քան 13 հզ.: Ավստրալահայ գաղութը հաջորդ տարիներին ևս աճել է՝ Իրարից, Սիրիայից, Լիբանանից, Կիպրոսից, Սուդանից, Եթովպիայից, Թուրքիայից, Հունաստանից, Ռումինիայից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, վերջին շրջանում նաև Հայաստանից ու նախկին խորհրդային հանրապետություններից գաղթած հայերի հաշվին: Ներկայումս (2003) Ա-ում ապրում է 35-40 հզ. հայ՝ կենտրոնացած Սիդնեյ (25 հզ.) և Մելրուռն (10 հզ.) քաղաքներում: Փոքրաթիվ հայ համայնքներ կան Պերտ (500), Ադելաիդա (200), Բրիզբեն (300), Հոբարտ (50), Կանբեռա (40) քաղաքներում: Համայնքի բնակչության հիմնական մասը հայախոս է: Իբրև նոր համայնք՝ բավականին ստվար է բանվորների խավը (40 %), կան պետական ծառայողներ, արհեստավորներ (ոսկերիչներ), լուսանկարիչներ, առևտրականներ, խոշոր ու միջին արդյունաբերողներ: Վերջին 10-15 տարվա ընթացքում ավելացել է բժիշկների, փաստաբանների ու այլ մասնագետների թիվը:

Ավստրալահայ համայնքի ներկայացուցչական մարմինը թեմական խորհուրդն է: Սիդնեյ և Մելբուռն քաղաքներում գործում են հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիներ, երեք ամենօրյա և վեց մեկօրյա վարժարաններ: Ազգային կյանքը կազմակերպում են ՌԱԿ, ՀՀԴ, ՍԴՀԿ տեղական կազմակերպությունները, Համազգային, Վահան Թեքեյան, Նոր սերունդ մշակութային միությունները, ՀԲԸՄ, ՀՕՄ, ՀՄԸՄ, ՀՄՄ, ՀԵՄ մասնաճյուղերը: Գործում են երիտասարդական և մարզական միություններ, թատերախմբեր, երգչախմբեր, պարախմբեր: Հայերն ունեն ծերանոց՝ «Հայ հանգստյան տուն»: Լույս են տեսնում հայերեն պարբերականներ: Գործում են հայկական ռադիոժամեր: Գաղութն ունի աշխույժ մարզական կյանք:

Ավստրալահայերն իրենց նպաստն են բերել 1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժած հայրենակիցներին:

Մելբուռնի հայ համայնքը կազմավորվել է 1960-ական թթ. սկզբին: 1966-ին այստեղ բնակվել է 1500, 1976-ին՝ 4500, 2003-ին՝ 10 հզ. հայ: Համայնքում գործում են Ս.Աստվածածին առաքելական եկեղեցին (որին կից Ակինյան շաբաթօրյա դպրոցը) և կաթոլիկ եկեղեցի, ինչպես նաև Համազգայինի Մեսրոպ Մաշտոց մեկօրյա վարժարանը (1985-ից), եկեղեցասեր տիկնանց, երիտասարդական, պատանեկան միությունները, ՀԲԸՄ, ՀՄԸՄ Մելբուռնի մասնաճյուղերը, պոլսահայերի կազմած Սահակյան մարզական միության ֆուտբոլի թիմերը: Գործում են պարախումբ և երգչախումբ, ինչպես և հայկական ռադիոժամ: 1966-ից Մելբուռնում լույս է տեսնում «Հույս» ամսագիրը:

Սիդնեյի հայ համայնքը կազմավորվել է 1950-ական թթ. վերջին: 1983-ին այստեղ բնակվել է 10 հզ., 2003-ին՝ 25 հզ. հայ: Գործում են հայ առաքելական Ս.Հարություն, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիներ: Սիդնեյում առաջին հայկական դպրոցը հիմնել է Արամայիս քհն. Միրզայանը՝ 1960-ին: Ներկայումս գործում են Համազգայինի Արշակ և Սոֆի Գոլստըն, ՀԲԸՄ Ալեքսանդր, հայ կաթոլիկների Ս. Գրիգոր Լուսավորիչ ամենօրյա և Ալեք Մանուկյան, Թարգմանչաց, Փափազյան, Թումանյան մեկօրյա վարժարանները: Աշխույժ գործունեություն են ծավալում հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները և նրանց հովանավորությամբ գործող մշակութային միությունները, ՀԲԸՄ, ՀՕՄ, ՀՄԸՄ, ՀՄՄ Սիդնեյի մասնաճյուղերը, եկեղեցասեր տիկնանց, երիտասարդական, պատանեկան մարզական կազմակերպությունները, «Հայ հանգստյան տուն» միությունը, Ավստրալահայ միացյալ ընկերակցությունը և այլք: Գործում են «Լուսավորիչ», «Կոմիտաս» երգ-