Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կալն էր (մինչև 1999-ը) դոկտոր Արշալույս Ճգնավորյան-Ազնբաուերը:

Ավստրիահայ համայնքի ազգային կյանքը կազմակերպում են Հայ առաքելական եկեղեցու վարչությունը, հասարակական, բարեգործական մշակութային և այլ կազմակերպություններ: Գործում են Ս. Հռիփսիմե եկեղեցին, Մխիթարյան միաբանության Աստվածաբանության ուսումնարանը, «Հովհաննես Շիրազ» շաբաթօրյա դասընթացները, ՀԲԸՄ Ա-ի մասնաճյուղը, Հայ ուսանողական և երիտասարդական միությունը, Ավստրո-հայկական մշակութային ընկերությունը, «ՏՕՏ Արմենիա» միությունը, ՀՄԸՄ Ա-ի մասնաճյուղը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ա-ի մասնաճյուղը: Լույս են տեսնում «Հանդես ամսօրյա» հայագիտական հանդեսը, «Գաղութի տեղեկատու» (հայերեն, գերմաներեն) և «OAK Journal» (գերմաներեն) պարբերականները:

Ավսարիահայ համայնքը, ինչպես և խորհրդային բանակի ստորաբաժանումներում գտնվող բազմաթիվ հայազգի զինվորներ ու սպաներ մասնակցել են ֆաշիստական լծից Ա-ի ազատագրման մարտերին, շատերը զոհվել են ավստրիական հողում, և նրանց անունները հավերժացվել են անհայտ զինվորի հուշարձանի վրա:

Ա-ի հայ համայնքը զգալի օգնություն է ցուցաբերել Հայաստանին 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո: Ավստրիական փրկարարների առաջին ջոկատի հետ Հայաստան է եկել ավստրիական բանակի սպա, ավսարիահայ համայնքի եկեղեցական վարչության այն ժամանակվա ատենապետ Աստիկ Աստվածատրյանը: Համայնքը մասնակցել է Գյումրիում «Ավստրիական ավանի» և մանկական հիվանդանոցի կառուցմանը, միջոցներ տրամադրել աղետի գոտում դպրոցների, բուժական հիմնարկների նորոգման համար: Ի նշան երախտագիտության, 1990-ին Վիեննայի հրապարակներից մեկում տեղադրվել է Հայաստանից բերված մի խաչքար (հեղինակ՝ երևանցի քանդակագործ Վաչե Պետրոսյան):

Վիեննայում բնակվում է Ա-ի հայության ճնշող մեծամասնությունը: Այստեղ են գտնվում Մխիթարյան միաբանության վանքը՝ իր եկեղեցիով, Ս. Փրկիչ մատուռը և Ս. Հռիփսիմե եկեղեցին, հայ համայնքի ղեկավար մարմինները և բոլոր կազմակերպությունները, Ա-ի միակ հայկական շաբաթօրյա դպրոցը (դասընթացներ): Համայնքում գործող կազմակերպությունների և առանձին բարերարների հանգանակած միջոցներով 1984-ին Վիեննայի Ս. Հռիփսիմե եկեղեցու բակում տեղադրվել է հուշարձան՝ նվիրված Մեծ եղեռնզոհերի հիշատակին [հեղինակ՝ Ռազմիկ (Բերանժ) Թամրազյան-Հարությունյան]: Համայնքի ջանքերով 1998-ին Վիեննայի կենտրոնում կանգնեցվել է ավստրիացի գրող, հայ ժողովրդի բարեկամ Ֆրանց Վերֆելի հուշարձանը (քանդակագործ՝ Օհան Պետրոսյան, ճարտ.՝ Ռոլանդ Մարտիրոսյան):

2001-ին եկեղեցու մերձակա հրապարակը կոչվել է Հայկական հրապարակ: Այստեղ տեղադրվել է Հայաստանից բերված խաչքար:

Փոքրաթիվ հայ բնակչություն ունեն Ա-ի Լինց, Զալցբուրգ, Գրաց քաղաքները: Գրացում 1958-78-ին գործել է Հայ ուսանողական միությունը՝ իր երգչախմբով՝ Հովիկ Խուդաբախշյանի ղեկավարությամբ:

ԵԿԵՂԵՑԻ

Հայ առաքելական եկեղեցու Ա-ի համայնքը սկսել է ձևավորվել XIX դ. սկզբին: XIX դ. վերջին վիեննահայերը փորձել են առանձին եկեղեցի ունենալ, սակայն հաջողել են միայն 1912-13-ին, երբ եկեղեցու շինության համար հողակտոր են գնել Վիեննայի կենտրոնական թաղամասում: 1913-ի հունվարի 19-ին տեղի է ունեցել Ս. Փրկիչ մատուռի օծումը: Սուչավայից (Ռումինիա) հրավիրված հոգևոր հովիվ Տեր Արիստակես