Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայ ուսանողական միություն, հիմնադրվել է 1921-ին՝ Մխիթարյան միաբան ՆԵրսես Ակինյանի ջանքերով: Միավորել է Ա-ի տարբեր համալսարաններում և Գեղարվեստի ակադեմիայում սովորող հայ երիտասարդներին: Միության անդամներից էին ծաղրանկարիչ և հրապարակախոս Ալեքսանդր Սարուխանը, նկարիչ Օննիկ Ավետիսյանը: Գործել է մինչև 1927-ը:

Հայ ուսանողական և երիտասարդական միություն, ստեղծվել է 1960- ին: Հիմնական խնդիրն է Ա-ի հայ երիտասարդության համախմբումը, նրան ազգային կյանքին հաղորդակից դարձնելը: Այդ նպատակով միությունը կազմակերպում է գրական երեկույթներ, բեմադրություններ, բանակումներ, Հայ դատին նվիրված քննարկումներ ևն: Միությանը կից 1976-ից գործում է «Հեղինե Եաղուբյան» հիմնադրամը, որի նպատակն է օժանդակել Ա-ի հայ ուսանողուհիներին:

Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) Ա-ի մասնաճյուղ, հիմնադրվել է 1990-ին, Վիեննայում: Միավորում է Ա-ի հայ սկաուտներին, կազմակերպում մարզական պարապմունքներ, նրանց դաստիարակում ազգային գիտակցության և հայրենասիրության ոգով:

Ավստրո-հայկական մշակութային ընկերություն, հիմնադրվել է 1974-ին: Հիմնական նպատակն է հայ մշակույթի նվաճումները ներկայացնել Ա-ում: Ընկերության մեջ ընդգրկված են ավստրիացի մտավորականներ, նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: Ընկերությունը ծավալել է ուսումնակրթական գործունեություն, հիմնել հայերենի դասընթացներ (1974—80), կազմակերպել աշակերտների ամառային բանակումներ, հայերեն և գերմաներեն դասախոսություններ, ավսարիահայ բժիշկների հավաք, ամենամյա ուղևորություն Հայաստան (1974-1996): 1970-80-ական թթ. կազմակերպել է մի շարք ցուցահանդեսներ, հայ մշակույթի օրեր: Ընկերության ջանքերով 1994-ին Ա-ի Կլազենֆուրտ քաղաքի շրջակայքում գտնվող «Մինի Մունդուս» («Փոքր աշխարհ») բացօթյա թանգարանում, որտեղ տեղադրված են համաշխարհային ճարտարապետության բազմաթիվ գլուխգործոցների մանրակերտներ, տեղադրվել է Ս. Էջմիածնի Մայր տաճարի մանրակերտը: Ընկերությունը հրատարակում է «ОАК Journal» պարբերաթերթը (գերմաներեն):

«ՏՕՏ Արմենիա» միությունը հիմնվել է 1988-ին՝ Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո: Սկզբում գործել է Հայ ուսանողական ու երիտասարդական միության շրջանակներում, այնուհետև դարձել ինքնուրույն միություն (1994): Միությունը շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել Հայաստանին և Արցախին:

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Վիեննայի Սխիթարյան միաբանության անդամների շուրջ երկու հարյուր տարվա գիտական բեղմնավոր գործունեության շնորհիվ Ա-ի մայրաքաղաքը դարձել է հայագիտության ճանաչված կենտրոններից: 1772-ին, երբ Սխիթարյան միաբանության անդամների միջև անհամաձայնություն է ծագել կանոնադրության փոփոխության կապակցությամբ, միաբանների մի խումբ՝ աբբահայր Աստվածատուր արք. Բաբիկյանի գլխավորությամբ, թողնելով Վենետիկը, 1773-ին հաստատվել է Ա-ի Տրիեստ քաղաքում, 1810-ից՝ Վիեննայում: 1811-ի հունիսի 8-ին ավստրիական կառավարությունը պաշտոնապես ճանաչել է միաբանության գոյությունը: Ժամանակի ընթացքում ստեղծվել է մատենադարան, որտեղ պահվում են շուրջ 2600 հայերեն ձեռագրեր, ավելի քան 120 հզ. գիրք՝ հայերեն և օտար լեզուներով, հայ պարբերական մամուլի ամենահարուստ հավաքածուն: Միաբանությունն ունի նաև թանգարան, որի բազմաթիվ ցուցանմուշներից հատկապես հայտնի են հայկական դրամների, եկեղեցական զգեստների և սպասքի հավաքածուները: 1811-12-ին միաբանությունը հիմնել է տպարան (գործել է մինչև 1999-ը, գրքեր է տպագրել հիսուն լեզուներով) և ծավալել գրահրատարակչական լայն գործունեություն: Մինչև XIX դարի վերջը տպագրվել է շուրջ 500 անուն գիրք:

Միաբանության գիտական գործունեության մեջ նշանակալի դեր են ունեցել լեզվաբան, բանասեր Արսեն Այտընյանը (1825-1902), պատմաբան, լեզվաբան Հովսեփ Գաթըրճյանը (1820-82), բանասեր, լեզվաբան Ղևոնդ Հովնանյանը (1817-97), լեզվաբան, աշխարհագրագետ Պողոս Հովնանյանը (1802-84), լեզվաբան Սերովբե Տերվիշյանը (1846-92), պատմաբան, ձեռագրագետ, բանասեր Ներսես Ակինյանը (1883-1963), բանասեր, լեզվաբան Հակոբոս Տաշ-