Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յանը (1866-1933) և ուրիշներ: Միաբանության անդամները ստեղծել են բազմաթիվ աշխատություններ՝ նվիրված հայ եկեղեցու, հայ ժողովրդի պատմությանը, աղբյուրագիտության, Հայաստանի պատմական աշխարհագրության, լեզվաբանության, բանասիրության հիմնախնդիրներին՝ նշանակալի ավանդ ներդնելով հայագիտության զարգացման մեջ: Միաբանության ճանաչված գիտնականներից ոմանք պաշտոնավարել են Վիեննայի համալսարանում և Արևելյան ակադեմիայում:

Վիեննայի Մխիթարյան միաբանության գիտական գործունեությունը նպաստել է հայագիտության զարգացմանը Եվրոպայում. միաբանության մատենադարանում աշխատել են եվրոպացի բազմաթիվ արևելագետներ-հայագետներ, նրանց ուսումնասիրությունները հրապարակվել են միաբանության պարբերականներում:

2000-ի հուլիսի 10-21-ը Վենետիկի Ս. Ղազար մայրավանքում տեղի է ունեցել Մխիթարյան միաբանության Վենետիկի և Վիեննայի ճյուղավորումների միացյալ ընդհանուր արտակարգ ժողով, որի մասնակից միաբան վարդապետները որոշել են միավորվել՝ ստեղծելով Մխիթարյան միացյալ միաբանություն՝ մեկ կենտրոնական վարչությունով: Մխիթարյան միացյալ միաբանության գլխավոր կենտրոնատեղին Վենետիկի Ս. Ղազար մայրավանքն է, Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը, որն իր հերթին պիտի ունենա տեղական աբբահայր տիտղոսը կրող մեկ վանահայր:

Զույգ միաբանությունների բոլոր կենտրոնները կառավարելու են նորընտիր ընդհանրական աբբահայրը և միացյալ վարչական խորհուրդը:

Հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը ուսումնասիրել են նաև ավստրիացի գիտնականները: Արվեստաբան, ճարտարապետության մասնագետ ժոզեֆ Ստրժիգովսկին (1862-1941) հրատարակել է Թ. Թորամանյանի փաստագրական նյութերի օգտագործումով ստեղծված «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» երկհատոր կոթողային աշխատությունը (1918), որտեղ բարձր է գնահատել հայ հին ճարտարապետության նվաճումները, ցույց տվել դրա ազդեցությունը եվրոպական երկրների ճարտարապետության վրա:

Վիեննայի ազգագրության թանգարանի աշխատակից Էլիզաբեթ Բաուեր-Մաննդորֆը (ծ. 1948), որը հայոց լեզու է ուսումնասիրել Վիեննայի Մխիթարյան միաբանությունում, հրատարակել է «Հայաստան, պատմությունը և մշակույթը» (1975), «Վաղ շրջանի Հայաստանը» (1984) աշխատությունները, հայ արվեստին նվիրված հոդվածներ: Վիեննայի համալսարանի պրոֆեսոր պատմաբան Վոլֆդիտեր Բիլը (ծ. 1937) հեղինակ է մի շարք հոդվածների, որոնք նվիրված են հայ եկեղեցու պատմությանը, Հայկական հարցին: Իրավաբան, Ա-ի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Ֆելիքս Էրմակորան (1923-95) Հայկական հարցին նվիրված մի շարք հոդվածների հեղինակ է: Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածները (1915-16-ին) դիտարկելով միջազգային իրավունքի տեսանկյունից՝ դրանք որակել է որպես ցեղասպանություն: Պատմաբան և վավերագրական կինոնկարների բեմադրող, դ-ր Արտեմ Օհանջանյանը (ծ. 1936) հրատարակելէ «Հայաստան, թաքուն ցեղասպանություն» (1989) մենագրությունը (գերմաներեն), որը թարգմանվել է հայերեն և պարսկերեն: 1989-ին 4 հատորով (1914-18-ին) և 1995-ին 12 հատորով (ֆաքսիմիլե) հրապարակել Ա-ի արխիվների՝ Հայկական հարցին վերաբերող 1872-1936-ի փաստաթղթերը: Դոկտոր Հայկ Էրվին Ազնբաուերը հրատարակել է «Արցախի հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը» (անգլերեն, գերմաներեն) գիրքը:

Առանձնապես նշելի է ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի 1934-ին հրատարակած «Մուսա լեռան քառասուն օրը» հայտնի վեպը՝ նվիրված Մեծ եղեռնի ժամանակ մոաալեռցի հայերի ինքնապաշտպանության հերոսական պայքարին:

ՄՇԱԿՈՒՅԹ

Ավստրիահայ համայնքի առանձին ներկայացուցիչներ աչքի են ընկել նաև մշակույթի բնագավառում: Գեղանկարիչներ հայր և դուստր Մաքսիմիլիան Ֆլորիանը (1901-82) և Հենրիետ Ֆլորիանը (ծ. 1938) մասնակցել են մի շարք միջազգային ցուցահանդեսների:

Երաժշտության ասպարեզում հայտնի են Վիեննայի օպերային թատրոնի մենակատար Սոնա Ղազարյանը, դաշնակահարներ պրոֆ. Ավետիս (Ավո) Գույումջյանը, Սեդա Դանիելը, Սնդիկ Ասատրյանը և ուրիշներ: Հայտնի էր մոդեռն երաժշտության կոմպոզիտոր Ավետիս Ճամբազյանը:

1970-80-ին համայնքում գործել են երգչախմբեր, որոնք ելույթներ են ունեցել Ա-ում և այլ երկրներում: 1980-ական թթ. գործել է Հայ միջազգային ֆիլմարվեստի միությունը (հետագայում դարձավ Ավստրո-հայկական մշակութային ընկերություն): Միության և համայնքի ուժերով նկարահանվել են վավերագրական կինոնկարներ՝ «Հայկական վանքերը Պարսկաստանում», «3000 տարի Հայաստան», «Վիեննական հանդիպումներ» ևն: Դ-ր Արտեմ Օհանջանյանը նկարահանել է Հայաստանին և Արցախին նվիրված մի շարք ֆիլմեր, որոնք ցուցադրվել են Ա-ի և Եվրոպայի հեռուստաալիքներով: