Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կությունը, Հայագիտական ուսմանց հիմնարկությունը, Արգենտինահայ գրողների միությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ա-ի մասնաճյուղը, Հայ ազգային համագումարը և այլ կազմակերպություններ: 2001-ին ստեղծվել է Հայաստան վերադարձողներին աջակցող հանձնախումբ: Հիշատակելի է նաև Դեփորթիվո Արմենիո ֆուտբոլի ակումբը, որը 1970-ից մասնակցում է Ա-ի բարձրագույն լիգայի առաջնությանը: Հրատարակվում է ութ պարբերական, գործում են հայկական ռադիոժամեր:

Ներկայումս Ա-ի ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի զբոսաշրջության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահն է հայազգի միակ պատգամավոր Ալեխանդրո Բալյանը (ընտրվել է իշխող Ռադիկալ քաղաքացիական միություն կուսակցության ցուցակով):

Ա-ում ճանաչված անուն է երկրի զինվորական ակադեմիայի հիմնադիր ու առաջին տնօրեն հայազգի Յանոշ Ցեցը: Հայտնի են նաև պատմաբաններ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Պասկուալ Օհանյանը, Նելիդա Բուլղուրճյանը, Նարսիսո Բինայանը, պրոֆեսոր Ռոբերտո Մալխասյանը, քիմիկոս Կարպիս Դերեբյանը, գեղանկարիչներ Խորխե Դեմիրճյանը, Էդուարդո Մարգարյանը, Սարգիս Աշքյանը, քանդակագործ Ղազարոս Ճիպիլյան-Սիպյանը, լուսանկարիչ Մարտին Քեշիշյանը, երգահաններ Ժան Ալմուխյանը, Ալիսիա Թերզյանը, գրողներ Ֆելիսիա Կույումջյանը և Ագուստին Դավիթյանը, իրավաբան Միգել-Անխել Էքմեքչյանը, պետական դրամահատարանի նախկին նախագահ Արմանդո Կոստանյանը, գործարարներ Գևորգ և Հակոբ Կարագյոգյանները:

2001-ի դեկտեմբերին արգենտինահայ հայտնի գործարար, երկրի 33 օդանավակայանների հիմնական բաժնետեր, «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանի և ՀՀ Կառավարության միջև ստորագրվել է համաձայնագիր, որով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը 30 տարի ժամկետով կառավարման է հանձնվել Է. Էռնեկյանի ընկերությանը:

2000-ի նոյեմբերի 29-ին Բուենոս Այրեսում տեղի է ունեցել արգենտինահայ բարերարներ Էդուարդո Սեֆերյանի և Ադրինե Սեֆերյան-Վարդպարոնյանի նվիրաբերած ՀՀ դեսպանության նոր շենքի բացման արարողությունը: ՀՀ նախագահի հրամանագրերով «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշաններ են շնորհվել բարերարներ Էդուարդո Սեֆերյանին և Արմեն Մեծատուրյանին: Հայաստանում բարեգործական ծրագրեր են իրականացրել նաև Ավետիս Մալքյանը, Էքսերճյան ընտանիքը և ուրիշներ:

Արգենտինահայ համայնքը մեծ հեղինակություն է վայելում երկրում և համարվում է Ա-ի ամենալավ կազմակերպված և ամենահարուստ ազգային փոքրամասնություններից մեկը: 1985-ին Ա-ի խորհրդարանը ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը: 1987-ին ցեղասպանության փաստն ընդունել է Ա-ի նախագահ Ռաուլ Ալֆոնսինը: 1997-ին ՀՀ անկախության 6-րդ տարեդարձի տոնակատարությանը մասնակցել է Ա-ի նախագահ Կառլոս Մենեմը, որն իր ելույթում բարձր է գնահատել հայ համայնքի դերը երկրի կյանքում:

Բուենոս Այրեսում և նրա արվարձաններում ներկայումս (2003) բնակվում է շուրջ 60 հզ. հայ: Համայնքը ձևավորվել է 1909-14-ին: Բուենոս Այրեսում գործում են վեց հայ առաքելական, մեկ կաթոլիկ և երկու ավետարանական եկեղեցիներ: Կա հայկական գերեզմանատուն: Գործում են Ս. Գրիգոր Լուսավորիչ, ՀԲԸՄ Մարի Մանուկյան, Խրիմյան կրթական հաստատությունները, Մխիթարյան, Վիսենտե