Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սում. 1987-ին լրացվել է Դերձակյան երկրորդական վարժարանով: Ունի մանկապարտեզ, նախակրթարան և միջնակարգ բաժիններ: Պատկանում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգաբարձությանը: 1995-ին ուներ 190 աշակերտ:

Արմենիո-Արգենտինա վարժարան, ամենօրյա վարժարան, հիմնվել է 1968-ին, Բուենոս Այրեսում՝ ազգային բարերար Պողոս Արզումանյանի նվիրատվությամբ՝ իբրև երախտագիտության տուրք Ա. հյուրընկալ պետությանը: Պատկանում է Բուենոս Այրեսի քաղաքապետարանին: Ունի նախակրթարան (մինչև 12 տարեկան), գործում է պետական ծրագրով: Տրվում են գիտելիքներ Հայաստանի մասին, ուսուցանվում երգեր ու պարեր: 1995-ին ուներ 500 աշակերտ, բոլորն էլ՝ արգենտինացիներ: Դպրոցում պարբերաբար անցկացվում են միջոցառումներ՝ նվիրված Հայաստանին ու հայությանը: Դպրոցի հովանավորն է «Պողոս Արզումանյան» հիմնարկությունը:

Մարի Մանուկյան կրթական հաստատություն, ամենօրյա միջնակարգ վարժարան, հիմնվել է 1974-ին, Բուենոս Այրեսում՝ ՀԲԸՄ հովանավորությամբ: Ունի մանկապարտեզ, նախակրթարան և միջնակարգ՝ հայկական և արգենտինյան բաժիններ: Հայապահպանության խնդիրներից ելնելով՝ ՀԲԸՄ պարբերաբար կազմակերպում է դպրոցի շրջանավարտների այցելությունը Հայաստան: 1995-ին ուներ 300 աշակերտ:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Արգենտինահայության ազգային կյանքը կազմակերպում են քաղաքական, բարեգործական, հայրենակցական, մշակութային, երիտասարդական-մարզական բազմաթիվ կազմակերպություններ: Ելնելով երկրի օրենսդրությունից, որն արգելում է օտար կուսակցությունների ստեղծումը, հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները հայապահպան գործունեություն են իրականացնում իրենց հովանու տակ գործող մշակութային, մարզական միությունների և պարբերականների միջոցով: Համայնքի կենտրոնական մարմինը Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգաբարձությունն է՝ Հայ կենտրոնը, որը համարվում է նաև (թեև ոչ պաշտոնապես) համայնքի ներկայացուցիչը արգենտինյան իշխանությունների մոտ: Հայ կենտրոնում են կազմակերպվում և իրականացվում համագաղութային բնույթի աշխատանքները:

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Ա-ում ունի երկու մասնաճյուղ. Բուենոս Այրեսում հիմնադրվել է 1911-ին, Կորդովայում՝ 1924-ին: ՀԲԸՄ Ալեք Մանուկյան կենտրոնում գործում են Երիտասարդաց լիգան (Հայ երիտասարդաց ընկերակցության մասնաճյուղը, հիմնվել է 1940-ին), Տիկնանց հանձնախումբը: Կենտրոնին կից 1974-ից գործում է ՀԲԸՄ Մարի Մանուկյան կրթական հաստատությունը: Մասնաճյուղը ներկայումս էլ ծավալում է կրթական, մշակութային, մարզական, բարեսիրական գործունեություն:

Բուենոս Այրեսի մասնաճյուղը հրատարակել է «Լուսաբաց» պարբերաթերթը (1968-70), իսկ Կորդովայինը՝ «Նոր ժամանակ» (1980) և «Հայրենիք իմ» (1990) պարբերաթերթերը:

«Շարժում» մշակութային միություն, հիմնվել է 1912-ին՝ ՍԴՀԿ հովանու ներքո: Հրատարակել է Ա-ում առաջին հայատառ թերթը՝ «Արժենթինյան մամուլ» (1923 24), իսկ 1937-91-ին՝ «Շարժում» շաբաթաթերթը (հայերեն, իսպաներեն): Կից գործել են «Տխրունի» երիտասարդական և «Մարո» տիկնանց միությունները, իսկ 1980-ական թթ. վերջից՝ նաև Հայ մարմնամարզական միության մասնաճյուղը: Զբաղվել է քաղաքական և մշակութային գործունեությամբ, հրատարակել մի շարք գրքեր: Ըստ էության՝ մարմնավորել է Հնչակյան կուսակցության և Նոր սերունդ մշակութային միության առաքելությունները: Ունի սեփական ակումբ: Ներկայումս ակտիվ գործունեություն չի ծավալում:

Հաճընի հայրենակցական միություն, հիմնվել է 1915-ին՝ օգնելու համար եղեռնը վերապրած հաճընցիներին: 1955-ից գործում է սեփական շենքում, որը կոչվում է «Հաճըն տուն»: Զբաղվում է հիմնականում ընկերային ու մշակութային աշխատանքներով: Ամեն տարի ոգեկոչում է Հաճընի 1920-ի հերոսամարտի զոհերին: Օժանդակում է Հայաստանի Նոր Հաճըն ավանի զարգացմանը: Բուենոս Այրեսում է գտնվում նաև Հաճընի հայրենակցական միության կենտրոնական վարչության նստավայրը, որը հրատարակում է «Նոր Հաճըն» եռամսյան (1933-ից):

Այնթապի հայրենակցական միություն, կազմավորվել է 1918-19-ին: 1924-29-ին հիմնվել է Այնթապի երիտասարդաց միությունը, որից հե-