Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խորհրդային սոցիալ. հիգիենայի հիմնադիրներն են Ն. Սեմաշկոն, Ջ. Սոլովյովը և ուր., որոնք, հիմնվելով հիվանդությունների առաջացման և կանխարգելման հարցում սոցիալ. պայմանների առաջատար դերի մասին ուսմունքի վրա, մշակել են խորհրդային առողջապահության տես. հիմքերը և ծրագրել բնակչության առողջության պահպանման ու վերականգնման սոցիալ. միջոցառումներ: Ջրի և ջրամատակարարման հիգիենայի, բնակավայրերի մաքրման հարցերի վերաբերյալ հետազոտությունները (Գ. Խլոպին, Ս. Սիսին և ուր.) ջրամբարների, օդի, հողի սան. պահպանության օրենսդրության համար հիմք են ծառայել, մշակվել են խմելու ջրի, քաղաքների հատակագծման, արդ. ձեռնարկությունների նախագծման սան. նորմերը:

ԽՍՀՄ Բ-յան զարգացման վրա մեծ ազդեցություն են ունեցել ախտաբանների (Ն. Անիչկով, Ա. Աբրիկոսով, Ի. Դավիդովսկի ևն), ֆիզիոլոգների (Ի. Պավլով, Լ. Օրբելի, Պ. Անոխին, Վ. Պարին) աշխատանքները: Ներքին հիվանդությունների կլինիկայի հաջողությունները հիմնվել են ներքին բժշկության հիմնադիրների (Վ. Օբրազցով, Ն. Ստրաժեսկո, Մ. Կոնչալովսկի, Դ. Պլետնև, Գ. Լանգ) հիմնարար աշխատանքների վրա: Այդ գիտնականները հաջողությամբ ուսումնասիրել են կրծքային հեղձուկի և սրտամկանի ինֆարկտի, սրտի ռևմատիկ ախտահարման և արյան շրջանառության խանգարման, խոցային հիվանդության, շաքարախտի, արյան և այլ հիվանդությունների խնդիրները: Սիրտանոթային, շնչառ., մարսող. համակարգերի, երիկամների, արյան հիվանդությունների ուսումնասիրության բնագավառներում մեծ ավանդ ունեն Վ. Վասիլենկոն, Վ. Վինոգրադովը, Ի. Կասիրսկին, Ա. Մյասնիկովը, Ե. Տարեևը, Ե. Չազովը և ուր.: Հատուկ նշանակություն են ձեռք բերել սրտաբանության խնդիրների ուսումնասիրությունները: Մանկաբուժության բնագավառում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առողջ երեխայի հիգիենայի և սննդի, մանկ. օրգանիզմի անատոմիաֆիզիոլոգ. առանձնահատկությունների, ռեակտիվականության, վաղ մանկ. տարիքի հիվանդությունների կլինիկ. ընթացքի և բուժման առանձնահատկությունների ուսումնասիրությանը (Ա. Կիսել, Գ. Սպերանսկի, Ա. Տուր և ուր.):

Հոգեբուժության նշանակալի նվաճումներից է փոքր հոգեբուժության (բնականոնի և ախտաբանականի միջև, սահմանակից հոգեկան խանգարումների ձևերի մասին ուսմունք) մասին Պ. Գաննուշկինի մշակած հայեցակարգը:

Վիրաբուժության զարգացումն ընթացել է տարբեր ուղղություններով: Պատերազմները պայմանավորել են ռազմադաշտային վիրաբուժության ձևավորումը, վնասվածքների աճը՝ վնասվածքաբանության և օրթոպեդիայի զարգացումը: Ս. Պոլենովի, Ն. Բուրդենկոյի աշխատանքները նպաստել են նյարդավիրաբուժության, Ա. Ֆեոդորովի աշխատանքները՝ ուրոլոգիայի զարգացմանը, Ա. Վիշնևսկու դպրոցը ստեղծել է տեղային անզգայացման մասին ուսմունքը: Մշակվել և կատարելագործվել են նարկոզի եղանակները: Պայմաններ են ստեղծվել սրտի և թոքերի վիրաբուժության զարգացման համար. արհեստ. շրջանառության ապարատի ժամանակակից մոդելներն օգտագործվել են մարդու, այսպես կոչված, բաց սրտի վրա կատարվող վիրահատությունների ժամանակ: Նշանակալի հաջողությունները կապված են վիրաբուժության մեջ տեխ. նվաճումների ներդրումների (անդրաձայն, լազեր, կրիոտեխնիկա, ռենտգենախտորոշման սարք, էլեկտրոնիկա և օպտիկա, համակարգիչներ, գերճնշումային թթվածնաբուժություն, հյուսվածքների սառեցում ևն) հետ:

Խորհրդային վիրաբույժները մեծ նվաճումների են հասել օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման, վերակառուցող. և վերականգնող. միջամտությունների բնագավառում (Վ. Ֆիլատով, Վ. Շանով, Ս. Յուդին): Մեթոդ. և գործն. մեծ նշանակություն են ունեցել Վ. Ֆիլատովի մշակած դիակի եղջերաթաղանթի պատվաստման տեխնիկան ու մեթոդը: Դեռևս 1933-ին Յու. Վորոնը կատարել էր դիակի երիկամի պատվաստման 1-ին փորձն աշխարհում, այնուհետև երիկամի պատվաստման 1-ին հաջող վիրահատությունը ԽՍՀՄ-ում կատարել է Բ. Պետրովսկին (1965):

Բ-յան զարգացման համար էական նշանակություն է ունեցել արյունից և օրգանիզմի կենսբ. այլ հեղուկներից թունավոր նյութերի հեռացումը, «արհեստ. երիկամի» ստեղծումն ու ներդրումը հնարավորություն են տվել երիկամային անբավարարության ժամանակ օրգանիզմից հեռացնել թունավոր նյութերը: Ներկայումս մշակվել և գործնականում ներդրվել է արյունակլանման «արհեստական լյարդ» մեթոդը, որի շնորհիվ օրգանիզմը մաքրվում է մի շարք թունավոր նյութերից: Այդ մեթոդի կիրառումը հնարավորություն է տվել սուր թունավորումների, նույնիսկ ամենածանր դեպքերի ժամանակ բավականին նվազեցնել մահացությունը:

ԽՍՀՄ-ում սրտային վիրաբուժության զարգացումը պայմանավորված էր Ա. Բակուլևի, Պ. Կուպրիյանովի, Բ. Պետրովսկու, Ա. Վիշնևսկու, Ե. Մեդալկինի, Վ. Բուրակովսկու և ուր., որովայնի խոռոչի վիրաբուժության զարգացումը՝ Ի. Գրեկովի, Ա. Մարտինովի, Ս. Սպասոկուկուցկու, Ս. Յուդինի և ուր. աշխատանքներով: Կերակրափողի և թոքերի հիվանդությունների բուժման յուրօրինակ մեթոդներ են մշակել և գործնականում ներդրել Վ. Կազանսկին,