Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոփոխությունները կարող են առաջացնել շոկ: Դրա հիմքում ընկած է կենսական կարևոր օրգաններում արյան շրջանառության խանգարումը, որը պայմանավորված է արյան թանձրացման հետևանքով նրա ծավալի նկատմամբ: Վերջինս կապված է արյան շրջանառության վերքային մակերևույթ արյան հեղուկի մասի արտահոսքով: Այրվածքային շոկը կարող է տևել մինչև 48 ժ.: Ավելի ուշ սկսվում է օրգանիզմի ինքնաթունավորում այրված հյուսվածքների քայքայման արգասիքներով, իսկ վերքերի թարախակալման պահից սկսած՝ ախտածին բակտերիաների կենսագործունեության արգասիքներով և թունավոր նյութերով: Թունավորումն ուղեկցվում է մարմնի թուլությամբ, բարձր ջերմաստիճանով, ախորժակի բացակայությամբ, նիհարումով, անքնությամբ, հոգեկան խանգարումներով: Այդ ֆոնի վրա առաջանում են տարբեր բարդություններ, որոնցից ավելի հաճախակի և ծանր են թոքաբորբը, ստամոքսաղիքային համակարգի լորձաթաղանթների խոցային ախտահարումները և արյան վարակումը:

Տարբերում են մակերեսային Ա., որոնք ապաքինվում են ինքնուրույն, և խորը՝ ապաքինման համար անհրաժեշտ է կատարել մարմնի այլ մասից վերցրած սեփական մաշկի փոխպատվաստում: Մակերեսային են մաշկի I, II և III աստիճանի Ա. (նկ. 1-4), որոնց ժամանակ մեռուկանում է մաշկի մակերեսային շերտը, բայց պահպանվում են ծլական շերտը և այսպես կոչված, մաշկի հավելումները, մազային կոճղեզները, քրտնագեղձերը և ճարպագեղձերը, որոնցից ձևավորվում է նոր էպիթել, և այրվածքային վերքն ապաքինվում է: III բ աստիճանի այրվածքի դեպքում մաշկն ախտահարվում է ամբողջ խորությամբ: Այրվածքը IV աստիճանի է, երբ ախտահարվում են ենթամաշկային բջջանքը, մկանները և ոսկրերը (նկ. 5): III բ և IV աստիճանի Ա. խորն են:

Ինքնուրույն սպիանալով՝ կարող են առողջանալ մարմնի մակերևույթի ավելին զբաղեցնող խոր Ա.:

Այրվածքից անմիջապես հետո վնասվածքի խորությունը դժվարանում է որոշել նույնիսկ մասնագետը: I աստիճանի այրվածքի դեպքում մաշկի այրված հատվածները կարմրում են և այտուցվում: II աստիճանի դեպքում մաշկի վրա առաջանում են թափանցիկ, բաց դեղնավուն հեղուկով լցված բշտիկներ, որոնց տակի մաշկը շատ ցավոտ է: III աստիճանի այրվածքի խորությունը պարզվում է 5-7 օրվա ընթացքում: Այրվելուց անմիջապես հետո մաշկը դառնում է բաց մոխրագույն կամ դարչնագույն, շոշափելիս՝ մի քիչ պնդացած: IV աստիճանի այրվածքի դեպքում մաշկի մակերևույթը դարչնագույն է (ածխանալիս՝ սև), պնդացած, առանց ցավի:

Այրված մակերևույթը որոշում են տոկոսներով՝ մարմնի ընդհանուր մակերևույթի նկատմամբ կամ ձեռքի ափի օգնությամբ, որի մակերևույթը կազմում է մարմնի ամբողջ մակերևույթի մոտավորապես 1%-ը: Երեխաների մարմնի մասերի մակերևույթների հարաբերակցությունը տարբերվում է մեծահասակներից՝ գլխի համեմատաբար մեծ մակերևույթի պատճառով (աղյուսակ): Մարմնի մակերևույթի մինչև 10-15% Ա. կոչվում են սահմանափակ, որոնք ճիշտ բուժելիս այրվածքային հիվանդություն չի առաջանում: Սակայն երեխաների և ծերերի մոտ այն կարող է առաջանալ նաև 5-7 %-ի դեպքում:

Կրակով այրվելիս 1-ին օգնությունը ջրով, ծածկոցով, վերարկուով կամ հաստ գործվածքով այն հանգցնելն է: Հաճախ այրվող հագուստը մարդկանց մոտ խուճապ է առաջացնում, նրանք չեն կողմնորոշվում, սկսում են այս ու այն կողմ նետվել կամ փախչել՝ ուժեղացնելով կրակը: Նման դեպքերում շրջապատողները պետք է այրվողին կանգնեցնեն, կրակը մարեն և հանեն այրվող հագուստը: Եռացող հեղուկով կամ քիմ. նյութերով այրվելիս, պետք է արագ հանել տուժածի տվյալ մասի հագուստը:

Ջերմային սահմանափակ այրվածքի դեպքում անհրաժեշտ է՝ անմիջապես այրված մասը սառեցնել ծորակի ջրով, այնուհետև դնել վիրակապ, ցանկալի է մանրէազերծած: Ցավը հանգստացնելու նպատակով կարելի է տալ ցավամոքիչ (անալգին, ամիդոպիրին ևն), որից հետո դիմել բժշկի: Տարածուն այրվածքի դեպքում, վիրակապ դնելուց հետո, տուժածին թեյ խմեցնել, տալ ցավամոքիչ, տաք փաթաթել և արագ հասցնել հիվանդանոց: Եթե տեղափոխումը ձգձգվում է կամ երկար է տևում, ապա տուժածին պետք է տալ հիմնաաղային լուծույթ (1 թեյի գդալ կերակրի աղ և 1/2 թեյի գդալ սոդա՝ լուծված 2 բաժակ ջրում):

Այրվածք ստացած մարդը 1-ին 6 ժ-ում պետք է ժամը մեկ այդ լուծույթից խմի 2 բաժակից ոչ պակաս: Քիմ. նյութերով մաշկը այրվելիս, այն արագ լվանալ առատ ջրով, դնել