Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/556

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարդը կանգնում է սարսափահար, հիասթափություն արտահայտող դեմքով:

Հուզ. Շ-ի 2 դեպքերում էլ առաջանում են վեգետատիվ խանգարումներ՝ սրտխփոց, մաշկի կտրուկ գունատություն կամ կարմրություն, քրտնոտություն, լուծ: Շրջապատողները նման հիվանդին հիվանդանոց հասցնելու համար, առանց բռնության և սպառնալիքի պետք է ձեռնարկեն արտակարգ միջոցներ:

ՇՈՂԱՍՆԿԱԽՏ, ակտինոմիկոզ, վարակիչ հիվանդություն, որը հարուցում Են ճառագայթասնկերը (ակտինոմիցետներ): Ախտահարվում են հիմնականում կենդանիները (առավելապես խոշոր եղջերավոր), հազվադեպ՝ մարդիկ:

Հիվանդության հարուցիչները տարածված են հողում, շատ կենդանիների մարսող. համակարգում, հացազգի բույսերի հասկերում: Գրեթե միշտ լինում են նաև մարդկանց բերանի խոռոչում, աղիքներում, վերին շնչուղիներում, սակայն անվնաս են և ապրում են որպես սապրոֆիտներ: Միայն որոշակի պայմաններում, երբ թուլանում է օրգանիզմի պաշտպան. հակազդեցությունը (սուր շնչառական հիվանդություններ, ալերգ. վիճակներ, հարատամնաբորբի, թոքաբորբի, տուբերկուլոզի հետևանքով առաջացած հյուսվածքների և օրգանների տեղային փոփոխություններ), սնկերը կարող են ձեռք բերել հիվանդածին հատկություններ: Տեղակայվելով դիմադրողականությունը կորցրած հյուսվածքներում՝ դրանք առաջացնում են առանձնահատուկ բորբոքային օջախներ: Շատ հազվադեպ վարակվում են այն ժամանակ, երբ շողասնկերը (ճառագայթասնկեր) շրջակա միջավայրից թափանցում են անմիջապես վնասված մաշկով կամ լորձաթաղանթով (մակերեսային Շ.): Աղիքների կամ թոքերի Շ. կարող է առաջանալ ճառագայթասնկերով վարակված տարեկանի, ցորենի և այլ հացաբույսերի հասկերի քիստերը կուլ տալիս կամ դրանք շնչառ. ուղիներ ընկնելիս: Հիվանդությունը չի փոխանցվում:

Շ. հաճախ առաջանում է ծնոտների և պարանոցի մաշկի վրա, ինչպես նաև որովայնի խոռոչի օրգաններում և թոքերում: Մակերեսային Շ-ի դեպքում մաշկի և լորձաթաղանթի վրա առաջանում են կապտավուն կամ կարմրավուն, շոշափելիս՝ պինդ, քիչ ցավոտ ուռուցքների տեսքով խոշոր բորբոքային օջախներ, որոնց մեջ կան թարախային խոռոչներ: Այդտեղից թարախն արտազատվելիս գոյանում են բազմաթիվ խուղակներ: Որովայնի խոռոչի օրգանների և թոքերի ախտահարումը դրսևորվում է դրանց ֆունկցիաների խանգարումներով: ժամանակին բժշկի չդիմելիս բորբոքային օջախը տարածվում է խորքից դեպի դուրս (օրինակ՝ թոքից կրծքավանդակի պատին)՝ ընդգրկելով մաշկը, և հանգեցնում է խուղակների առաջացման:

Բուժման ժամանակակից մեթոդներով Շ-ով հիվանդները սովորաբար առողջանում են: Որքան շուտ սկսվի բուժումը, այնքան արդյունավետ կլինի: Կանխարգելման նպատակով անհրաժեշտ է ժամանակին բուժել տարբեր բորբոքային (հատկապես՝ բերանի խոռոչի և ատամների) հիվանդությունները:

ՇՈՇԱՓՈՒՄ, մաշկի և որոշ լորձաթաղանթների ընկալիչների օգնությամբ արտաքին միջավայրի ազդակներն ընկալելու հատկություն: Զգայության հիմն. ձևերից է:

Շ. օրգանիզմին հնարավորություն է տալիս որոշել առարկայի առկայությունը, ձևը, չափերը, ջերմաստիճանը, խոնավությունը, մակերևույթի բնույթը (հարթ, խորդուբորդ ևն), օգնում է կողմնորոշվել մթության մեջ: Շ-ման զգացումը ձևավորվում է նյարդային վերջույթներից (ընկալիչներից) գլխուղեղ հաղորդվող ազդանշաններից: Ընկալիչները տեղադրված են հիմնականում մաշկում և խոռոչների լորձաթաղանթում, որոնք անմիջապես հաղորդակցվում են արտաքին միջավայրի (բերանի, քթի, ըմպանի խոռոչներ ևն) հետ: Տարբերում են Շ-մանը մասնակցող ընկալման մի քանի տեսակ՝ ջերմաստիճանային, շոշափական (հպում և ճնշում), ցավային: Յուրաքանչյուր տեսակին համապատասխանում է իր գրգռիչը: Ջերմընկալիչները բաժանվում են 2 խմբի՝ սառը և տաքը ընկալողների: 1-ինները գտնվում են մաշկի մակերեսին մոտ: Դրանք գրեթե 1000 անգամ ավելի շատ են, քան մաշկի ավելի խորը շերտերում տեղադրված ջերմընկալիչները, որոնք ավելի դանդաղ են արձագանքում ջերմաստիճանի փոփոխությանը: Ջերմընկալիչների և սառնության ընկալիչների տարբեր խորության վրա գտնվելով է բացատրվում ցրտի հակասական զգացման առաջացումը, երբ կարճատև հպվում են տաք առարկային: Հպման (շոշափական) ընկալիչները տեղադրված են մաշկի մակերեսի և լորձաթաղանթների վրա, հատկապես շատ են ձեռքերի մատների ծայրերին և շրթունքների վրա: Հպման նկատմամբ զգայուն են մազածածկ մաշկի մազերը, որոնց արմատները պատված են նյարդային հյուսակներով, իսկ մազերը խուզելիս կտրուկ նվազում է մաշկի զգայնությունը: Հպման և ճնշման զգացումները սովորաբար շատ ճիշտ են տեղակայվում: Դա մշակվում է այլ զգայարանների, հիմնականում տեսողության և մկանային զգացողության հսկողությամբ: Ցավային զգացումն առաջանում է չափազանց ուժեղ գրգռիչների ազդեցությունից: Դրանք ահազանգում են օրգանիզմին սպառնացոդ վտանգի մասին և առաջացնում գրգռիչի վերացմանն ուղղված պաշտպան. հակազդեցություններ:

Մարդու և հատկապես երեխայի Շ-ման զգացումն առավել ուժեղ է բերանի շուրջը և շրթունքների լորձաթաղանթի վրա: Տարիքի, աշխատանքային գործունեության հետ կապված՝ այն զգալիորեն ուժեղանում է ձեռքերի մատների ծայրերին, մարդն ընդունակ է դառնում շոշափելով ընկալել առարկաների որակը: Կույրերի համար Շ. կարևոր նշանակություն ունի շրջակա աշխարհը ճանաչելու համար: Շ-ման միջոցով նրանք կարող են նուրբ և բարդ աշխատանք կատարել: Շ. բարձր զարգացածության է հասնում կույր և խուլ մարդկանց մոտ: Այդպիսի անձանց խոսել, գրել, աշխատանքային հմտություններ սովորեցնելը հիմնված է նրանց Շ-ման զգացումը կատարելագործելու վրա:

Խանգարումներն արտահայտվում Են Շ-ման լրիվ կամ մասնակի կորստով, որը կապված է կենտր. նյարդային համակարգի ախտահարման հետ: Հաճախ բարձրանում է մաշկի որոշակի հատվածների զգայնությունը հպման նկատմամբ: Դա կարող է նաև մի շարք ներքին օրգանների հիվանդությունների հետևանք լինել: Նման կապի առկայությունն օգնում է բժիշկներին ճիշտ ախտորոշել և բուժել այդ հիվանդությունները՝ ազդելով մաշկի զգայուն հատվածների վրա մակերեսային մերսման և ասեղնաբուժության միջոցով:

Կենդանիների մեծամասնության մոտ Շ. ավելի ուժեղ է զարգացած, քան մարդունը, և նրանք իրենց վարքագծում հիմնականում հիմնվում են այդ զգացման վրա: Սարդն իմանում է, որ ոստայնի մեջ ճանճ է ընկել՝ ընկալելով վերջինիս շարժումների հետևանքով առաջացած թրթռումը: Ջրի խորքերում ապրող ծովային և գետնի տակ բնակվող կենդանիները թշնամու կամ որսի մոտենալն զգում են գերզգայուն երկար բեղիկների, շոշափուկների և այլ օրգանների միջոցով:

ՇՊՐԻՑ-ՏՅՈՒԲԻԿ. տես Ներարկիչ-պարկուճ:

ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ, անհետաձգելի բուժօգնություն ցույց տվող և հիվանդներին (տուժածներին) բուժկանխարգելիչ հիմնարկներ փոխադրող ծառայություն (ՀՀ առողջապ-յան համակարգում):