Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բաժնեչափման U ճառագայթաչափման սարքերով: Ա. իրականացնող անձինք պետք է օգտվեն պաշտպան. միջոցներից, պարբերաբար կատարեն բաժնեչափական հսկողություն, վերջում՝ անցնեն սան. մշակում: Տես նաև Բնակչության պաշտպանությունը զանգվածային ոչնչացման զենքից:

ԱՊԱՃՆՇՈՒՄԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, դեկոմպրեսիոն հիվանդություններ, առավել հաճախ առաջանում են ջրասույզների (խորջրյա սուզումների ժամանակ), օդաչուների, կեսոններում աշխատողների (կեսոնային հիվանդություն) օրգանիզմում՝ բարձր ճնշման վայրից շատ արագ ցածր ճնշման գոտի անցնելիս (դեկոմպրեսիա): Բարձր ճնշման գոտում արյունը և հյուսվածքները հագենում են ազոտով կամ հելիումով, որը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև շնչած օդում այդ գազերի ճնշումը հավասարվում է հյուսվածքներում եղած դրանց ճնշմանը: Սովորաբար դա տևում է մի քանի ժ, ընդ որում՝ հյուսվածքներն ազոտով կամ հելիումով հագենում են տարբեր արագությամբ: Օրինակ՝ արյունն ավելի արագ է հագենում, քան ճարպային հյուսվածքը, բայց վերջինս 5 անգամ ավելի շատ է ազոտ լուծում, քան արյունը և մյուս հյուսվածքները: Հյուսվածքների հագեցումն ազոտով մինչև 4 մթն. ճնշման դեպքում (բարձր ճնշում ստեղծելու կանոնները պահպանելով) օրգանիզմի վրա վնասակար ներգործություն չի ունենում: Սակայն բարձր ճնշման վայրից ցածր ճնշման գոտի շատ արագ անցնելիս լուծված ավելցուկային ազոտը չի հասցնում թոքերի միջոցով արտազատվել, որի հետևանքով արյան և հյուսվածքների գազերը լուծված վիճակից անցնում են գազանման վիճակի՝ առաջացնելով պղպջակներ:

Ա.h-ի անմիջական պատճառն արյունատար անոթների խցանումն է գազային պղպջակներով կամ վերջիններիս կողմից մոտակա հյուսվածքների ճնշումը: Էական նշանակություն ունեն նաև ուղեկցող գործոնները, ծանր ֆիզ. աշխատանքը, օրգանիզմի սառեցումը, վնասվածքները ևն: Հիվանդության ախտանշանները հիմնականում ի հայտ են գալիս բարձր ճնշման գոտուց դուրս գալու 1-ին ժամվա ընթացքում, բայց հաճախ՝ նաև ավելի ուշ: Հիվանդությունն արտահայտվում է մաշկի քորով, հոդերի ու մկանների ցավերով: Ամենածանր կլինիկ. ախտանշաններն առաջանում են գլխուղեղի, թոքերի և կենսական կարևոր մյուս օրգանների արյունատար անոթները գազային պղպջակներով խցանվելիս:

Գլխուղեղի անոթներն ախտահարվելիս նկատվում են գլխապտույտ, շշմածություն, փսխում, թուլություն, ուշագնացություն, երբեմն՝ կիսալուծանքներ և լուծանքներ, թոքերի անոթներն ախտահարվելիս՝ կրծքային ցավեր, ուժեղ հազ:

Կանխարգելումը. բարձր ճնշումից ցածրին անցնելիս ճիշտ ռեժիմի պահպանում: Բուժման առավել արդյունավետ մեթոդը ճնշման բարձրացումն է՝ հետագա դանդաղ իջեցումով (ռեկոմպրեսիա):

ԱՊԱՍՏԱՐԱՆ, տես Բնակչության պաշտպանությունը զանգվածային ոչընչացման զենքից հոդվածում:

ԱՊԵՆԴԻՑԻՏ, տես Որդանման ելունի բորբոքում:

ԱՊՈՊԼԵՔՍԻԱ, տես Կաթված:

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ, դժբախտ պատահարների, վնասվածքների, հանկարծահաս հիվանդությունների ժամանակ մարդու կյանքը փրկելու և բարդությունները կանխելու նպատակով ցուցաբերվող պարզագույն, անհապաղ և նպատակահարմար օգնության միջոցառումներ: Կատարվում է մինչև բուժաշխատողների ժամանելը և հիվանդին (տուժածին) բուժհիմնարկ հասցնելը: Երբ դրանք կիրառում է ինքը՝ հիվանդը (տուժածը), անվանվում է ինքնաօգնություն, օրինակ՝ վնասվածքների ժամանակ ինքնուրույն վիրակապ դնելը, ստամոքսի լվացումը փսխում առաջացնող շարժումների միջոցով: Փոխօգնությունը ցուցաբերում են ուրիշ մարդիկ և, որպես կանոն, այն ավելի ծավալուն է:

Անհապաղ Ա.օ. հատկապես անհրաժեշտ է սուր սկսվող, կյանքին վտանգ սպառնացող վիճակների (օրինակ՝ կոմա, արյունահոսություն, թունավորումներ, ջրահեղձություն, շոկ, էլեկտրավնասվածք ևն) ժամանակ: Հաճախ Ա.օ-յան ճիշտ ցուցաբերումով է պայմանավորվում հետագա բուժօգնության հաջողությունը: Օրինակ՝ ոսկրերի բաց կոտրվածքների ժամանակ վիրակապի և բեկակալի արագ ու ճիշտ դնելը հաճախ կանխում է վտանգավոր բարդությունները (շոկ, վարակ ևն), գիտակցությունը կորցրած հիվանդին գլուխը կողքի թեքած որովայնի վրա պառկեցնելը խանգարում է փսխման զանգվածներն ու արյունը շնչափող ու բրոնխներ ընկնելուն և կանխում շնչարգելությունից մահվան վտանգը: Ա.օ. ընդգրկում է միջոցառումների 3 խումբ. 1. արտաքին վնասակար գործոնի ազդեցության անհապաղ ընդհատում (էլեկտր. հոսանք, ծանրությամբ ճնշում) կամ անբարենպաստ պայմաններից տուժածի հեռացում (ջրից, տաք շինությունից դուրս բերելը ևն): 2. Վնասվածքի բնույթից կախված՝ Ա.օ-յան միջոցառումների մասին տես Հոդախախտում, Կոտրվածքներ, Թունավորումներ, Ուշագնացություն, Վերքեր, Այրվածքներ, Ցրտահարություն հոդվածներում: 3. Անհետաձգելի բժշկ. օգնության կազմակերպման համար դիմել մոտակա հիվանդանոց, պոլիկլինիկա, բուժակամանկաբարձ. կետ, դեղատուն, քանի որ Ա.օ. կարող է ցույց տալ այդ հիմնարկների ցանկացած աշխատող:

Արդ-յան այն ճյուղերում (անտառամթերում, ձկնարդյունագործություն), որտեղ մարդկանց մեծ խմբերը բժշկ. հիմնարկներից բավականին հեռու են, բժշկ.