Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առջևի ատամների ձևի վերականգնման, պսակի կոտրվելու կամ ատամի քայքայվելու (ոսկրափուտի հետևանքով) դեպքերում (տես Ատամների ոսկրափուտ)։ Արհեստ. պսակները պատրաստում են ոսկուց, տարբեր համաձուլվածքներից, պլաստմասսայից, ճենապակուց կամ համակցում են (մետաղը երեսպատում են պլաստմասսայով կամ ճենապակով): Եթե պսակն ամբողջությամբ քայքայված է, իսկ արմատը ենթակա է բուժման, ապա առջևի ատամներին կարելի է գամատամ դնել, որն ամրացվում է ատամի արմատային մասին: Կամրջակային պրոթեզներ սովորաբար խորհուրդ են տրվում 1-4 ատամների բացակայության դեպքում: Դրանք բաղկացած են հենարանային ատամներին ամրացվող պսակից և մետաղաձույլ միջանկյալ մասից, իսկ անհրաժեշտության դեպքում արտաքին մակերևույթը պատում են պլաստմասսայով կամ ճենապակով: Կամրջակային Ա.պ. կարելի է դնել միայն չվնասված կամ լավ բուժված ատամներին:

Հանովի (թիթեղավոր) Ա.պ. բաղկացած են լնդին կամ կարծր քիմքին հենված հենարանային թիթեղից, որին ամրանում են արհեստ. ատամները: Այդ պրոթեզները խորհուրդ են տրվում շատ ատամներ կորցնելու և առողջ հենարանային ատամների բացակայության դեպքերում: Հանովի պրոթեզները լինում են մասնակի և լրիվ (փոխարինում են ամբողջ ատամնաշարին): Շատ ատամների բացակայության և առողջ հենարանային ատամների առկայության դեպքերում հարմար են աղեղնային Ա.պ., երբ հենարանային թիթեղին փոխարինում է մետաղե աղեղը: Ատամների լրիվ բացակայության դեպքում բերանի խոռոչում պրոթեզի հենարանային թիթեղը, լորձաթաղանթի մակերևույթին հենվելով, ռելիեֆով համընկնում է նրան և թքով թրջվելով՝ կպչում է լորձաթաղանթին:

Մինչև պրոթեզավորելը պետք է անպայման բուժել բերանի խոռոչը (բուժել ոսկրափուտով ատամները, հեռացնել շատ քայքայվածները և ատամների նստվածքները), հետազոտել հենարանային ատամների շուրջարմատային հյուսվածքների վիճակը ևն: Ա.պ-ի կառուցվածքը որոշում է ստոմատոլոգը: Ա.պ-ին աստիճանաբար են հարմարվում: Սկզբում խոսքը պարզ չի լինում, սնունդը դժվար է ծամվում, թուլանում է համի զգացողությունը, երբեմն սրտխառնոց է լինում (հատկապես վերին ծնոտի լրիվ հանովի պրոթեզների դեպքում): Այդ երևույթները որոշ ժամանակ անց վերանում են: Եթե պրոթեզը վնասում է լորձաթաղանթը, ապա անպայման պետք է դիմել բժշկի: Պրոթեզավորելուց հետո մի քանի օր պետք է փափուկ սնունդ օգտագործել: Ուտելուց հետո, ինչպես նաև գիշերը, հանովի պրոթեզը պետք է ջրով ողողել, պրոթեզի թաղանթը և ատամները մաքրել խոզանակով, օճառով կամ ատամի մածուկով: Լորձաթաղանթին հարող մակերևույթը սննդի մնացորդից լավ է մաքրվում թաց բամբակով կամ թանզիֆով: Որպեսզի Ա.պ. չձևափոխվեն, պետք է խուսափել դրանք տաք ջրով մաքրելուց: 12 տարի օգտագործելուց հետո, ատամների ոչ ճիշտ կցման, Ա.պ-ի վատ ամրացման, թույլ ատամնակծվածքի դեպքերում պետք է նորից պրոթեզավորել:

ԱՏՈՄԱՅԻՆ ԶԵՆՔ, տես Բնակչության պաշտպանությունը զանգվածային ոչնչացման զենքից հոդվածում:

ԱՐԱԽՆՈԻԴԻՏ, տես Ոստայնաբորբ:

ԱՐԳԱՆԴ, կենտ խոռոչավոր մկանային իգական սեռ. ներքին օրգան: Հասուն Ա-ի երկար. 67,5 սմ է: Գտնվում է փոքր կոնքի խոռոչում՝ միզապարկից հետ, ուղիղ աղիքից առաջ: Հղիության ժամանակ Ա-ում զարգանում է պտուղը: Ա. տանձաձև է, վերին հատվածը հատակն է, մարմնի խոռոչի կտրվածքը եռանկյունաձև է, որի վերին անկյուններում բացվում են արգանդափողերը, ներքևում՝ արգանդի վզիկի խողովակի ներքին բացվածքը: Ա-ի պատը կազմված է 3 շերտից՝ լորձաթաղանթ՝ ներարգանդենի (էնդոմետրիում), մկանային՝ արգանդամկան (միոմետրիում) և շճային՝ արգանդամիզ (պերիմետրիում): Հղիության ժամանակ Ա-ի մեծությունը և ձևը փոփոխվում են մկանաթելիկների քանակի և մեծության փոփոխման շնորհիվ: Ծննդաբերությունից հետո Ա. աստիճանաբար փոքրանում է՝ համարյա հասնելով նախկին չափերին: Տարեցների, հատկապես դաշտանադադարից հետո, Ա-ի չափերը փոքրանում են: Ա-ի լորձաթաղանթը փոփոխվում է դաշտանային փուլին համապատասխան և անցնում է իրար հաջորդող 3 փուլ (տես Դաշտանային ցիկլ): Փուլային փոփոխությունների ռիթմն Ա-ում կարգավորվում է կենտր. նյարդային համակարգի, ձվարանների և հիպոֆիզի առաջային բլթի արտադրած հորմոնների փոխգործողությամբ (տես Ներզատիչ համակարգ):

Կոնքում Ա. ամրացած է որովայնամզի, կապանների, փակեղների և կոնքի հատակի մկանների օգնությամբ: Որովայնամիզը, Ա-ի առաջային և հետին մակերևույթները ծածկելով, աջ և ձախ եզրերից ձգվում է մինչև կոնքի կողմնային պատը և կազմում Ա-ի լայն կապանը, որի 2 թերթիկների միջև գտնվում են Ա-ի կլոր կապանները, արյունատար անոթները և արգանդափողերը: Ա-ի վզիկը բաժանվում է հետևյալ հատվածների. հեշտոցային, որը դուրս է ցցված հեշտոցի լուսանցքում և հայելու օգնությամբ մատչելի է գինեկոլոգի զննման համար, և վերհեշտոցային՝ որն անմատչելի է: Վզիկի խողովակը հովհարաձև է, ներքին մակերևույթը ծածկված է բազմաթիվ ծալքեր ունեցող լորձաթաղանթով: Վզիկի լորձաթաղանթն արտազատում է հիմնային ռեակցիայով լորձային արտազատուկ, որն օժտված է բակտերիասպան հատկություններով և կանխում է վարակի թափանցումը հեշտոցից Ա.: Արտազատուկի հիմնային ռեակցիան որոշակի նշանակություն ունի բեղմնավորման ժամանակ, քանի որ ակտիվացնում է սերմնաբջիջների շարժումները: Ա-ի վզիկի կողքերին և հեշտոցի վերին հատվածում տեղադրված են ճարպաբջջանքի կուտակումներ՝ հարարգանդային բջջանք (պարամետրիում): Բնականոն պայմաններում Ա. գտնվում է կոնքի կենտրոնում: Միզապարկը դատարկվելիս հատակը և մարմինը թեքված են առաջ, առաջային մակերևույթը նայում է առաջ և ներքև, այդ դեպքում Ա-ի մարմինը վզիկի հետ գոյացնում է դեպի առաջ բացված անկյուն՝ առաջծալում: Ա-ի դիրքը կոնքում փոխվում է հղիության ժամանակ, միզապարկը և ուղիղ աղիքը լցվելիս, ինչպես նաև ֆիզիոլոգ. այլ պայմաններում:

ԱՐԳԱՆԴԱՅԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ, գինեկոլոգ. որոշ հիվանդությունների (արգանդի հավելումների քրոնիկ բորբոքում, արգանդի ուռուցքներ ևն), հղիության ընդհատման (սկսված վիժում), ինչպես նաև արյան մակարդելիության խանգարումներով ուղեկցվող