շրջակա միջավայրի անբարենպաստ պայմանները ևն:
Բ.ն.գ-յան ախտաբան. վիճակի (օրինակ՝ նյարդային գործընթացների գերլարման հետևանքով առաջացած) վերացման համար անհրաժեշտ են հանգիստ, իրադրության փոփոխություն, այլ հետաքրքրություններ, աշխատանքի և հանգստի ճիշտ ռեժիմի պահպանում ևն: Բ.ն.գ-յան խանգարումները կանխելուն օգնում են նյարդային համակարգի մշտ. մարզումները՝ զուգակցված օրգանիզմի ֆիզ. կոփման ու ընդհանուր ամրապնդող միջոցառումների հետ:
ԲԱՐՁՈՒՆՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, տես Լեռնային հիվանդություն:
ԲԱՐՈԹԵՐԱՊԻԱ, տես Ճնշաբուժություն:
ԲԱՑԻԼՆԵՐ, տես Բակտերիաներ հոդվածում:
ԲԵԿԱԿԱԼՆԵՐ, տես Անշարժացում հոդվածում:
ԲԵՐԱՆ, տես Բերանի խոռոչ:
ԲԵՐԱՆԱԲՈՐԲ, ստոմատիտ, բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքում: Կարող է առաջանալ որպես ինքնուրույն հիվանդություն կամ լինել այլ հիվանդությունների (կարմրուկ, քութեշ, գրիպ, կանդիդոզ ևն) ախտանշան: Միայն լեզվի վրա առաջացած բորբոքումը կոչվում է լեզվաբորբ (գլոսիտ), լնդերինը՝ լնդաբորբ (գինգիվիտ): Բ-ին նպաստում են ներքին օրգանների, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդությունների սրացումները, սննդի մեջ վիտամինների անբավարարությունը, նյութափոխանակության, ներզատիչ գեղձերի ֆունկցիայի խանգարումները: Ծխելը, թունդ սպիրտային խմիչքների օգտագործումը, շատ տաք կամ սառը, չափից ավելի թթու և աղի սննդի ընդունումը նույնպես կարող են Բ-ի պատճառ լինել: Վերջինս երբեմն առաջանում է որոշ դեղանյութերի նկատմամբ օրգանիզմի բարձր զգայնության (հատկապես ինքնաբուժման դեպքում), սեռ. հասունացման շրջանում, իմաստության ատամի դժվար ծկթման ժամանակ (տես Ատամներ): Կան Բ-ի տարբեր ձևեր, որոնք բոլորն էլ ունեն ընդհանուր ախտանշաններ՝ բերանի խոռոչի լորձաթաղանթի կարմրություն, մոտակա հյուսվածքների այտուց, ցավ, ենթածնոտային ավշահանգույցների մեծացում: Բ. կարող է ընթանալ սուր ձևով, երբ լորձաթաղանթը բորբոքվում է արագ, լինում է խիստ ցավոտ, իսկ քրոնիկ. ձևի դեպքում հիվանդությունը երկարատև է, թույլ արտահայտված ցավերով:
Լորձենաբորբային (կատառային) Բ-ին բնորոշ է բերանի խոռոչի լորձաթաղանթի վառ կարմրությունը, հաճախ այտուցվածությունը, առատ թքարտադրությունը, ցավոտությունը (հատկապես սնունդ ընդունելիս): Նշված երևույթները հաճախ նկատվում են անգինայի, գրիպի և այլ վարակիչ հիվանդությունների դեպքում:
Խոցամեռուկային Բ. սովորաբար սկսվում է լնդերի վրա խոցերի առաջացմամբ, որոնք պատվում են մոխրագույն փառով: Խոցերը տարածվում են բերանի խոռոչի լորձաթաղանթի մյուս հատվածների, երբեմն՝ լեզվի վրա: Առավել հաճախ հիվանդանում են պատանեկան, երբեմն՝ հասուն տարիքում: Հիվանդությունն ընթանում է ջերմաստիճանի բարձրացումով, նկատվում է դող, ընդհանուր թուլություն, բերանի տհաճ հոտ, ենթածնոտային ավշահանգույցների մեծացում: Սննդի ընդունումը դժվարանում է:
Աֆթոզ Բ. առաջանում է որպես ինքնուրույն հիվանդություն, սակայն հաճախ կապված է լինում մարսողության օրգանների հիվանդությունների հետ: Սկզբում նկատվում է ընդհանուր թուլություն, այնուհետև բերանի խոռոչում առաջանում են մակերեսային խոցոտումների ոչ մեծ, կլորավուն, դեղին փառով պատված օջախներ՝ աֆթեր, որոնք շրջապատված են լինում կարմիր երիզով և հաճախ շատ ցավոտ են: Աֆթոզ Բ-ի սուր ձևով հաճախ հիվանդանում են երեխաները (1-3 տարեկան): Այն ունենում է քրոնիկ. ընթացք՝ պարբերական սրացումներով, առաջանում են փոքրաթիվ և քիչ ցավոտ նոր աֆթեր: Քրոնիկ. ձևը հաճախ կապված է ստամոքսաղիքային համակարգի (ստամոքսաբորբ, հաստ աղիքների բորբոքում ևն), լյարդի և այլ հիվանդությունների հետ:
Դեղորայքային Բ. առաջանում է որոշ դեղանյութերի (հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդային, յոդի, բրոմի պատրաստուկներ) ընդունումից: Հիվանդության դրսևորումները խիստ բազմազան են: Միևնույն դեղանյութը տարբեր մարդկանց օրգանիզմում կարող է առաջացնել Բ-ի տարբեր ձևեր, առավել հաճախ՝ լորձենաբորբային: Որոշ քիմ. նյութերի հետ շփվելիս նույնպես առաջանում է Բ., որը նման է դեղորայքային ձևին:
Կանդիդոզային Բ. կարող է առաջանալ հակաբիոտիկների ոչ ճիշտ օգտագործման դեպքում, ինչպես նաև ծանր հիվանդ տարեցների և խիստ թուլացած, հատկապես անհաս կրծքի երեխաների մոտ: Դրսևորվում է լորձաթաղանթի տարբեր հատվածների վրա սպիտակ թաղանթային փառի առաջացմամբ (տես Կանդիդոզ):
Վնասվածքային Բ. առաջանում է լորձաթաղանթը կտրող կամ ծակող առարկաներով, քայքայված ատամներով, ոչ սարքին պրոթեզներով վնասվելիս: Uռավել հաճախ ախտահարվում են լնդերը և լեզուն: Վնասվածքի հատվածը խոցոտվում է: Վնասվածքային Բ-ի ձևերից է Բեդնարի կամ նորածինների աֆթերը, որի դեպքում նորածին և կրծքի երեխաների քիմքի միջին մասի լորձաթաղանթի վրա (տես Բերանի խոռոչ) գոյանում են ոչ մեծ, կլորավուն խոցոտումներ: Դրանց պատճառը նորածնի բերանի խոռոչն անզգույշ մաքրելը կամ երեխային շշով կերակրելիս կոպիտ և երկար ռետինե ծծակով լորձաթաղանթը վնասելն է: Ժամանակին չբուժելու դեպքում առանձին խոցերը կարող են ձուլվել և առաջացնել թիթեռանման վերքային մակերես, որը հաճախ պատվում է դեղնավուն փառով: Արհեստ. կերակրման դեպքում պետք է հետևել, որ ծծակը լինի կարճ և հարթ մակերեսով (տես Կրծքի երեխա):
Լնդաբորբը, Բ-ին բնորոշ ընդհանուր պատճառներից բացի, կարող է առաջանալ նաև ատամի քարի գոյացման, անհաջող դրված ատամի պլոմբի, պրոթեզի ճնշման հետևանքով կամ կոպիտ խոզանակով լնդերը գրգռելիս: Լնդաբորբը միշտ նկատվում է հարատամնաբորբի և ատամնակծվածքի զգալի խանգարումների, ինչպես նաև լնդախտի (տես Վիտամինային անբավարարություն) դեպքերում: Բորբոքումը կարող է սահմանափակվել 2-3 ատամների հատվածում կամ տարածվել ամբողջ լնդերի վրա: Հիվանդությունը մեծ մասամբ սկսվում է միջատամնային լնդային պտկիկների ուռածությամբ, ցավոտությամբ և արյունահոսությամբ, կարող է առաջանալ լնդերի քոր (լորձենաբորբային լնդաբորբ): Օրգանիզմի պաշտպան. ուժերի նվազման, ծանր ընդհանուր հիվանդությունների դեպքում լնդաբորբն ունենում է խիստ ծանր ընթացք, ատամների շուրջ լնդերի վրա առաջանում են խոցեր, լնդերն ուժեղ այտուցվում են, թեթևակի հպումից արյունահոսում, բերանից տհաճ հոտ է գալիս: Սովորաբար հիվանդության այս ձևն առաջանում է սննդի մեջ վիտամին C-ի կտրուկ նվազման դեպքում (լնդախտային լնդաբորբ), ընդ որում՝ ատամներն սկսում են շարժվել:
Լեզվաբորբը հաճախ լինում է մակերեսային՝ բորբոքվում է միայն լեզվի լորձաթաղանթը: Սակայն լեզվի խոր վնասվածքներից մկանի հաստության մեջ կարող է առաջանալ թարախային