Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բորբոքում, որն ուղեկցվում է լեզվի այտուցով, կլման խանգարումով, ջերմաստիճանի բարձրացումով: Երբեմն գոյանում է թարախակույտ:

Բ-ի բոլոր ձևերի բուժումը երբեմն պահանջում է մեծ համառություն: Հաճախ անհրաժեշտ է լինում կատարել ընդհանուր հետազոտություն՝ հայտնաբերելու բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքմանը նպաստող ներքին օրգանների հիվանդությունները: Ուստի կարևոր է ժամանակին դիմել ստոմատոլոգին և կատարել նրա նշանակումները: Ինքնուրույն բուժումը կարող է բարդություններ առաջացնել, չպետք է օգտագործել հակաբիոտիկներ կամ այրող միջոցներ: Անհրաժեշտ է դադարեցնել ծխելը, չօգտագործել կծու, թթու, աղի և տաք սնունդ, ալկոհոլային խմիչք: Սնունդը պետք է լինի վիտամիններով հարուստ, փափուկ, չգրգռող: Բերանի խոռոչի լորձաթաղանթի ցավը մեղմելու համար բժշկի խորհրդով բերանը կարելի է ողողել ջրածնի գերօքսիդի (1 թեյի գդալը՝ 0,5 բաժակ ջրում), ֆուրացիլինի (1 հաբը՝ 1 բաժակ ջրում), կալիումի գերմանգանատի վարդագույն լուծույթներով, երիցուկի կամ եղեսպակի գոլ եփուկով: Կարելի է օգտագործել «սպիտակուցային լոգնոց» (1 ձվի սպիտակուցը խառնել 0,5 բաժակ ջրում և այդ հեղուկը որոշ ժամանակ պահել բերանում):


Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների կանխարգելման համար մեծ նշանակություն ունի ատամների ճիշտ խնամքը, ատամի քարը հեռացնելը, պետք է փոխել անհաջող ատամների պրոթեզները, ժամանակին բուժել ատամների ոսկրափուտը, հեռացնել քայքայված ատամները, որոնք վարակի օջախ են: Հատկապես կարևոր է շաքարախտով, սիրտանոթային հիվանդություններով տառապողների, ինչպես նաև երեխաների, դեռահասների և հղի կանանց բերանի խոռոչի առողջացումը:

ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉ, մարսողական համակարգի սկզբն. բաժին, որտեղ տեղի է ունենում սննդի մեխ. և սկսվում առաջնային քիմ. մշակումը: Բերանի բացվածքը սահմանափակում են վերին և ստորին շրթունքները, որոնց հաստության մեջ տեղադրված է բերանի բոլորաձև մկանը: Վերջինիս կծկումների շնորհիվ բացվածքը փակվում և բացվում է: Շրթունքների կարմիր երիզը վերածվում է Բ.խ-ի լորձաթաղանթի:

Բ.խ. կազմված է նախադռնից և բուն խոռոչից: Նախադուռը ճեղքանման տարածություն է՝ տեղադրված այտերի ու շրթունքների միջև՝ դրսից, և ատամների ու լնդերի միջև՝ ներսից: Բուն խոռոչը տարածվում է ատամներից մինչև ըմպանի մուտքը: Վերևից այդ խոռոչը սահմանափակվում է քիմքով, որը կազմված է 2 մասից. առաջայինը կազմավորված է վերին ծնոտի և քմոսկրի ելուստներով և կոչվում է կարծր քիմք, իսկ հետինը՝ փափուկ քիմքը՝ մկաններով և պինդ թելքավոր (ֆիբրոզ) հյուսվածքով: Քիմքն ամբողջությամբ պատված է լորձաթաղանթով: Փափուկ քիմքի հետին Եզրն ազատ կախված է դեպի ցած և միջին մասում ունի ցցվածք՝ լեզվակ: Քիմքը Բ.խ. բաժանում է քթի խոռոչից (տես Քիթ, քթի հավելյալ ծոցեր, Ըմպան): Կողքերից փափուկ քիմքը վերածվում է աղեղների, որոնցից առաջայինն անցնում է դեպի լեզվի կողմնային մակերևույթը, իսկ հետինը շարունակվում է ըմպանի կողմնային մակերևույթով: Աղեղների միջև՝ 2 կողմում, գտնվում են քմային նշագեղձերը: Կողքերից Բ.խ. սահմանափակված է այտերի ներսային մակերևույթով, որտեղ աջ և ձախ կողմերում գտնվում են ոչ մեծ պտկիկներ, որոնց վրա էլ բացվում են հարականջային թքագեղձերի արտատար ծորանները:

Բ.խ-ի հատակը (կամ բերանի ստոծանին) կազմված է մկաններից, որոնք մասնակցում են ստորին ծնոտի շարժումներին: Հատակում գտնվում է լեզուն, որը մկանային օրգան է՝ պատված լորձաթաղանթով: Լեզվի թիկնային հատվածի լորձաթաղանթն առաջացնում է տարբեր ձևի ցցվածքներ կամ լեզվի պտկիկներ, որոնց մեջ տեղադրված են հատուկ գոյացություններ՝ համային կոճղեզները (համի օրգանները): Լեզվի շարժումները կարևոր են ծամելու և խոսելու համար: Լեզվի տակ՝ առջևի ստորին ատամների հետևում գտնվող պտկիկների վրա, բացվում են ենթածնոտային և ենթալեզվային թքագեղձերի ծորանները:

Բ.խ-ում գտնվում են 2 շարք ատամներ՝ վերին և ստորին: Հասուն մարդն ունի 32 ատամ: Ամբողջ խոռոչը պատված է լորձաթաղանթով, որը ծնոտների ատամնաբնային ելուստների հատվածում կոչվում է լինդ: Բ.խ-ի լորձաթաղանթի վրա են բացվում մանր և խոշոր թքագեղձերի արտատար ծորանները, որոնց արտազատուկը մտնում է մշտապես Բ.խ. ողողող թքի բաղադրության մեջ: Բ.խ-ի լորձաթաղանթի ցավային և ջերմաստիճանային զգացողությունը զգալիորեն ցածր է, քան մաշկինը: Այսպես՝ այտի լորձաթաղանթը 45°C ջերմաստիճանի ջրով գրգռելիս առաջանում է հազիվ նշմարելի ջերմության զգացում, իսկ մաշկի համար այդ ջուրը տաք է: 33°C ջերմաստիճանի ջուրը բերանում առաջացնում է սառի զգացում: Փոքր երեխաներն ավելի զգայուն են սննդի և ըմպելիքների ջերմաստիճանի նկատմամբ: Տարիքի հետ մարդիկ հարմարվում են ավելի տաք սննդին: Բ.խ-ում կան նաև հատուկ ընկալիչներ, որոնց օգնությամբ որոշվում է սննդի համը, իսկ լորձաթաղանթում գտնվող ընկալիչները Բ.խ. կապում են ներքին օրգանների և օրգանիզմի համակարգերի հետ:

Թքագեղձերի արտազատուկը՝ թուքը, թույլ հիմնային հեղուկ է, պարունակում է ֆերմենտներ (ամիլազ, մալթազ ևն), անօրգ. աղեր, սպիտակուց և լորձանյութ (մուցին): Վերջինս թքին տալիս է մածուցիկություն, որը հեշտացնում է կուլ տալը: Թքի ֆերմենտների ներգործությամբ սննդի ածխաջրերը մասամբ ճեղքվում են, իսկ ստամոքս անցած ֆերմենտները ստամոքսահյութի թթու միջավայրում դադարում են ազդել: Սակայն թքի ֆերմենտների ներգործությունը շարունակվում է, քանի դեռ կերակրագունդը չի ներծծվել ստամոքսահյութով: Ատամները մանրացնում են կոշտ սնունդը ստորին ծնոտի շարժումներով՝ լեզվի, շրթունքների և ծամող մկանների մասնակցությամբ: Մանրացված սնունդը շաղախվում է թքով, ձևավորվում է կերակրագունդը, որը լեզվի և ըմպանի մկանների շարժումների օգնությամբ հրվում է դեպի ստամոքս (կուլ է գնում):

Բ.խ-ում մշտապես առկա միկրոօրգանիզմները բնականոն պայմաններում օրգանիզմի համար վտանգավոր չեն (տես Մանրէային ֆլորա մարդու), այլ ծառայում են յուրօրինակ կենսբ. պատնեշ (տես Պատնեշային ֆունկցիաներ օրգանիզմի), քանի որ դադարեցնում են Բ.խ. թափանցած ախտածին մանրէների աճը: Լորձաթաղանթի պատնեշային ֆունկցիաները