Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խթանվում են նաև թքով, որը պարունակում է վարակազերծող նյութ՝ լիզոցիմ: Սակայն օրգանիզմի դիմադրողականության անկման դեպքում Բ.խ-ում մշտապես առկա որոշ միկրոօրգանիզմներ դառնում են ախտածին և հարուցում հիվանդություններ, օրինակ՝ կաթնուկ (տես Կանդիդոզ): Բ.խ-ի լորձաթաղանթի, լնդերի, ատամների և լեզվի հիվանդությունների մասին տես Անգինա, Ատամների ոսկրափուտ, Հարատամնաբորբ, Շրջոսկրի բորբոքում ծնոտի, Կակղենու բորբոքում, Բերանաբորբ, Նշագեղձերի բորբոքում հոդվածներում:

Բ.խ-ի առողջացման համար անհրաժեշտ է բուժել և հիվանդ ատամների ատամնալիցք անել (որը կանխում է ատամների ոսկրափուտի և դրա բարդությունների՝ կակղենու բորբոքման, շուրջատամնաբորբի հետագա զարգացումը), հեռացնել քայքայված ատամները, բուժել հարատամնային հյուսվածքների (հարատամնաբորբ), Բ.խ-ի լորձաթաղանթի հիվանդությունները, հեռացնել ատամի քարը, ինչպես նաև ժամանակին վերացնել ատամնածնոտային համակարգի և ատամների արատները (տես Ատամնակծվածք):

Պարտադիր կատարվում է նախադպրոց. և դպրոց. տարիքի երեխաների (տարին 2 անգամ), հղի կանանց, մասնագիտ. վնասակարություններ ունեցող արդ. ձեռնարկությունների աշխատողների, տուբերկուլոզով, ռևմատիզմով հիվանդների Բ.խ-ի առողջացում: Դա կարևոր Նշանակություն ունի հարատամնային հյուսվածքների, Բ.խ-ի լորձաթաղանթի, սուր և քրոնիկ. ընդհանուր հիվանդությունների կանխարգելման համար, որովհետև ոսկրափուտով ախտահարված ատամները քրոնիկ. վարակի աղբյուր են և վնասակար ներգործություն են ունենում օրգանիզմի վրա:

Վարակի օջախի առաջացումը կանխելու համար խիստ կարևոր է ատամների և Բ.խ-ի ճիշտ խնամքը, որի համար պետք է ամեն օր ատամները մաքրել խոզանակով, բերանը ողողել ջրով կամ հատուկ լուծույթներով, ուտելուց հետո միջատամնային հատվածները մաքրել ատամնամաքրիչով (փայտե կամ ոսկրե): Ատամների, լնդերի, լեզվի հիվանդությունների 1-ին իսկ ախտանշանների դեպքում դիմել ստոմատոլոգի:

Տես նաև Ատամներ, խնամքը:

ԲԵՐԱՆԻ ՀՈՏ, սովորաբար տհաճ հոտ. առաջանում է բերանի խոռոչի լորձաթաղանթի, լնդերի, ատամների, քթաըմպանի, քթի հավելյալ ծոցերի, կերակրափողի, ստամոքսի, թոքերի հիվանդությունների, ինչպես նաև ատամնալիցքի թերությունների, ատամի չհանվող պրոթեզների թուլացման դեպքերում: Երբեմն շաքարախտի, երիկամաբորբի կամ ներքին օրգանների (1-ին հերթին ստամոքսաղիքային համակարգի) այլ հիվանդությունների ախտանշան է:

Բ.հ-ի առաջացման դեպքում պետք է դիմել ստոմատոլոգի, երբեմն՝ այլ մասնագետների: Հոտը ժամանակավորապես կարելի է վերացնել ատամի էլիքսիրների և լոսյոնների օգնությամբ: Բերանը ողողելու համար 1 բաժակ ջրին ավելացնել 20 կաթիլ էլիքսիր: Բ.հ. կանխելու համար անհրաժեշտ է ուտելուց և արթնանալուց հետո բերանը ողողել ջրով, մաքրել ատամները և պրոթեզները:

Կանխարգելումը. հարկավոր է ժամանակին բուժել բերանի խոռոչը, այլ հիվանդությունների (հատկապես ստամոքսաղիքային) առկայության դեպքում՝ կատարել բժշկի խորհուրդները:

ԲԺԻՇԿ, բարձրագույն բժշկ. կրթությամբ (բացի ատամնաբույժներից, որոնք կարող են ունենալ միջնակարգ բժշկ. կրթություն) մասնագետ, որն իրավունք ունի զբաղվել բժշկ. գործունեությամբ: Ըստ մասնագիտության Բ-ները լինում են. առողջապահության կազմակերպիչներ, թերապևտներ (ներքին հիվանդություններ), մանկաբույժներ, վիրաբույժներ, մանկաբարձ-գինեկոլոգներ (ծննդաբերություն և կանանց հիվանդություններ), ակնաբույժներ, նյարդախտաբաններ (նյարդային հիվանդություններ), հոգեբույժներ (հոգեկան հիվանդություններ), մաշկավեներաբաններ (մաշկային և վեներական հիվանդություններ), ստոմատոլոգներ (ատամների և բերանի խոռոչի հիվանդություններ), քիթկոկորդականջաբաններ, ֆթիզիատրներ (տուբերկուլոզային հիվանդություններ), սան. Բ-ներ ևն: Բժշկ. կադրերի ճիշտ օգտագործման և կատարելագործման նպատակով կատարվում է Բ-ների ատեստավորում, որն իրականացնում է հատուկ հանձնաժողովը:

ՀՀ կառավարության 1996-ի հունիսի 24-ի որոշմամբ սահմանվել է արտոնագրման կարգ բժշկ. և դեղագործ. բոլոր հիմնարկների համար՝ անկախ նրանց սեփականության ձևի և գերատեսչ. ենթակայության (պետ. հիմնարկ, մասնավոր սեփականություն, բաժնետիրական ընկերություն ևն), ինչպես նաև բոլոր տեսակի մասնագիտ. գործունեությամբ զբաղվող անձանց համար: Բժիշկները, դեղագործները, միջին բուժաշխատողները և դեղագետները արտոնագրեր ստանում են համաձայն իրենց կրթության և գիտելիքների գնահատման: Արտոնագրումը սկսվում է փաստաթղթերի ընդունմամբ, ապա կատարվում է համակարգչային թեսթավորում, որի արդյունքները փաստաթղթերի հետ միասին հանձնվում են ճյուղային հանձնաժողով՝ արտոնագրվողի հետ հետագա մասնագիտ. հարցազրույցի համար, իսկ ճյուղային հանձնաժողովի երաշխավորություններն արտոնագրման կենտր. հանձնաժողովին, որը որոշում է ընդունում արտոնագրի տրման կամ մերժման մասին: Արտոնագրման կենտր. հանձնաժողովի որոշումներն օրենքի ուժ են ստանում ՀՀ առողջապ. և սոցապ. նախարարի հաստատումից հետո:

ԲԺՇԿԱԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ (ԲԱՓՀ), բժշկաաշխատանքային փորձաքննությունն իրականացնող մարմին՝ սոց. ապահովության մարմիններին կից: Հանձնաժողովի կազմում են բժիշկ փորձագետը, սոցիալ. ապահովության և արհմիութեն. կազմակերպության ներկայացուցիչները: ԲԱՓՀ հաստատում է հաշմանդամության կարգը և որոշում դրա առաջացման պատճառները (ընդհանուր կամ մասնագիտ. հիվանդություններ ևն), աշխատունակության մշտ. կամ երկարատև կորուստը, հաշմանդամին մատչելի աշխատանքի պայմանները և բնույթը (այլ աշխատանքի տեղափոխում, արտաժամյա կամ գիշերային աշխատանքներից ազատում ևն), ինչպես նաև առաջարկում է հաշմանդամի աշխատունակությունը լրիվ կամ մասնակի վերականգնող. միջոցառումներ (մասնագիտ. ուսուցում, վերաորակավորում, վերականգնող. բուժում, հաշմանդամներին աշխատանքային սայլակների տրամադրում ևն): Բացի այդ, ԲԱՓՀ ուսումնասիրում է աշխատող հաշմանդամների աշխատանքային պայմանները անմիջապես ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում, հսկում է հաշմանդամին տրված աշխատանքային երաշխիքների ապահովումը:

ԲԱՓՀ ուղարկվում են բժշկախորհրդատվական հանձնաժողովների կողմից: ԲԱՓՀ-ի որոշումը հաշմանդամի աշխատանքային պայմանների մասին պարտադիր է ձեռնարկության, հիմնարկության ղեկավարների համար: Տուբերկուլոզով, հոգեկան հիվանդներին քննում են հատուկ ԲԱՓՀ-ները: 1998-ին ՀՀ-ում ընդունվել է ԲԱՓՀ-ի նոր կանոնադրություն:

ԲԺՇԿԱԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ, բուժօգնության ձև, որը