«Բժշկական գործունեությունը առաջին մարդու տարեկիցն է»,- ասել է Ի. Պավլովը: Գիտ. տվյալները վկայում են, որ նախամարդն ամենևին էլ օժտված չի եղել «կատարյալ» առողջությամբ: Ընդհակառակը, նա մշտապես տուժել է ցրտից, խոնավությունից, քաղցից, հիվանդացել է և վաղ մահացել: Կմախքների վրա նկատվել են ռախիտի, ատամների ոսկրափուտի, սերտաճած կոտրվածքների, հոդերի ախտահարման տեղերը:
Հազարամյակների ընթացքում փորձերով հայտնաբերված բուժման եղանակները և հիվանդություններից պաշտպանվելու միջոցներն ամրապնդվել են նախամարդու սովորույթներում, աստիճանաբար ձևավորել են ժող. բժշկությունն ու հիգիենան: Այդ բուժկանխարգելիչ Բ-յան մեջ կիրառվել են դեղաբույսեր, բնական գործոններ (ջուր, օդ, արև), վիրաբուժ. որոշ եղանակներ (օտար մարմինների հեռացում, արյան բացթողում) ևն:
Բժշկագիտությունը ստրկատիրական հասարակարգում ժառանգել է բժշկության մեջ կիրառվող մոգության ձևերը, բուժման տարբեր եղանակներ, ինչպես նաև ժող. բժշկության բուժիչ միջոցները: Կիրառվում էին արդեն հայտնի և ներդրվում բուս. ու կենդ. ծագման նոր դեղանյութեր (կյանքի արմատ, կիտրոնաթուփ, քափուր, նուռ, խավարծիլ, անանուխ, կատվախոտ, օշինդր, մատղաշ բծավոր եղջերուի եղջյուր՝ պանտի, մուշկ, լյարդ, ոսկրածուծ ևն): Կարևոր նշանակություն էր տրվում մերսմանը, բուժ. սննդին, ջրային բուժարարողություններին, մարմնամարզությանը: Օգտագործվում էին վիրաբուժ. մեթոդներ, կարևոր տեղ էին հատկացնում հիվանդությունների կանխարգելմանը:
Այդ շրջանում բժշկ. գործն առանձնացավ որպես ինքնուրույն մասնագիտություն: Զարգացում ապրեց եկեղեց. Բ., բժշկ. ֆունկցիաները կատարում էին քրմերը: Հին Հունաստանում բարձր մակարդակի հասած Բ. իր արտացոլումն է գտել աստվածացված բժիշկ Ասկլեպիադեսի և նրա դուստրերի (Հիգիեան՝ առողջության պաշտպանը, այստեղից՝ հիգիենա գիտությունը, և Պանաքեան՝ բուժ. գործի հովանավորը, այստեղից՝ պանացեա-համադարման հասկացությունը) վերաբերյալ պաշտամունքներում:
Հիգիենայի, աննդաբուժության, վիրաբուժության, ներքին հիվանդությունների, մանկաբարձության, ստոմատոլոգիայի և այլ բնագավառներում հին եգիպտացիները տիրապետել են լայնածավալ գիտելիքների: Հին Եգիպտոսը կոսմետիկայի և մաշկային հիվանդությունների մասին ուսմունքի հայրենիքն է: Մեզ հասած ձեռագրերի նմուշները վկայում են, որ հին եգիպտ. կոսմետիկ. միջոցներն օժտված են եղել բարձր կայունությամբ, չեն գրգռել մաշկը, երբեմն ունեցել են նաև բուժ. ներգործություն:
Հին Հնդկաստանի Բ-յան բնորոշ կողմը անձն. և հաս. հիգիենայի տարրերի, ինչպես նաև բնական միջոցներով բուժման (ջրաբուժություն, արևային և օդային լոգանքներ) մեթոդների ներդրումն էր: Հին հնդկ. կրոնափիլ. համակարգի բաղկացուցիչ (մինչև այժմ պահպանված) մասն են կազմում յոգերի հոգեֆիզ. վարժությունները:
Հին Չինաստանում ախտորոշման մեջ մեծ ուշադրություն է դարձվել անոթազարկին: Բնական ծաղիկ հիվանդության կանխարգելման նպատակով լայն տարածում էր ստացել «ծաղկապատվաստումը», երբ առողջ մարդու քթանցքերի մեջ դնում էին հիվանդի թարախաբշտիկների չորացրած թարախը: Հազարամյակների խորքից մեր օրերը հասած բուժման մեթոդներից են ասեղնաբուժությունը (չժենցզյու թերապիան), ասեղնածակումը և մարդու մարմնի «կենսական կետերի» այրումը (խարում): Բուժման այս մեթոդի ռացիոնալ տարրերն օգտագործում են ժամանակակից ռեֆլեքսաբուժության մեջ:
Հին ժամանակների բժշկ. արվեստն իր բարձրակետին է հասել հույն բժիշկ Հիպոկրատի [460-377 (այլ աղբյուրներում՝ 356) թթ., մ.թ.ա.] աշխատանքներում: Նա անկողնու մոտ հիվանդի զննումը վերափոխել է բժշկ. հետազոտման մեթոդի, նկարագրել մի շարք հիվանդությունների արտաքին նշանները, կարևորել ապրելակերպի և շրջապատող միջավայրի (ավելի շատ՝ կլիմայի) նշանակությունը հիվանդությունների ծագման գործում, իսկ մարդկանց մարմնակազմվածքի և խառնվածքի մասին ուսմունքով հիմնավորել հիվանդի ախտորոշման ու բուժման հանդեպ անհատ. մոտեցումը: Նրան իրավամբ կոչում են բժշկության հայր: Իհարկե, բուժումն այդ դարաշրջանում հենվում էր ոչ թե օրգանների ֆունկցիաների մասին պարզ պատկերացումների, այլ կյանքի սկիզբ համարվող 4 հեղուկների (լորձ, արյուն, դեղին և սև լեղի) մասին ուսմունքի վրա, ըստ որի այդ հեղուկների փոփոխությունները հանգեցնում են հիվանդության:
Մարդու մարմնի կառուցվածքի և ֆունկցիաների միջև փոխադարձ կապ հաստատելու 1-ին փորձը պատկանում է ալեքսանդրիացի բժիշկներ Էրազիստրատոսին և Հերոփիլոսին (4-3-րդ դդ., մ.թ.ա ), որոնք դիահերձումներ և կենդանիների վրա փորձեր են կատարել:
Բժիշկ Ասկլեպիադեսը (128-56 թթ., մ.թ.ա.) բժշկ. գործունեություն է ծավալել նաև Հռոմում: Նա առաջ է քաշել տեսություն այն մասին, որ հիվանդությունների առաջացման մոտավոր պատճառն ատոմների շարժումների խանգարումներն են, որոնք տեղի են ունենում մարդու օրգանիզմում անցքերի ու խողովակների չափից ավելի սեղմման կամ թուլացման, աղտոտման ու խանգարման հետևանքով:
Բ-յան զարգացման վրա բացառիկ ազդեցություն է թողել հռոմեացի բժիշկ Գալենը: Նա ընդհանրացրել է անատոմիայի, ֆիզիոլոգիայի, ախտաբանության, թերապիայի, մանկաբարձության, հիգիենայի, դեղագիտության վերաբերյալ տեղեկությունները և Բ-յան այդ ճյուղերը հարստացնելով՝ փորձել է ստեղծել բժշկության գիտ. համակարգ:
Միջնադարում Արմ. Եվրոպայում Բ. գրեթե հետագա զարգացում չի ապրել: Քրիստոնեական եկեղեցին, որը հռչակել էր հավատքի առաջնությունը գիտության նկատմամբ, կանոնականացրել էր Գալենի ուսմունքը՝ այն վերածելով դոգմայի: Արդյունքում Գալենի պարզունակ և մտահայեցական շատ պատկերացումներ (նա համարում էր, որ արյունը գոյանում է լյարդում, տարածվում մարմնով և այնտեղ ամբողջությամբ կլանվում, սիրտը «կենսական պնևմայի» առաջացման տեղն է, որը պահպանում է մարմնի ջերմությունը, օրգանիզմում կատարվող գործընթացները համարում էր հատուկ ոչ նյութ. «ուժերի» ազդեցության հետևանք, օրինակ՝ անոթազարկի ուժը, որի շնորհիվ զարկերակները բաբախում են) դարձան այդ ժամանակաշրջանի Բ-յան անատոմիաֆիզիոլոգ. հիմքը: Ուշ միջնադարում, սակայն, Գալենի մեթոդը մոռացվեց, մնաց միայն Բ-յան՝ նրա հորինած «գիտական» հիմքը:
Գործն. բժշկ. տվյալների կուտակումը շարունակվում էր: ժամանակի պահանջներին ի պատասխան՝ հիվանդների և վիրավորների բուժման համար կազմակերպվում էին հատուկ հիմնարկներ, իրականացվում վարակիչ հիվանդների հայտնաբերման և մեկուսացման միջոցառումներ: Խաչակրաց արշավանքները, որոնք ուղեկցվում էին մարդկային զանգվածների մեծաքանակ գաղթով, պայմանավորեցին կարանտինի ի հայտ գալը Եվրոպայում: Բացվեցին վանքապատկան հիվանդանոցներ ու լազարեթներ: Դեռևս 7-րդ դ. Բյուզանդ. կայսրությունում քաղաքի