բակտերիաների նկատմամբ գերզգայնացումը (օրինակ՝ տուբերկուլոզի, բրուցելոզի, խլնախտի, տուլարեմիայի ժամանակ), քիմ. արդ-յան աշխատողների, դեղագործների, բուժաշխատողների շփումային մաշկաբորբերը ևն:
Օրգանիզմն ալերգենի հետ շփվելիս ոչ միշտ է առաջանում Ա.: Որոշակի դեր ունեն ժառանգականությունը, նյարդային և ներզատիչ համակարգերի վիճակը: Եթե ծնողներից երկուսի մոտ էլ դիտվում են պոլինոզներ, անաֆիլաքսիա, ժառանգ. բրոնխային հեղձուկ, որոշ Ա-ական հարբուխներ, ապա երեխաների Ա-ական հիվանդությունները առաջանում են 70%-ից ավելի դեպքերում, իսկ եթե հիվանդ է ծնողներից միայն մեկը, ապա հիվանդության հավանականությունը մինչև 50% է: Փոխանցվում են ոչ թե ծնողների հիվանդությունները, այլ դրանց նկատմամբ նախատրամադրվածությունը՝ արտածին ալերգեններին Ա-ական ուժեղ հակազդեցություններով պատասխանելու ունակությունը: Ուստի, կապված ալերգենի տեսակից և օրգանիզմ թափանցելու ուղիներից, երեխաների Ա-ական հիվանդություններն առաջանում են ցանկացած ձևով: Ա-ի առաջացմանը նպաստում են նյարդային և ներզատիչ համակարգերի խանգարումները, ինչպես նաև գլխուղեղի վնասվածքները, բացասական հուզումները, մակերիկամների գործունեության թուլացումը:
Սեփական սպիտակուցներին և հյուսվածքների բջիջներին (որոնք ալերգեններ են դառնում) օրգանիզմի հակազդման բարձրացած և փոփոխված ունակությունն անվանում են ինքնաալերգիա:
Ինքնաալերգիայի առաջացման մեխանիզմներից մեկի մասին ուսմունքի հեղինակը ռուս գիտնական Ի. Մեչնիկովն է:
Տարբերում են բնական և ձեռքբերովի ներծին ալերգեններ: Բնական ներծին ալերգեններից են բնականոն հյուսվածքների որոշ սպիտակուցներ, իսկ ձեռքբերովի արտածին ալերգեններից են օրգանիզմի այն սպիտակուցները, որոնք այրվածքների, ճառագայթային հիվանդությունների և այլ դեպքերում, ինչպես նաև բակտերիային թույների, դեղանյութերի հետ միանալիս օժտվում են օտարածին հատկանիշներով: Օրգանիզմն ընդունակ է տարբերել «սեփական» սպիտակուցներն օտարածիններից: Սովորական պայմաններում օրգանիզմի հյուսվածքներում գերզգայնացած լիմֆոցիտներ և հակամարմիններ (ինքնահակամարմիններ) չեն առաջանում: Ինքնաալերգիայի դեպքում պաշտպան. մեխանիզմների գործունեությունն ուղղված է տիրոջ սեփական հյուսվածքների դեմ, որը և ինքնաալերգիայի էությունն է: Եթե այդ մեխանիզմների վնասակար ազդեցությունը մկանների վրա դառնում է բավականին արտահայտված, ապա առաջանում է ինքնաալերգ. հիվանդություն: Նման հիվանդություններից են որոշ հեմոլիզային սակավարյունությունը, ծանր մկանաթուլությունը, ռևմատոիդ հոդաբորբը, կծիկաերիկամաբորբը (տես Երիկամաբորբ) և մի շարք այլ բորբոքային հիվանդություններ: Ենթադրվում է, որ ինքնաալերգիան նպաստում է ռևմատիզմի, հաստ աղիքի խոցային բորբոքման, որոշ դեպքերում՝ բրոնխային հեղձուկի առաջացմանը:
Ա-ական հիվանդություններն ախտորոշելիս անհրաժեշտ է զրուցել հիվանդի հետ, ճշտել ոչ միայն հիվանդության բնույթը, այլև առաջացման պայմանները: Դա հնարավորություն է տալիս բժշկին պարզելու հիվանդության պատճառ հանդիսացող ալերգենների խումբը: Կոնկրետ ալերգենը հայտնաբերվում է հատուկ ախտորոշիչ փորձերի և լաբորատոր հետազոտությունների միջոցով:
Ա-ական հիվանդություններով տառապողներին բուժելիս բժիշկը նախ դադարեցնում է շփումը հայտնաբերված ալերգենի հետ, այնուհետև իջեցնում դրա նկատմամբ օրգանիզմի զգայնությունը (կոչվում է առանձնահատուկ թերզգայնացում): Մեթոդի էությունն այն է, որ ի պատասխան ալերգենի (ոչ միանգամյա և աստիճանաբար աճող չափաքանակներով) ներթափանցման՝ օրգանիզմում առաջանում են հատուկ պաշարող հակամարմիններ, որոնք կապում են ալերգենին և կանխում հյուսվածքների բջիջների վրա սևեռված Ա-ական հակամարմինների հետ դրանց շփումը, հետևաբար բջիջների Ա-ական վնասվածքներ և Ա-ական հակազդեցություններ չեն առաջանում: Առանձնահատուկ թերզգայնացում, որպես կանոն, կատարում են հիվանդության ախտանշանների բացակայության դեպքում: Հիվանդության սրացման դեպքում բուժումն ուղղված է Ա-ական գործընթացի դադարեցմանը, ինչպես նաև հիվանդության առանձին ախտանշանների վերացմանը: Օրինակ՝ արյան ճնշման անկման դեպքում նշանակում են այն կարգավորող անոթասեղմիչ պատրաստուկներ, իսկ բրոնխակծկանքի դեպքում՝ բրոնխալայնիչ դեղանյութեր:
Ալերգիաբան. առանձնասենյակներում զբաղվում են հիվանդության հայտնաբերման, հիվանդի բուժման, անհրաժեշտության դեպքում՝ դիսպանսերացման, խորհրդատվության (այլ բժշկ. հաստատությունների), հիվանդության հաշվառման և վիճակագրության ոլորտի բուժաշխտտողների գիտելիքների մակարդակի բարձրացման, բնակչության շրջանում սանլուս. աշխատանքների կազմակերպման հարցերով:
Ա-ական հիվանդությունները կանխարգելող միջոցառումներից են գերզգայնացնող արտահայտված ազդեցությամբ օժտված նյութերի հետ կրկնակի շփման և օրգանիզմի պաշտպան. հակազդեցությունների խանգարումների կանխումը: 1-ին խմբի միջոցառումներից են. դեղերի ընդունման սահմանափակումը, միայն անհրաժեշտության դեպքում և բժշկի հսկողությամբ դրանց նշանակումը: Կարևոր նշանակություն ունի արդ. ձեռնարկություններում առաջավոր տեխնոլոգիայի ներդրումը՝ ալերգենների հետ աշխատողների շփումը, բնակարաններում փոշու կուտակումները կանխելու համար: 2-րդ խմբի միջոցառումներից է օրգանիզմը գերզգայնացնող վարակի հնարավոր օջախների վերացումը: Այդպիսիք կարող են լինել ատամների հիվանդությունները, քթի հավելյալ ծոցերի բորբոքումը, բրոնխաբորբը, լեղապարկի և այլ բորբոքումներ: Ստամոքսաղիքային համակարգի կանոնավոր գործունեությունը նվազեցնում է սննդային Ա-ի առաջացման հնարավորությունները: Կարևոր կանխարգելիչ միջոց է երեխաներին կրծքով կերակրելը: Պարզվել է, որ արհեստ. կերով սնվող երեխաները հետագայում ավելի հաճախակի են հիվանդանում Ա-ական հիվանդություններով: Շատ կարևոր նշանակություն ունի նաև աշխատանքի ու հանգստի ճիշտ պայմանների ապահովումը:
ԱԼԵՐԳԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. բժշկագիտության բաժին, ուսումնասիրում է ալերգ. հիվանդությունների պատճառները, առաջացման մեխանիզմները, կլինիկ. դրսևորումները և դրանց կանխարգելման ու բուժման մեթոդները: Ա. սերտորեն կապված է իմունաբանության հետ, որովհետև ալերգիայի հիմքում ընկած են հիմնականում իմունային մեխանիզմները: Որպես ինքնուրույն բաժին՝ Ա. առանձնացել է 20-րդ դ. 1-ին կեսին՝ կապված աշխարհում ալերգ. հիվանդություններով հիվանդացության աճով:
ՀՀ-ում Ա-ական հետազոտություններ են կատարվում Ա-յան և կլինիկ. իմունաբանության հանրապետ. կենտրոնում, Ազգային առողջապ-յան ինստ-ի ալերգիաբանության ամբիոնում, «Էրեբունի» բժշկ. կենտրոնի Ա-ական բաժանմունքում և հանրապետ. մանկ. կլինի. հիվանդանոցին կից մանկ. Ա-ական կենտրոնում: