Պարբերական Բ. զ-ների արդյունքները վերլուծում են, համեմատում նախորդ, ինչպես նաև նախն. Բ. զ-ման արդյունքների հետ: Հիվանդության ախտանշաններ հայտնաբերելիս պարզում են՝ կապված է դա արդյոք արտադրության առանձնահատկությունների հետ: Մասնագիտ. հիվանդությունների ախտանշաններով աշխատողներին վերցնում են դիսպանսերային հաշվառման, իսկ արտադրությունում անցկացնում են այդ հիվանդությունները կանխարգելող համապատասխան սանհիգիենային և կազմակերպչ. միջոցառումներ:
Նախն. և պարբերական Բ. զ-ներն իրականացնում են տվյալ հիմնարկը սպասարկող բժշկասան. մասերի, պոլիկլինիկաների, ամբուլատորիաների, առողջապահ. կետերի և այլ բուժհիմնարկների ու ստորաբաժանումների բուժաշխատողների ուժերով: Անհրաժեշտության դեպքում Բ. զ. անցկացնելու համար ստեղծում են տարածքային կամ գերատեսչ. հանձնաժողովներ (օրինակ՝ զինակոչիկների Բ. զ-ների ժամանակ): Բնակչության կանխարգելիչ Բ. զ-ների անհրաժեշտությունը որոշված է առողջապահության օրենսդրությամբ: Երեխաների պարբերական Բ. զ-ները սկսվում են ծննդյան պահից: Մինչև. 1 տարեկանը Բ. զ. հարկավոր է անցկացնել ամիսը 1 անգամից ոչ պակաս, 2-րդ տարում՝ 3 ամիսը 1, 3-րդ տարում՝ 6 ամիսը 1, այնուհետև՝ տարին 1 անգամ: Դպրոցներում ամեն տարի ամառային արձակուրդներից հետո անցկացնում են մանրակրկիտ Բ. զ-ներ՝ մարդաչափ. չափումներով (տես Մարդաչափություն), տեսողության և լսողության ստուգումներ:
Հատուկ տեղ են գրավում նպատակային կանխարգելիչ Բ. զ-ները, որոնց խնդիրը առանձին հիվանդությունների (տուբերկուլոզ, չարորակ նորագոյացություններ, սիրտանոթային, գինեկոլոգ. ևն) վաղ հայտնաբերումն է: Այդ զննումներին ենթարկվում են որոշակի տարիքի և մասնագիտության անձինք, առանձին դեպքերում՝ բժշկ. այլ պատճառներով և որոշակի հիվանդության հայտնաբերման նպատակով բուժհիմնարկ դիմած անձինք: Բ. զ-ները հնարավորություն են ստեղծում հիվանդությունները առաջացման վաղ շրջանում հայտնաբերելու և արդյունավետ բուժելու համար: Կանանց կանխարգելիչ զննումների նպատակը բուժման կարիք ունեցողների հայտնաբերումն է: Առանձին գինեկոլոգ. հիվանդություններ (օրինակ՝ արգանդի թելքուռուցք, արգանդի հավելումների բորբոքում) առաջանում են գաղտնի, առանց ընդհանուր զգացողության փոփոխությունների: Դրանց վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս բուժումը ժամանակին սկսել և դրանով նպաստել առողջացմանն ու կնոջ աշխատունակության պահպանմանը: Ցավոք, երբեմն կանայք, չգնահատելով Բ. զ-ների նշանակությունը, զբաղվածության կամ իրենց առողջության հանդեպ անուշադրության, հաճախ էլ ամաչկոտության պատճառով, հրաժարվում են Բ. զ-ներից և հիվանդանում: Յուրաքանչյուր կին, անկախ տարիքից, եթե նույնիսկ իրեն համարում է բացարձակ առողջ, պետք է կանոնավոր, տարին 2 անգամ, այցելի գինեկոլոգին: Կանանց Բ. զ-ներն անցկացնում են կանանց կոնսուլտացիաների բժիշկները՝ անմիջական ընդունելությունների ժամանակ կամ արտադրություններում առանձնացված հատուկ սենյակներում, աշխատավայրում: Շրջանային պոլիկլինիկաներում, գործարանների և ֆաբրիկաների բժշկասան. մասերում գործում են, այսպես կոչված, զննման առանձնասենյակներ, ուր կնոջն ուղարկում են առանց որևէ պատճառի: Գյուղ. վայրերում Բ. զ-ները կազմակերպում են տեղամասային հիվանդանոցները, ամբուլատորիաները, բուժակամանկաբարձ. կետերը և կանանց արտագնա կոնսուլտացիաները:
Հայտնաբերված հիվանդություններով կանայք ենթակա են դիսպանսերային հսկողության. սահմանվում է պարբերական հսկողություն՝ մինչև լրիվ առողջանալը:
ԲԺՇԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, բժշկ. կադրերի պատրաստման համակարգ, ապահովում է հանրակրթ. և մասնագիտ. առարկաների ուսումնասիրությունը, ինչպես նաև անհրաժեշտ գործն. հմտությունների տիրապետումը:
Միջնադարում բժշկություն և բնական գիտություններ դասավանդած առաջին հաստատություններից հայտնի էր Սանահինի ուսումնարանը, որի լսարանը պահպանված է ցարդ, և որտեղ 11֊րդ դ. հայտնի գիտնական Գրիգոր Մագիստրոսը դասավանդել է նաև բժշկություն: Տաթևի ուսումնարանում, որը կոչվել է նաև համալսարան, դասավանդել է հայտնի գիտնական Հովհան Որոտնեցին: Նրա մահից (1386) հետո Գրիգոր Տաթևացին (1341-1411) կազմել է անատոմիայի և բնագիտության դասագրքեր:
Բժշկություն դասավանդվել է նաև Սիս քաղաքի ՆԵրսես Լամբրոնացու հիմնադրած համալսարանում (12-րդ դ.): Հայտնի էին նաև Անիի, Տարոնի, Կեսարիայի դպրոցները, որտեղ 11-14-րդ դդ. ուսումնասիրել են բնական գիտություններ, այդ թվում նաև բժշկագիտություն:
ՀՀ-ում Բ. կ. ստանում են Մխիթար Հերացու անվ. ԵՊԲՀ-ում և ոչ պետ. 4 բժշկ. բուհերում, բժշկ. ուսումնարաններում:
ԵՊԲՀ (մինչև 1995-ը՝ ԵԲԻ) հիմնվել է 1930-ին, ԵՊՀ բժշկ. ֆակ-ի (1922-ից) հիմքի վրա, 1989-ից կոչվել է Մխիթար Հերացու անունով: ԵՊԲՀ ունի (2000 թ.) 6 ֆակ.՝ բուժ., մանկաբուժ., ռազմ. բժշկության, բուժկանխարգելիչ, դեղագիտ., ստոմատոլոգ.: Ուսման տևողությունը 1-ին 4 ֆակ-ում՝ 6, վերջին 2-ում՝ 5 տարի է: Ուսուցման ընթացքում ցածր կուրսերում դասավանդվում են տես. բժշկագիտության առարկաներ (անատոմիա, հյուսվածաբանություն, ֆիզիոլոգիա, կենսաբանություն, կենսաքիմիա, ֆիզիկա ևն), իսկ բարձր կուրսերում՝ կլինիկ. բժշկագիտության առարկաներ: Ավարտելուց հետո ուսանողները հանձնում են պետ. քննություններ և ստանում բժշկի կոչում, որից հետո 1 տարվա ընթացքում ինտերնատուրայում խորանում են իրենց ընտրած կլինիկ. առարկայի գծով: Կա նաև կլինիկ. օրդինատուրա՝ 3 տարվա ուսուցումով:
Բարձրագույն բժշկ. բուհը ավարտող և բժշկի կոչում ստացողները տալիս են բժշկի երդում (Տես Բժիշկ հոդվածը): Դեղագետներ և ստոմատոլոգներ պատրաստում են համապատասխան ֆակ-ներում: ԵՊԲՀ շատ ամբիոններում կատարվում են նաև գիտ. հետազոտություններ:
Ներդրված է նաև բժիշկների մասնագիտ. համապատասխանության ստացման կարգ, որը տրվում է պարբերական որակավորման եղանակով:
Միջին բուժաշխատողներ՝ բուժակներ, մանկաբարձներ, սան. բուժակներ (հիգիենային և հակահամաճարակային հսկողության կայանում աշխատող), բուժակ-լաբորանտներ, բուժքույրեր, դեղագործներ, ատամնաբույժներ, ատամնատեխնիկներ պատրաստում են բժշկ. ուսումնարաններում (8-րդ և 10-րդ դասարանի կրթությամբ): Ուսման տևողությունը 2,5-3,5 տարի է: 2000 թ-ին ՀՀ-ում գործել են 11 պետ. և 37 ոչ պետ. բժշկ. ուսումնարաններ:
ԲԺՇԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ֆիզկուլտուրայում և սպորտում, ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվող անձանց առողջության վիճակը հսկող համակարգ: Իրականացվում է բուհերում, կամավոր մարզ. ընկերություններում, մանկապատանեկան մարզադպրոցներում, ինչպես նաև շրջանային պոլիկլինիկաներում, գյուղ. ամբուլատորիաներում, ձեռնարկությունների և հիմնարկների բժշկասան. մասերում ու առողջապահ. կետերում