ախտահարում, ճառագայթային հիվանդություն): Նեյտրոնների հոսքն առաջացնում է նաև մակածված ճառագայթում իր ազդեցության գոտում գտնվող նյութերում, այսինքն՝ նրա ազդեցությամբ վերջինները ձեռք են բերում ինքնուրույն ճառագայթելու հատկություն:
Թափանցող ճառագայթման ախտահարող ազդեցությունը մարդու կենդանի հյուսվածքների և օրգանների բջիջների վրա արտահայտվում է իոնացնող ազդեցությամբ, որի հետևանքով, կլանված չափաքանակից կախված, առաջանում է ծանրության տարբեր աստիճանի ճառագայթային ախտահարում: Ճառագայթման նեյտրոնների կլանման չափաքանակը չափվում է գրեյներով (Գր) կամ ռադերով (ռադ). 1 Գր = 100 ռադ:
Տեղանքի ռադիոակտիվ աղտոտումը պայմանավորված է միջուկային պայթյունի ամպից թափվող ռադիոակտիվ տեղումներով, ինչպես նաև մակածված ռադիոակտիվությամբ: Ռադիոակտիվ խարամը, փոշին, մինչև վերջ չտրոհված բեկորները նախ փոշու հետ բարձրանում են վերև՝ առաջացնելով ռադիոակտիվ ամպ, ապա ամպի տեղաշարժի ճանապարհին թափվում են գետնի մակերևույթին: Աղտոտված տարածքի ուրվագիծը սովորաբար նման է ձգված էլիպսի:
Տեղանքի ռադիոակտիվ աղտոտում առաջանում է α-, β- և γ-ռադիոակտիվ նյութերից, որոնցից ամենավտանգավորը β և γ-ակտիվ նյութերն են: Ռադիոակտիվ ամպի տեղաշարժի ճանապարհին ամենասաստիկ ճառագայթումը (մարդու համար ամենավտանգավորը) դիտվում է պայթյունի էպիկենտրոնամերձ շրջաններում: Ռադիոակտիվ ամպի տեղաշարժի տարածքը բաժանում են 4 գոտու՝ չափավոր, ուժեղ, վտանգավոր և արտակարգ վտանգավոր: Ամենավտանգավորն այդ առումով վերգետնյա միջուկային պայթյունն է: Օդային միջուկային պայթյունի դեպքում ռադիոակտիվ ճառագայթման հիմն. զանգվածները ցրվում են մթնոլորտում:
Միջուկային պայթյունի ռադիոակտիվ արգասիքների մեծ մասը կարճ ապրող ռադիոակտիվ տարրեր են, այդ պատճառով ժամանակի ընթացքում ռադիոակտիվ ամպի տեղաշարժի ճանապարհին ռադիոակտիվությունը նվազում է: ժամանակի յուրաքանչյուր 7-ապատիկ աճը՝ պայթյունի սկզբից հաշված, հանգեցնում է տեղանքի ռադիոակտիվության մակարդակի 10-ապատիկ նվազման:
Տեղանքի ռադիոակտիվ աղտոտումը հիմնականում վտանգավոր է 1-ին 2 օրվա ընթացքում:
էլեկտրամագնիսական ազդակ (ԷՄԱ), տարբեր տեսակի միջուկային պայթյունների հետևանքով առաջացող կարճատև էլեկտր. և մագնիս. դաշտեր են՝ ռադիոհաճախությունների ընդգրկույթում: ԷՄԱ կարող է օդով և գրունտով տարածվել մեծ հեռավորություններ: Դրա ազդեցության հետևանքով մետաղ. օբյեկտներում առաջանում են էլեկտր. բարձր լարումներ, որոնք կարող են վնասել սարքավորումները, խափանել էլեկտր. սարքերի աշխատանքը, առաջացնել հրդեհներ և պայթյուններ:
Սեյսմապայթյունային ալիքներն առաջանում են գրունտում: Դրանց ազդեցությամբ կարող են քանդվել խորացված և ստորգետնյա կառույցներն ու հաղորդակցուղիները:
Մարդու վրա միջուկային զենքի ախտահարող գործոնների ազդեցության բնութագիրը, բնակչության պաշտպանության, ախտահարումների կանխարգելման և ինքնա-ու փոխօգնության միջոցառումները ներկայացված են աղյուսակ 1-ում:
ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔ (ՔԶ), մարտական միջոցներ, որոնց ախտահարող ազդեցությունը հիմնված է թունավոր նյութերի (ԹՆ) թունավորող հատկության վրա: Այս զենքի հիմքը ներկայումս կազմում են նյարդալուծանքային ազդեցությամբ բարձր թունավորությամբ ԹՆ և թույները, որոնք կարող են առաջացնել չպաշտպանված մարդկանց զանգվածային թունավորումներ, ինչպես նաև վարակել տեղանքն ու օբյեկտները՝ տևական ժամանակով:
ՔԶ-ի թվին են պատկանում նաև հատուկ ԹՆ (հերբիցիդներ և դեֆոլիանտներ), որոնք նախատեսված են բույսերը ոչնչացնելու համար: ՔԶ լայնորեն կիրառվել է 1-ին աշխարհամարտի ժամանակ (1914-18 թթ.):
Ըստ ազդեցության բնույթի՝ ԹՆ բաժանում են 6 խմբի՝ նյարդալուծանքային, մաշկապալարային, ընդհանուր թունավորման, հեղձուցիչ, գրգռող և հոգեքիմ.: Առավել թունավոր են 1-ին խմբի՝ նյարդալուծանքային ԹՆ, որոնք ազդում են նյարդային համակարգի վրա: Դրանցից են զարին, զոման և V-գազերի տիպի ֆոսֆորօրգ. միացությունները, որոնց գոլորշին կամ աերոզոլը շնչելիս թունավոր հատկությունն ի հայտ է գալիս շատ արագ: Բարձր կոնցենտրացիաների դեպքում մահը վրա է հասնում մի քանի ր-ում: ԹՆ, ըստ կայունության աստիճանի, բաժանում են 2 խմբի՝ կայուն ԹՆ, որոնց թունավորող հատկությունը պահպանվում է մի քանի ժ-ից մինչև մի քանի օր, և անկայուն ԹՆ՝ մի քանի ր-ից մինչև 1-2 ժ: ԹՆ օգտագործում են կաթիլահեղուկային, գոլորշի (գազային) վիճակում, աերոզոլի (մառախուղ, անձրև) ձևով: Առավել արդյունավետ է աերոզոլային եղանակը, որովհետև այդ դեպքում ապահովվում է մանրագույն մասնիկների առավելագույն կոնցենտրացիա մթնոլորտի մերձգետնյա շերտում, և կաթիլները կարող են թափանցել շենքեր, ոչ հերմետիկ կառույցներ ևն: ԹՆ օրգանիզմ կարող են թափանցել չպաշտպանված շնչառ. օրգաններով, լորձաթաղանթով, մաշկով՝ մաշկի վրա ԹՆ-ի կաթիլ ընկնելիս կամ թունավորված առարկաների հետ շփվելիս, ստամոքսաղիքային համակարգով (թունավորված ջրով, սննդամթերքով): Թունավորումը կարող է առաջանալ կամ կարճ ժամանակում, կամ գաղտնի շրջանից հետո:
Լուրջ վտանգ են ներկայացնում այն ԹՆ ու հերբիցիդները, որոնք մարդու և շրջակա միջավայրի վրա ներգործում են դանդաղ, տևականորեն և որոշ դեպքերում առաջացնում են գենետիկ. ապարատի վնասում, որը հանգեցնում է վերարտադրության խանգարման, բուս. և կենդ. աշխարհի տարբեր ներկայացուցիչների այլասերման: Այդպիսի հետևանքներ հստակորեն դրսևորվել են Վիետնամում, ԱՄՆ-ի կողմից ՔԶ-ի կիրառման հետևանքով, մասնավորապես՝ նարնջագույն նյութ («Էյնջենտ օրանժ») կոչվող հերբիցիդից: ԹՆ-ի հիմն. խմբերի բնութագիրը, դրանց ազդեցության դրսևորումներն ու վնասը կանխորոշելու, դրանցից պաշտպանվելու և ինքնա- ու փոխօգնության միջոցառումները շարադրված են աղյուսակ 2-ում:
ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ (ԲԱԿՏԵՐԻԱԲԱՆԱԿԱՆ) ԶԵՆՔ (ԿԶ): Այս զենքի ազդեցությունը հիմնված է մարդկանց, կենդանիների ու բույսերի զանգվածային հիվանդություններ առաջացնող միկրոօրգանիզմների օգտագործման վրա:
Հիվանդածին միկրոօրգանիզմների (տես Բակտերիաներ, Վիրուսներ, Ռիկետսիոզներ, Սնկիկներ մանրադիտակային) հսկայական թվից որպես բակտերիաբան. միջոց կարող են օգտագործվել նրանք, որոնք (հիվանդածին միկրոօրգանիզմը) ունեն զանգվածային հիվանդություն առաջացնելու ունակություն և անսահմանափակ քանակներով աճեցնելու հնարավորություն: Դրանց թվին են պատկանում մարդկանց