Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ալկոհոլի բարերար ազդեցության, օրգանիզմի համար դրա օգտակարության մասին սխալ պատկերացումները, սովորույթների ուժը և գոյություն ունեցող մեկ այլ պատկերացում, որ սպիրտային խմիչքների օգտագործումն իբր հասունության, ինքնուրույնության, ուժի և տղամարդկության ցուցանիշ է:

Հզոր է մերձավորների (ծնողներ, ընկերներ) ազդեցությունն անձի ձևավորման և ալկոհոլի հանդեպ որոշակի հակման դրսևորման վրա: Ա-յան առաջացման ու տարածման մեջ ընտանիքի դերի ուսումնասիրման ժամանակ հաստատվել է ծնողներից մեկի ալկոհոլ չարաշահելու, մանկ. տարիքում սխալ դաստիարակության (ավելորդ խնամատարությունը, տաքուկ պայմանները կամ ընդհակառակը՝ խնամազրկությունը, ծնողների անտարբերությունը, անհավասարակշռությունը, ընդհարումներն ընտանիքում ևն) ազդեցությունը: Շատ հետազոտողներ ուշադրություն են դարձնում ալկոհոլամոլների հոգեկան անկատարությանը, ալկոհոլի հանդեպ առանձին մարդկանց նախատրամադրվածությանը: Սակայն այդ նախատրամադրվածությունը, որպես կանոն, ոչ թե ժառանգական է, այլ ձեռքբերովի: Այն չի դրսևորվի ճիշտ դաստիարակության և սոցիալ. հսկողության դեպքում:

Ա. անդրադառնում է անհատ. և հաս. կյանքի բոլոր ձևերի վրա: Ալկոհոլի ոչ միայն կանոնավոր, այլև մեկանգամյա օգտագործումը վնասում է առողջությանը, պատճառ դառնում ընտանիքի քայքայման, կործանարար է ազդում երեխայի դաստիարակության վրա: Ալկոհոլի ազդեցությամբ մարդիկ կորցնում են հասարակության և պետության հանդեպ պատասխանատվության զգացումը, կատարում են խուլիգան. արարքներ և այլ իրավախախտումներ: Ա. հանգեցնում է բնակչության բարոյականության և բարեկեցության մակարդակի անկման: Հաստատված է, որ ալկոհոլը կործանարար է ազդում մարդու բոլոր օրգան-համակարգերի վրա:

Ալկոհոլի մշտապես օգտագործման հետևանքով առաջանում է հիվանդագին հակման համախտանիշ, չափի զգացման և օգտագործվող ալկոհոլի քանակության վրա հսկողության կորուստ, կենտր. և ծայրամասային նյարդային համակարգերի (պսիխոզներ, նյարդաբորբեր ևն), ներքին օրգանների գործունեության խանգարումներ (տես Ալկոհոլամոլություն քրոնիկական): Ալկոհոլի նույնիսկ մեկանգամյա ընդունումից առաջացած հոգեկան փոփոխությունները (գրգռվածություն, անզսպություն, ընկճվածություն ևն) ինքնասպանության պատճառ կարող են դառնալ: Հարբած վիճակում հավասարակշռության, ուշադրության, շրջապատի ընկալման պայծառության, շարժումների համակարգման խանգարումները հաճախ հանգեցնում են դժբախտ պատահարների:

Վիտամինների (հատկապես B խմբի) փոխանակության խանգարումներով, ինչպես նաև ալկոհոլի անմիջական թունավոր ազդեցությամբ են պայմանավորված ծայրամասային նյարդային համակարգի ախտահարումները, որոնք դրսևորվում են նյարդաբորբերի, բազմանյարդաբորբերի և այլ խանգարումների ձևով:

Քրոնիկ. Ա-յան ժամանակ նկատվող ձեռքերի մատների, կոպերի, լեզվի ծայրի դողը (հատկապես առավոտները՝ մինչև ալկոհոլ ընդունելը) մարդուն կարող է զրկել նույնիսկ սովոր. աշխատանք կատարելուց: Համարյա բոլոր հարբեցողները տառապում են վեգետատիվ նյարդային համակարգի խանգարումներով (գերքրտնություն, դաստակների սառչում ևն): Քրոնիկ. Ա-յան դեպքում հաճախ առաջանում է տեսողության, լույսի հանդեպ բբերի հակազդեցության, առանձին դեպքերում՝ նաև լսողության և հոտառության թուլություն:

Ստամոքսի լորձաթաղանթի վրա ալկոհոլի ազդեցությունն արտահայտվում է նրա գործունեության խանգարմամբ, քրոնիկ. ալկոհոլային ստամոքսաբորբի առաջացմամբ, որը սովորաբար ուղեկցվում է ստամոքսահյութի թթվության զգալի իջեցումով կամ լրիվ բացակայությամբ: Որքան երկարատև է Ա., այնքան ավելի ծանր փոփոխություններ են առաջանում ստամոքսի լորձաթաղանթում:

Ալկոհոլը հատկապես կործանարար է ազդում լյարդի վրա, դրա երկարատև օգտագործումից առաջանում են քրոնիկ. լյարդաբորբ և լյարդի ցիռոզ: Ա. ենթաստամոքսային գեղձի բորբոքման հաճախակի պատճառներից է: Ա-յան ժամանակ հաճախ մահվան պատճառ են դառնում (վնասվածքի հետ մեկտեղ) սրտային կամ գլխուղեղային վտանգավոր բարդությունները: Ալկոհոլն առաջացնում է (այդ թվում նաև երիտասարդների մոտ) արյան անոթների լարման, սրտի ռիթմի, սրտի և գլխուղեղի հյուսվածքային փոխանակության խանգարումներ, այդ հյուսվածքների բջիջների անվերադարձ փոփոխություններ: Դրանց հետևանքով հերթական հարբեցողության ժամանակ հուզումները, ֆիզ. լարումը, սուր հիվանդությունը, վիրաբուժ. միջամտությունը կարող են առաջացնել սրտի կանգ, ուղեղի այտուց:

Ալկոհոլը վնասակար ազդեցություն ունի ներզատիչ, առաջին հերթին սեռ. գեղձերի վրա: Սեռ. գործունեության անկում է նկատվում ալկոհոլը չարաշահող անձանց 1/3-ի և քրոնիկ. ալկոհոլամոլների մոտ: Ալկոհոլային սեռ. անկարողության հետևանքով տղամարդիկ հաճախ տառապում են կենտր. նյարդային համակարգի տարբեր ֆունկցիոնալ խանգարումներով (նևրոզներ, ռեակտիվ ընկճվածություն ևն): Կանանց Ա-յան դեպքում դաշտանը վաղ է ընդհատվում, նվազում է մանկածնության ունակությունը, նկատվում են հղիության տոքսիկոզներ:

Ալկոհոլի մշտապես օգտագործումը հանգեցնում է վաղաժամ ծերացման և հաշմանդամության, հարբեցողության հակված անձանց կյանքի տևողությունը 15-20 տարով կարճ է միջին վիճակագրականից: Ա. խանգարում է հաս. արտադրության գործընթացին, շատ ձեռնարկություններ և հիմնարկներ բավականաչափ կորուստ են ունենում գործալքման, վթարների, հափշտակումների, աշխատանքի արտադրողականության իջեցման պատճառով: Սպիրտային խմիչքի նույնիսկ փոքր չափերով ընդունումից որակավորված աշխատողների աշխատանքի արտադրողականությունն արդյունաբերությունում իջնում է 30%-ով, չափից ավելի օգտագործումից՝ 70%-ով: 30 մլ օղու ընդունումից զգալի ավելանում է գրաշարների, մեքենագրուհիների, օպերատորների թույլ տված սխալների քանակը, 150 մլ օղի օգտագործելու դեպքում հողափորների և քարտաշների մկանային ուժը պակասում է 25%-ով, և իջնում է աշխատանքի արտադրողականությունը:

Հանցագործությունների հետ Ա-յան փոխադարձ կապը պայմանավորված է այդ երևույթների սոցիալ-հոգեբան. արմատների ընդհանրությամբ, ինչպես նաև ալկոհոլի ազդեցությամբ բռնակալ կամ շահամոլ անձի ձևավորմամբ: Ալկոհոլի օգնությամբ հանցագործները հավաքագրում են հանցակիցներ (մեղսակիցներ), դրանց օգտագործում որպես հանցագործության կատարումը թեթևացնող արհեստ. դրդող միջոց: Անձի բռնակալ տիպի ձևավորումը պայմանավորված է ալկոհոլի անմիջական ազդեցությամբ, որը խանգարում է իրադրությունը սթափ գնահատելուն, առաջացնում զայրույթով լի գրգռվածություն, հարձակվողականություն, ստոր բնազդների և կրքերի մղում: Այդ ժամանակ բռնակալ, ագրեսիվ վարքը, որի հետևանքով հաճախ խուլիգանություններ, սպանություն, բռնաբարություն են կատարում, հասցնում մարմնական ծանր վնասվածքներ, ռացիոնալ բանական որևէ նպատակի հասնելու միջոց չէ.