Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարձրակարգ բույսերն ու կենդանիները, այդ թվում և մարդը, կազմված են մեծ քանակությամբ բազմազան Բ-ներից, որոնք միավորված են հյուսվածքներում ու օրգաններում: Օրինակ՝ մարդու օրգանիզմը բաղկացած է մոտ 1014 Բ-ներից: Վերջիններիս կենսագործունեությունը հնարավոր է էներգիայի արտաքին աղբյուրների և. քիմ. նյութերի օգտագործման շնորհիվ, որն անհրաժեշտ է բարդ կազմավորված ու փոխադարձ կապված բջջային կառուցվածքների սինթեզի և վերականգման, ինչպես նաև մասնագիտացված ֆունկցիաների կատարման համար: «Բջիջ» հասկացությունն առաջարկել է անգլ. գիտնական Ռ. Հուկը, 1665-ին: Մանրադիտակի տակ դիտելով բույսերի խցանային հյուսվածքի նուրբ կտրվածքները՝ նա նկատեց, որ հյուսվածքը կազմված է մանր խորշիկներից, որոնք միմյանցից անջատված են միջնապատերով: Դրանք նա անվանեց Բ-Ներ: Հետագայում անգլ. գիտնական Գրյուն և իտալ. Մալպիգին մանրադիտակային «պարկիկներ» (Բ-ներ) հայտնաբերեցին բույսերի տարբեր օրգաններում: Անգլ. բուսաբան Ռ. Բրոունը խոլորձի բջիջներում նկարագրեց (1831) գնդաձև կառուցվածքներ, որոնց անվանեց կորիզ: Գերմ. գիտնականներ Մ. Շլայդենը և Թ. Շվանը հաստատեցին (1838-39-ին), որ Բ-ները բուս. և կենդ. օրգանիզմների հիմն. տարրերն են և անհատ. զարգացման ընթացքում փոփոխվում են:

Բ-ները մանրադիտակային գոյացություններ են, ունեն մի քանի միկրոնից (բակտերիաներ) մինչև 10-50 մկմ և ավելի մեծություն: Ըստ ձևի՝ լինում են գնդաձև, իլիկաձև, ձվաձև, մտրակավոր ևն: Բ-ների նուրբ կառուցվածքը, շարժումները, բաժանումը ևն ուսումնասիրում են ժամանակակից մանրադիտակների (էլեկտրոնային, լյումինեսցենտային ևն) օգնությամբ: Բ. կազմված է տարբեր բաղադրամասերից, որոնք կենսագործունեության ընթացքում կատարում են առանձնահատուկ ֆունկցիաներ՝ խիստ համաձայնեցված ռեժիմով: Յուրաքանչյուր Բ. կազմված է բջջապլազմայից և կորիզից: Բջջապլազման կիսահեղուկ միջավայր է, պարունակում է բազմաթիվ օրգանոիդներ և տարբեր ներառումներ: Կենդանիների Բ-ների օրգանոիդներից են կորիզը, միտոքոնդրիաները, ներպլազմային ցանցը, Գոլջիի համալիրը, լիզոսոմները ևն, իսկ բույսերինը՝ նաև պլաստիդները, որոնցից առավել կարևոր են քլորոպլաստները: Բ-ներն արտաքինից պատված են բջջապլազմային թաղանթով, որն ունի բարդ կազմություն և կատարում է տարբեր ֆունկցիաներ:

Կորիզը պարունակում է միկրոկառուցվածքներ, որոնք կրում են Բ-ի ժառանգ. ինֆորմացիան (տես Գեն, ժառանգականություն): Բ-ների մեծամասնությունը պարունակում է 1 կորիզ, բայց կան նաև երկ- և բազմակորիզավորներ: Կորիզն արտաքինից սահմանազատված է թաղանթով, որի ծակոտիներով դեպի բջջապլազմա կարող են անցնել նույնիսկ խոշոր մոլեկուլները, օրինակ՝ ինֆորմացիոն ռիբոնուկլեինաթթուները (տես Նուկլեինաթթուներ), որոնք գենետիկ. ինֆորմացիա են հաղորդում բջջային որոշակի սպիտակուցների սինթեզի մասին: Բ-ի ֆիզիոլոգ. ակտիվության փոփոխության դեպքում ծակոտիները կարող են անհետանալ կամ նորից առաջանալ:

Բ. բարդ համակարգ է, որը կարող է ստեղծել և խիստ կարգավորված աշխատունակ վիճակում պահպանել իր կառուցվածքներն ու իրականացնել բազմաթիվ քիմ. փոխարկումներ, այդ թվում՝ սպիտակուցների, նուկլեինաթթուների, բազմաշաքարների և այլ միացությունների սինթեզը: Բնականոն կենսագործունեության համար Բ-ին անհրաժեշտ է արտաքին աղբյուրներից մշտապես ստացվող էներգիա: Այդպիսի աղբյուրներ են արեգակի էներգիան (օգտագործում են կանաչ բույսերի Բ-ները), ազատ քիմ. էներգիան, ինչպես նաև սննդանյութերում պարունակվող օրգ. նյութերը: Բ-ների կողմից սինթեզվող որոշ նյութեր կամ վերջնանյութեր հեռացվում են Բ-ներից (հյութազատություն, արտազատություն): Նշված փոխարկումների ամբողջությունն իրենից ներկայացնում է Բ-ի նյութափոխանակությունը (տես Նյութերի և էներգիայի փոխանակություն):

Բ-ները լինում են տարասուն և ինքնասուն: Տարասունները (մարդու և կենդանիների) կառուցվածքային տարրերն ու էներգիան ստանում են դրսից՝ բուս. և կենդ. ծագման սննդի ձևով: Վերջինիս ածխաջրերը, ճարպերը, սպիտակուցները, լինելով ազատ քիմ. էներգիայի աղբյուր, միաժամանակ կառուցվածքային տարրե րի՝ամինաթթուների, ազոտային հիմքերի, ճարպաթթուների աղբյուր են, որոնք Բ-ում չեն սինթեզվում: Ինքնասուն օրգանիզմների (կանաչ բույսերի) Բ-ները ֆոտոսինթեզի համար օգտագործում են արեգակի էներգիան, իսկ ազոտը, ֆոսֆորը, ծծումբը և մյուս հանքային նյութերը՝ կենսաօրգ. միացությունների ամբողջ բազմազանության կենսասինթեզի համար: Օրգ. միացությունների օքսիդացման ընթացքում առաջանում են ոչ միայն ներբջջային հետագա սինթեզի համար անհրաժեշտ պարզ նյութեր, այլև ադենոզինեռֆոսֆորաթթվի, կրեատինֆոսֆատի, գուանոզինեռֆոսֆորաթթվի և այլ միացությունների մոլեկուլներ, որոնք ազատ քիմ. էներգիայի կուտակիչներ են Բ-ում ընթացող բոլոր գործընթացների (նոր քիմ. միացությունների սինթեզ, մեխ., էլեկտրաքիմ. գործունեություն) համար:

Բ-ներն ընդունակ են ինքնավերարտադրման, որի հիմքում ընկած է ԴՆԹ-ի ինքնապատճենավորման ունակությունը և միտոզի ընթացքում քրոմոսոմների խիստ հավասարարժեք բաժանումը: Քրոմոսոմների ինքնավերարտադրման, կիսման, բջջապլազմայի բաժանման և 2 կորիզների առաջացման ընթացքները կազմում են Բ-ի միտոզի շրջանը: Ժառանգ. նյութը հավասար բաժանվում է դուստր Բ-ների միջև: Բաժանումից հետո Բ-ները տարբերակվում են և կատարում համապատասխան ֆունկցիա:

Բազմաբջիջ օրգանիզմում կան բազմաթիվ Բ-ներ (նկ.), որոնք միմյանցից տարբերվում են կառուցվածքով և կենսագործունեությամբ: Միևնույն ծագման մասնագիտացված Բ-ներն առաջացնում են հյուսվածքներ: ժամանակակից դասակարգմամբ