Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարգմամբ Բ-ները բաժանում են ըստ հյուսվածքի տեսակի՝ էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային: Բ-Ները, պահպանելով յուրաքանչյուր հյուսվածքի բնորոշ գծերը, կարող են տարբերվել թե՛ արտաքին տեսքով, թե՛ ֆունկցիայով, և տարբերությունների բնույթը փոփոխվում է օրգանիզմի անհատ. զարգացման ընթացքում: Ֆունկցիոնալ առանձնահատկությունների ձեռքբերման կարևոր գործոն է նաև Բ-ի փոխներգործությունը (նյարդային կամ հումորալ կապով) այլ հյուսվածքների Բ-ների կամ հեռավոր Բ-ային համակարգերի հետ: Յուրաքանչյուր հյուսվածքում կան Բ-ներ, որոնք պահպանում են բաժանման ունակությունը: Դրանց սերնդի մի մասը բաժանումից հետո տարբերակվում է և փոխարինում տվյալ հյուսվածքի մահացած Բ-ներին, իսկ մյուս մասը չի տարբերակվում և ընդունակ է հետագա բաժանման: Բ-ների բնականոն գործունեության խանգարումները (ախտաբանությունը) կապված են բազմաթիվ գործոնների (ֆիզ., քիմ., կենսբ.) հետ և բնութագրվում են Բ-ների օրգանոիդների կազմավորման ընդհանուր կամ տեղային խանգարումներով, նյութափոխանակության առանձին փոփոխություններով:

Բ-ների համար անբարենպաստ գործոններ են լուսային և իոնացնող ճառագայթները, ցածր և բարձր ջերմաստիճանները, ակտիվ քիմ. միացությունները, վիրուսային, բակտերիային, սնկիկային վարակները, սննդի մեջ այն նյութերի անբավարարությունը, որոնք Բ-ին ապահովում են քիմ. էներգիայով կամ առանձնահատուկ կառուցվածքային միացություններով (անփոխարինելի ամինաթթուներ, ճարպաթթուներ, վիտամիններ, միկրոտարրեր), թթվածնի անբավարարությունը ևն: Անբարենպաստ կարող են լինել և ներքին գործոնները, օրինակ՝ ժառանգ. նյութի մուտացիաները, որոնք հանգեցնում են սպիտակուցների (մասնավորապես՝ ֆերմենտների), լիպիդների սինթեզի բնածին արատների (տես Ժառանգական հիվանդություններ):

Բ-ների ախտաբանության տարածված պատճառ է դրանց մեջ վիրուսների թափանցումը և բազմացումը: Ընդ որում փոխանակության գործընթացները խանգարվում են, որովհետև ախտածին վիրուսը Բ-ին ստիպում է աշխատել միայն իր համար: Նորակազմ վիրուսային մասնիկների զանգվածային առաջացումից հետո Բ. ոչնչանում է: Որոշ ախտածին վիրուսներ առաջացնում են Բ-ների կազմափոխություն: Վիրուսների ազդեցության արդյունք կարող է լինել մի քանի Բ-ների միաձուլումը, որի հետևանքով գոյանում են բազմակորիզ հսկա Բ-ներ՝ փոխանակային գործընթացների խանգարումով, որը հանգեցնում է դրանց արագ ոչնչացման:

ԲՌՆՑՔԱՄԱՐՏ, բոքս, մարզաձև, բռունցքներով մենամարտ (հատուկ կանոններով) 2 մարզիկի միջև: Բռնցքամարտիկները հագնում են փափուկ (մազով լցված) կաշվե ձեռնոցներ, որոնք թուլացնում են հարվածի ուժը և վնասվածքից պաշտպանում դաստակը: Մրցման մասնակիցները ստորաբաժանվում են ըստ քաշի, տարիքի ու մարզ. պատրաստվածության: Տեխ. և մարտավար առումով Բ. սպորտի առավել բարդ ձևերից է:

Բ. զարգացնում է համարձակություն, վճռականություն, արագություն, ճարպկություն, ուժ ու տոկունություն, նպաստում է սիրտանոթային և շնչառության համակարգերի ֆունկցիաների կատարելագործմանը:

Բ-ի պարապմունքների ժամանակ հնարավոր են ձեռքերի, դեմքի վնասվածքներ: Յուրահատուկ վնասվածք է նոկաուտը (գետնատապալ պարտություն), որի ժամանակ առաջանում է գլխապտույտ, գիտակցության կարճատև կորուստ՝ ստորին ծնոտին, որովայնի վերին հատվածին հատվածելու հետևանքով: Նոկաուտի դեպքում մարտը դադարեցվում է, մարզիկին ցույց տրվում բժշկ. օգնություն: Նրան ազատում են (տարբեր ժամկետներով) մրցումներին մասնակցելուց (կախված վնասվածքի ծանրությունից):

ճիշտ կազմակերպված ուսումնամարզ. գործընթացը, պաշտպանության եղանակների կատարելագործումը, մարտը վարելու կանոնների ճշգրիտ կատարումը, պաշտպան. գլխարկի (սաղավարտի) օգտագործումը, ինչպես նաև խիստ բժշկական հսկողությունը նպաստում են վնասվածքների նվազմանը: Մարտը վարելու կանոններին համապատասխան՝ դատավորը դադարեցնում է մարտը՝ հակառակորդներից մեկի բացահայտ գերազանցության դեպքում: Վնասվածքների կանխարգելման նպատակով բռնցքամարտիկները մարզումներից և մրցումներից առաջ ձեռքի դաստակները փաթաթում են բինտով, բերանում դնում կաուչուկե ատամնապահունակ (կապպ), սեռ. օրգանները հարվածից պաշտպանելու համար կրում են հատուկ բանդաժներ, հագնում հատուկ պաշտպան. սաղավարտներ: Նախապատրաստ. խմբերում պատանիները Բ-ով պարապել կարող են 12-13 տարեկանից, փորձառու մարզիչների ղեկավարությամբ՝ նախապես բժշկ. հետազոտության ենթարկվելով: Գլխի հաճախ հանդիպող վնասվածքների հետևանքով բռնցքամարտիկները մշտապես գտնվում են բժշկ. հսկողության տակ: Բժշկ. զննումների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում նյարդային համակարգի, տեսողության և լսողության օրգանների, ընդհանուր ֆիզ. զարգացածության վիճակին:

ԲՐՈՆԽԱԲՈՐԲ, բրոնխների լորձաթաղանթների բորբոքում: Մարդու շնչառ. օրգանների առավել հաճախ հանդիպող հիվանդություններից: Ըստ հիվանդության ընթացքի՝ տարբերում են սուր և քրոնիկ. Բ.:

Սուր Բ. սովորաբար վարակիչ բնույթ ունի: Հիվանդության առաջացման պատճառ են դառնում օրգանիզմի մրսածությունը, ջերմաստիճանի կտրուկ տատանումները, երկարատև խոնավ պայմանները: Վերջիններիս հետ կապված՝ առավել հաճախ հիվանդանում են գարնանը և աշնանը: Հիվանդության առաջացմանը նպաստում են ծխելը, ալկոհոլի չարաշահումը, քրոնիկ. հիվանդությունների հետևանքով օրգանիզմի դիմադրողականության անկումը: Բ. երբեմն առաջանում է թունավոր գազերի, եթերայուղերի, փոշու և այլ գրգռող ազդեցությունների հետևանքով:

Սուր Բ. սկսվում է ընդհանուր թուլությամբ, առաջանում են մկանային ցավեր, հաճախ՝ հարբուխ, ըմպանի (տես Ըմպանաբորբ), կոկորդի (տես Կոկորդաբորբ), շնչափողի (տես Շնչափողաբորբ) բորբոքային ախտահարումներ: Այնուհետև սկսվում է աստիճանաբար սաստկացող հազ՝ քիչ լորձային խորխարտադրությամբ՝ հաճախ բաց դեղնավուն կամ կանաչավուն երանգով, կարող է բարձրանալ նաև մարմնի ջերմաստիճանը: Սովորաբար սուր Բ-ով հիվանդը 1-3 շաբաթից լրիվ առողջանում է, իսկ երեխաների և տարեցների Բ. հաճախ ծանր է ընթանում և բարդանում թոքաբորբով, թոքափքանքով ևն:

Քրոնիկ. Բ-ի առաջացմանը նպաստում են ծխելը, փոշոտ և աղտոտված օդ շնչելը, թունավոր գազերով բրոնխների լորձաթաղանթների երկարատև գրգռումը, ալկոհոլի չարաշահումը, քթի, քթաըմպաևի, քթի հավելյալ ծոցերի (տես Քիթ, քթի հավելյալ ծոցեր) հիվանդությունները: Քրոնիկ. Բ. հաճախ ուղեկցվում է բրոնխային հեղձուկով, շնչառ. անբավարարությամբ (տես Շնչառական համակարգ): Հիվանդության մեղմացման շրջանին հաջորդում է սրացումը, երբ հիվանդին անհանգստացնում է գորշականաչավուն խորխարտադրությամբ համառ հազը: