թերթիկ չի ձևակերպվում և նպաստ չի վճարվում: Հարբած վիճակում հանցագործություններ կատարողները չեն ազատվում պատիժը կրելուց, իսկ որոշ դեպքերում՝ հարբածությունը դիտվում է որպես հանցանքը ծանրացնող հանգամանք (օրինակ՝ ավտոտրանսպորտի վարորդների համար): Հարբած վիճակում չի թույլատրվում տրանսպորտի միջոցներ վարելը: Այդ օրենքի խախտումը դիտվում է որպես կանխամտածված գործողություն՝ ուղղված տրանսպորտում վթարային իրադրության ստեղծմանը: Մեղավորները, կախված հանգամանքներից, ենթարկվում են տույժի կամ 1-3 տարի զրկվում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Օրենքով նախատեսված է սպիրտային խմիչքները չարաշահող և ընտանիքը նյութ. ծանր վիճակի հասցնող անձանց գործունակության սահմանափակում՝ նրանց վրա խնամատարություն հաստատելով:
Վարակիչ, վեներ. և հոգեկան հիվանդությունների հետ մեկտեղ Ա. շրջապատի համար վտանգ է ներկայացնում և պահանջում է բուժման ու կանխարգելման հատուկ միջոցառումներ:
Ա-յան կամավոր բուժումն իրականացվում է թմրաբան. ծառայության ցանցում՝ կախված հիվանդության ձևից և ծանրության աստիճանից: Ցուցաբերվում է ամբուլատոր (թմրաբան. դիսպանսերներում) կամ հիվանդանոցային օգնություն: Ա-յամբ հիվանդներին հոսպիտալացնում են հոգեբուժ. հիվանդանոցների թմրաբան. բաժանմունքներում կամ հատուկ հիվանդանոցներում:
Վերջին տարիներին կատարվում է անանուն բուժում, երբ հիվանդի ազգանունը գրանցելը պարտադիր չէ, և բժշկ. գրանցումը կատարվում է ամբուլատոր քարտի համարով:
ԱԼԿՈՀՈԼԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ ՔՐՈՆԻԿԱԿԱՆ, հիվանդություն, որն առաջանում է մշտապես չափից ավելի սպիրտային խմիչքներ օգտագործելուց: 1-ին ախտանշաններն են. ալկոհոլի հանդեպ օրգանիզմի բարձր հանդուրժողականությունը մեծ քանակությամբ սպիրտային խմիչքներ ընդունելիս (հաճախ ուղեկցվում է առանց թունավորման նշանների և հետագա նողկանքի զգացման) և փսխման անհետանալը: Միաժամանակ առաջանում է հիվանդագին հակում ալկոհոլի հանդեպ (սպիրտային խմիչքի մասին անդադար մտքեր, խմիչքն ընդունելու կանխավայելման հետ կապված՝ տրամադրության բարձրացում):
Ալկոհոլային հարբեցումը դառնում է հարբեցողի բավարարվածության և բարեկեցության զգացողության միակ վիճակը, մյուս իրադարձություններն արժեզրկվում են: Սպիրտային խմիչքի բացակայության ժամանակ, նույնիսկ ամենաբարենպաստ իրավիճակներում, առաջանում են ցրվածություն, գրգռվածություն, իջնում է աշխատունակությունը: Սպիրտային խմիչքների սովորություն դարձած քանակությունն ընդունելուց հետո տրամադրությունը լավանում է, ֆիզ. լարումը և հոգեկան գործունեության ուժգնությունը՝ բարձրանում, ուշադրությունը՝ կենտրոնանում: Ժամանակի ընթացքում հիվանդագին հակումը դրսևորվում է ալկոհոլի հանդեպ անզուսպ ցանկությամբ, որն սկսում է ղեկավարել հիվանդի վարքագիծը: Հակումը կարող է հասնել քաղցի, ծարավի ուժգնության և ուղեկցվել բբերի լայնացմամբ, քրտնոտությամբ ևն: Հարբեցողությունը ձեռք է բերում կանոնավոր, մշտ. բնույթ: Փոխվում է հարբեցման ձևը. թուլանում է սպիրտային խմիչքի հանգստացնող, թուլացնող ազդեցությունը, և ընդհակառակը, ուժեղանում է տոնուսավորող, դրդող հատկությունը:
Սթափ ալկոհոլամոլը թորշոմած է, թափթփված, ընկճված, հարբածը՝ գործունյա, շարժուն, աշխույժ: Բարեհոգությունը, սակայն, շատ արագ փոխարինվում է գրգռվածությամբ, զայրույթով (ցասումով) կամ լացկանությամբ: Հնարավոր են չհիմնավորված խանդը, անիրավացի վիրավորվածությունը, հարձակվողականությունը ևն: Հարբելիս առաջանում են հիշողության խանգարումներ՝ կատարվածի մանրուքները չհիշելը կամ սթափվելիս հարբած ժամանակ կատարվածը լրիվ վերհիշելու անհնարինությունը:
Ալկոհոլային քաղցի (աբստինենցիա) համախտանիշն առաջանում է աստիճանաբար, սովորաբար հիվանդության 4-10-րդ տարում: Սկզբում առաջանում է անհարմարավետության, ջարդվածության զգացում՝ վեգետատիվ թույլ ախտանշաններով (հորանջում, դող, աղիքների տոնուսի անկում): Երբ ալկոհոլային քաղցը հասնում է գագաթնակետին, այն արտահայտվում է բազմաթիվ ախտանշաններով՝ բբերի լայնացում, քրտնոտություն, դող, հորանջում, մկանային լարվածություն և ձեռքերի դող, շարժումների համակարգման խանգարում, ռեֆլեքսների սաստկացում, արյան ճնշման բարձրացում, սրտխփոց, անքնություն և ախորժակի կորուստ: Ալկոհոլի հանդեպ անզուսպ հակման ուժեղացման հետ միաժամանակ, առավոտվա ալկոհոլային քաղցն սկսում է անցնել ցերեկային հարբեցողության: Ժամանակի ընթացքում առաջանում են լուրջ հոգեկան խանգարումներ:
Նշված սովորական ախտանշանների (անքնություն, գրգռվածություն, լարվածություն) հետ մեկտեղ կարող են նկատվել անորոշ վախ, տագնապի, մեղավորության զգացում, ընկճվածություն, երբեմն՝ ջղաձգային նոպաներ և սուր պսիխոզ, որի առավել տարածված ձևը «սպիտակ տենդն» է: Ինչպես սուր պսիխոզը, այնպես էլ ջղաձգային նոպան իջեցնում են հիվանդի մտավոր կարողությունները:
Հիվանդության ընթացքում ալկոհոլամոլության ախտանշաններն աստիճանաբար փոխվում են. ընկնում է օրգանիզմի հանդուրժողականությունը սպիրտային խմիչքի հանդեպ, քրոնիկ. ալկոհոլամոլը հարբում է նույնիսկ փոքր քանակներից, խանգարվում է հիշողությունը: Երբեմն հարբեցողությունը դառնում է պարբերական, առաջանում է իսկական հարբածություն, որի դեպքում յուրաքանչյուր հաջորդ օրը հիվանդը խմում է ավելի քիչ, քան նախորդ օրը, և հարբեցումն ավարտվում է հոգեֆիզ. ծանր հյուծումով, սպիրտային խմիչքի հետագա ընդունման անհնարինությամբ: Որոշ հիվանդների մոտ իսկական հարբեցումը ձեռք է բերում բավականաչափ կանոնավոր փուլային բնույթ: Աստիճանաբար փոխվում է նաև խումարաթողի համախտանիշի պատկերը: Խումարաթողի վիճակը կորցնում է իր լարվածությունը, բայց հիվանդի կյանքին սպառնացող վտանգն ավելանում է: Քրոնիկ ալկոհոլամոլները խումարաթողի վիճակում դառնում են ծանրաշարժ, թորշոմած, անտարբեր կամ ընկճված, հաճախ ինքնասպանություն են գործում: Երբեմն ալկոհոլամոլության չբուժված դեպքերի ժամանակ առաջանում են քրոնիկ. պսիխոզներ (խանդի զառացանք, զգայախաբություն, ալկոհոլային թուլամտության ծանր ձև), գիտակցության կորուստ, լուծանքներ ևն: Ա.ք.-ի կենսբ. և սոցիալ. հետևանքները ծանր են և՛ հիվանդի, և՛ հասարակության համար: Կենսբ. հետևանքը հոգեբանաֆիզ. առաջընթաց հյուծվածությունն է: Սկզբում առաջանում են անուժության ախտանշաններ (հոգնածություն, թուլություն, հուզ. անհավասարակշռություն), հետագայում դրանց միանում են անքնությունը, ախորժակի կորուստը և տարբեր ֆունկցիոնալ խանգարումներ:
Ալկոհոլամոլությունն աստիճանաբար հանգեցնում է մտավոր կարողությունների թուլացման (հյուծվածություն, վերացականություն), ստեղծագործ. ունակությունների նվազման և, նույնիսկ, թուլամտության, հուզ-կամային խանգարումների