Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կանոնները ընդունվել են շատ երկրների կողմից, որովհետև անհանգստություն էր հայտնվել, որ միկրոօրգանիզմների գեների տեղափոխությունների հետևանքով կարող են առաջանալ մարդու համար վտանգավոր հատկություններով ԴՆԹ-ի մոլեկուլներ: Գ.ի-ի մեթոդները կարող են կիրառվել բժշկագիտության, ժողտնտեսության, շրջակա միջավայրի պահպանության բնագավառի մի շարք խնդիրների լուծման համար: Գ.ի. հնարավորություն է տվել համեմատաբար էժան ճանապարհով արտադրել մեծ քանակությամբ սպիտակուցներ: Հայտնի է, որ շաքարախտի դեպքում օրգանիզմում առաջանում է ինսուլինի անբավարարություն: Բուժման համար օգտագործում են խոշոր եղջերավոր կենդանիներից կամ խոզերից ստացված ինսուլինի պատրաստուկներ, որոնք իրենց կառուցվածքով տարբերվում են մարդու ինսուլինից, որի պատճառով շաքարախտի բուժումը ոչ միշտ է արդյունավետ: Մարդու ինսուլինը կարելի է ստանալ նաև քիմ. սինթեզի միջոցով, բայց դա թանկ է: Գ.ի. հնարավորություն է տվել ստանալ միկրոօրգանիզմների կողմից արտադրվող ինսուլին: Մարդու բջիջներից առանձնացրել են ինսուլինի սինթեզը հսկող գենը և տեղադրել աղիքային ցուպիկի գենոմի մեջ, և այժմ այդ հորմոնն արտադրվում է մանրէակենսբ. արդ-յան ձեռնարկություններում: Գ.ի-ի մեթոդներով սինթեզել են նաև ինտերֆերոն (հակավիրուսային պատրաստուկ), որի ստացման միակ աղբյուրը վիրուսային հիվանդությունով հիվանդացած դոնորի արյունն էր: Սակայն նշված հիվանդությունների բուժման համար պահանջվում է մեծ քանակությամբ ինտերֆերոն, որն անհնարին է ստանալ: Վիրուսային հիվանդությունով հիվանդացած մարդու բջիջներից առանձնացրել են ինտերֆերոնի սինթեզն ապահովող ՌՆԹ, որի հիմքի վրա սինթեզել են ինտերֆերոնի գենն ու տեղադրել բակտերիային բջիջների գենոմի մեջ, և դրանք սկսել են արտադրել ինտերֆերոն: Հետազոտողները բացահայտել են վերջինիս ամինաթթուների հաջորդականությունը և մշակել այդ սպիտակուցի ստացման ավելի պարզ եղանակներ: Ստացված ինտերֆերոնը բավական արդյունավետ էր վիրուսային հիվանդությունների բուժման համար: Նման եղանակով կարողացան ստանալ նաև մեծ քանակությամբ աճման հորմոն, որն անհրաժեշտ է գաճաճության բուժման համար (վերջինս առաջանում է երեխաների օրգանիզմում տվյալ հորմոնի անբավարարության դեպքում):

Գ.ի. հնարավորություն է տալիս ստանալ սկզբունքորեն նոր տեսակի վակցինաներ: Բակտերիաներին «սովորեցրել են» արտադրել վիրուսի թաղանթային սպիտակուցներ, որոնք օգտագործվում են վակցինացման համար: Այդ վակցինաները թեպետ այնքան էլ արդյունավետ չեն, բայց անվնաս են (չեն պարունակում վիրուսի գենետիկ. նյութ): Աշխատանքներ են կատարվում գրիպի, վիրուսային լյարդաբորբի դեմ վակցինաներ ստանալու ուղղությամբ:

Գ.ի. մեծ հեռանկարներ ունի ոչ միայն բժշկության բնագավառում, նրա նվաճումներն օգտագործվում են նաև կենսատեխնոլոգիայում (կենսբ. գործոնների և գործընթացների կիրառումը արդ-յան մեջ), որը հնարավորություն է տալիս կտրուկ բարձրացնել գյուղատնտ. արտադրության արդյունավետությունը և առաջարկում է միանգամայն նոր մեթոդներ, արդ. աղտոտումներից շրջակա միջավայրի պահպանության համար:

ԳԵՆՈՏԻՊ, տես Ժառանգականություն:

ԳԵՐՀՈՒՅԶ, սթրես, օրգանիզմի ընդհանուր վիճակ, որն առաջանում է արտակարգ գրգռիչի արդեցությունից: «Սթրես» տերմինն առաջարկել է (1936) կանադացի գիտնական Հ. Սելյեն: Նա հայտնաբերել է, որ օրգանիզմի վրա արտակարգ (Գ-ային) գրգռիչի ազդեցության դեպքում գլխուղեղի ստորին մակերևույթում տեղադրված հիպոֆիզն ավելացնում է ադրենոկորտիկոտրոպային (ադրենակեղևահակ) հորմոնի արտազատությունը, որը խթանում է մակերիկամների կեղևի գործունեությունը, և արյան մեջ են անցնում մեծ քանակությամբ կորտիկոստերոիդային հորմոններ: Մակերիկամների միջուկային նյութը Գ-ի դեպքում արտազատում է ադրենալին: Վերջինս և մյուս հորմոններն իրենց հերթին խթանում են որոշ մեխանիզմներ, որոնց շնորհիվ օրգանիզմը հարմարվում է նոր պայմաններին: Հարմարվելու նման մեխանիզմները ֆիզ., քիմ., հուզ. և այլ գրգռիչների ազդեցությունների նկատմամբ առանձնահատուկ չեն և ընդհանուր են ցանկացած Գ-ային ներգործության նկատմամբ: Եվ դա հնարավորություն տվեց ձևակերպել, այսպես կոչված, ընդհանուր հարմարվող, համախտանիշի հասկացությունը: Վերջինս, լինելով հարմարվող. հակազդեցություն, որոշ պայմաններում (օրինակ՝ կրկնվող կամ չափազանց ուժգին ազդեցության դեպքում) կարող է հիվանդության առաջացման հիմք դառնալ, քանի որ հորմոնների արտանետումը երբեմն գերազանցում է անհրաժեշտ մակարդակը, իսկ դրանց ավելցուկը վնասակար է օրգանիզմի համար:

Գ-ի ազդեցության հետևանքով հիվանդությունների առաջացման գործում կարևոր նշանակություն ունի օրգանիզմի ելակետային վիճակը: Այսպես՝ հիպերտոնիկ հիվանդությամբ տառապողի օրգանիզմում Գ. ընթանում է ավելի բարդ՝ ուղեկցվելով հիպերտոնիկ կրիզով, իսկ ստամոքսի կամ աղիքների բորբոքային հիվանդությունների դեպքերում կարող են առաջանալ արյունահոսող խոցեր: Գ-ի հետևանքով սրտամկանում կարող են ի հայտ գալ մեռուկացման փոքր հատվածներ: Առանձնահատուկ տեղ են գրավում հուզ. Գ-ային իրավիճակները (օրինակ՝ սուր տարաձայնությունները), որոնց հաճախակի ներգործությունը կարող է առաջացնել մակերիկամների ֆունկցիոնալ հնարավորությունների հյուծում, որը կտրուկ կթուլացնի վնասակար գործոնների ազդեցության նկատմամբ օրգանիզմի հարմարվելու ունակությունը:

Հարմարվող. համախտանիշի առաջացման գործում, բացի հիպոֆիզի և մակերիկամների հորմոններից, որոշակի նշանակություն ունի նաև նյարդային համակարգը: Հաստատվել է, որ արտակարգ գրգռիչն սկզբում առաջացնում է սիմպաթիկ. նյարդային համակարգի և նյարդային բարձրագույն կենտրոնների դրդում, որը հաղորդվում է հիպոֆիզ և մակերիկամներ: Չի բացառվում նաև ներզատիչ մյուս գեղձերի հակազդեցությունը (տես Ներզատիչ համակարգ):

ԳԵՐՃՆՇՈՒՄ, գերլարում, հիպերթենզիա, հեղուկի (արյուն, ավիշ) ներանոթային ճնշման բարձրացումը: Գ. մկանների լարվածության բարձրացումն է, բայց ավանդաբար այդպես են անվանում արյան ճնշման բարձրացումը:

Տարբերում են առաջնային և 2-րդային զարկերակային Գ.: Առաջնայինն արյան ճնշման բարձրացումն է հիպերտոնիկ հիվանդության դեպքում, իսկ 2-րդայինը կապված չէ վերջինիս հետ, այլ ուրիշ հիվանդության (երիկամների բորբոքում, երիկամային անոթների ախտահարում, որոշ ներզատիչ գեղձերի ֆունկցիայի խանգարում ևն) ախտանշաններից է: 2-րդային զարկերակային Գ. հանդիպում է բավական հաճախ, և երբեմն պահանջվում է վիրաբուժ. բուժում: Միայն բժիշկը կարող է ճշտել (հետազոտության հատուկ մեթոդներով) զարկերակային ճնշման բարձրացման բնույթը: Անկախ ծագումից՝ զարկերակային Գ. կոչվում է սիստոլային, եթե վերին զարկերակային ճնշումը զգալիորեն բարձրացել է,