Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նկատմամբ մարդու վերաբերմունքի նպատակաուղղված կարգավորման բարձրագույն ձև: Գ-յան հիմնահարցի բազմազան լուծումները հանգում են 2 բևեռների՝ դրա մատերիալիստ. և իդեալիստ. ըմբռնմանը: Իդեալիզմը, Գ. կտրելով ուղեղի գործունեությունից, այն միշտ անջրպետել է օբյեկտիվ իրականությունից՝ պաշտպանելով մատերիայի նկատմամբ Գ-յան առաջնայնությունը: Մատերիալիզմը փնտրում է ընդհանրություն, միասնություն Գ-յան և օբյեկտիվ աշխարհի միջև՝ հոգեկանը անջատելով նյութականից, կեցությունը Գ-յան նկատմամբ դիտելով որպես որոշիչ և առաջնային:

Նյութ. աշխարհը գոյություն ունի Գ-ից դուրս, անկախ այն բանից, ընկալվում է մարդու կողմից, թե ոչ: Մատերիայի և Գ-յան այսպիսի բնորոշումը հստակ ցույց է տալիս Գ-յան 2-րդային լինելը:

Մարդը կենդանիներից որակապես տարբերվում է իր նպատակաուղղված պրակտիկ գործունեության ընթացքում կեցությունը գիտակցելու ունակությամբ, որը չի կարող իրականացվել առանց գլխուղեղի աշխատանքի: Սակայն Գ. միայն գլխուղեղի բնածին ֆունկցիան չէ: Բնածին է սոսկ Գ-յան առաջացման հնարավորությունը մարդու նյարդային համակարգի որոշակի կառուցվածքի շնորհիվ (տես Բարձրագույն նյարդային գործունեություն): Այդ հնարավորությունն իրական է դառնում, այսինքն՝ Գ. զարգանում է միայն հաս. կյանքի պայմաններում: Այս փիլ. դրույթը հաստատվում է գործնականում: Այսպես՝ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ երեխաներին հափշտակել են վայրի կենդանիները, տարել իրենց միջավայրը, որտեղ մեծացել են նրանք, ապա մի քանի տարի հետո վերադարձել մարդկային հասարակություն: Դրանք եղել են խղճուկ, գազանանման էակներ, որոնց մարդկային հատկություններ հաղորդելու բոլոր փորձերը անհաջողությամբ են ավարտվել, թեպետ կենսաբանորեն նրանք ոչնչով չեն տարբերվել սովոր. մարդկանցից, և նրանց նյարդային համակարգի կառուցվածքը մնացել է մարդկային: Դա հաստատում է, որ գլխուղեղը Գ-յան օրգան է, բայց գլխուղեղի միջոցով մարդու մտածելու ունակությունը ձևավորվում է սոսկ սոցիալ. կյանքի պայմաններում: Ուստի Գ. գլխուղեղի գործունեության արդյունք է՝ հաս. կյանքի պայմաններում:

Մարդու Գ-յան առաջացման կարևորագույն պայմաններից են աշխատանքը և խոսքը (լեզուն): Խոսքը Գ-յան դրսևորման նյութ. ձևն է, որն առաջացել է որպես մարդկանց հաղորդակցման միջոց: Խոսքի մեջ արտացոլվել է մարդկության մշակույթի և գիտության ողջ հարստությունը:

Գ. մարդուն հնարավորություն է տալիս ճիշտ արտացոլել իրականությունը, կողմնորոշվել դրանում, կանխատեսել ապագան և դրա հիման վրա գործնականորեն ազդել աշխարհի վրա:

ԳԼԱՈՒԿՈՄԱ, աչքի քրոնիկ. հիվանդություն, որի հիմն. ախտանշանը ներակնային ճնշման բարձրացումն է: Բնականոն պայմաններում ներակնային ճնշումը պահպանվում է որոշակի մակարդակի վրա, և այդ կայունությունն ապահովվում է ներակնային հեղուկի շրջանառությամբ (տես Աչք): Տարբեր պատճառների հետ մեկտեղ, առավել հաճախ անոթային և նյարդաանոթային խանգարումների հետևանքով, աչքում հեղուկի շրջանառությունը խանգարվում է, վատանում է հետհոսքը, որն իր հերթին հանգեցնում է ներակնային հեղուկի կուտակման և ներակնային ճնշման բարձրացման: Դրա կայուն բարձրացումը խանգարում է աչքի ֆունկցիան: Այն կարող է հանգեցնել աչքի ցանցաթաղանթի նյարդային տարրերի մահացման, տեսող. նյարդի անվերադարձ փոփոխությունների և դրա հետևանքով՝ տեսողության առաջընթաց վատացման ու նույնիսկ կուրության: Գ. առաջանում է առավել հաճախ 40-50 տարեկանում, հազվադեպ՝ երեխաների մոտ, այսպես կոչված, բնածին Գ., և երիտասարդների մոտ՝ պատանեկան Գ.:

Գ-ի վաղ ախտանշաններից է լույսի աղբյուրի շուրջ ծիածանի թվացող շրջանակների առաջացումը (լույսի աղբյուրին նայելիս): Տարբեր առարկաներին նայելիս կորչում է ուրվագծերի հստակությունը: Այդ երևույթները սովորաբար առաջանում են սկզբում 1 աչքում: Երբեմն (հաճախ՝ առավոտները) 1-3 ժ ընթացքում, աչքում (համապատասխան կողմի քունքում և ճակատի շրջանում) առաջանում է ճնշման զգացում: Այդ ախտանշանները կարող են նկատվել նաև այլ հիվանդությունների ժամանակ, ուստի դրանց ծագումը պարզելու համար անհապաղ պետք է դիմել բժշկի:

Գ. կարող է սկսվել նաև հանկարծակի՝ խիստ արտահայտված սուր նոպաներով: Առաջանում է ուժեղ ցավ աչքում և գլխի համապատասխան կեսում: Աչքը կարմրում է, կոպերն այտուցվում են, տեսողությունը՝ թուլանում: Երբեմն վատանում է նաև ընդհանուր վիճակը, առաջանում է սրտխառնոց, փսխում:

Հիվանդության առաջացման վաղ շրջանում սկսած բուժումն ամենաարդյունավետն է: Այն ընդգրկում է ազդեցության տարբեր մեթոդներ՝ ինչպես հիվանդ աչքի, այնպես էլ ողջ օրգանիզմի վրա: Հիվանդին մանրազնին հետազոտելով՝ կազմում են բուժման անհատ. պլան: Անհրաժեշտության դեպքում հետազոտությունն անցկացնում են հիվանդանոցում: Բուժման հաջողությունը մեծ մասամբ կախված է ճիշտ ռեժիմից: Գիշերային քունը պետք է տևի 7-8 ժ: Քնից առաջ, հնարավորության դեպքում, չպետք է ուտել: Խորհուրդ է տրվում լավ օդափոխել սենյակը, զբոսնել մաքուր օդում, քնել բարձր բարձի վրա, քանի որ գլխի ցածր դիրքը նպաստում է աչքում արյան և հեղուկի կանգային վիճակին և ներակնային ճնշման բարձրացմանը, այդ պատճառով էլ առավոտյան չի կարելի անկողնում երկար պառկած մնալ: Մտավոր աշխատանք կատարողներին խորհուրդ է տրվում օրվա ընթացքում կատարել չափավոր ֆիզ. բեռնվածությամբ տարբեր աշխատանքներ: Օգտակար են չհոգնեցնող զբոսանքները մաքուր օդում: Գ-ով հիվանդներին խորհուրդ չի տրվում կատարել իրանի, գլխի ուժեղ խոնարհումներ, ավլել ու լվանալ հատակը, քաղհանել մարգերը, լվացք անել, փայտ կոտրել, նվագել փողային գործիքներ, ծանրություն բարձրացնել: Հարկավոր է հիշել, որ դեպի գլուխն արյան առլեցումը նպաստում է ներգանգային ճնշման բարձրացմանը: Այդ պատճառով էլ Գ-ի դեպքում չի կարելի գլուխը չափից ավելի տաքացնել: Խորհուրդ չի տրվում լողանալ տաք բաղնիքում, գտնվել տաք սալօջախի մոտ, արևոտ օրերին գլխաբաց լինել դրսում, արևային լոգանքներ ընդունել: Կարդալ, գրել, նկարել, կարել միայն լավ լուսավորվածության տակ, որպեսզի աչքերը չհոգնեն: Ներակնային ճնշումը կարող է բարձրանալ նաև մթության պայմաններում երկար մնալիս: Դրա համար հիվանդներին խորհուրդ չի տրվում կրել մուգ ակնոց, երկար մնալ մութ շինությունում, իսկ քնելիս՝ պատուհանը ծածկել վարագույրով: Հեռուստացույցը միացնելիս հարկավոր է սենյակը չափավոր լուսավորել: Օգտակար է կրել բաց կանաչ ակնոց: Ցանկալի է խուսափել ուժեղ հուզումներից և ապրումներից: Հիվանդի համար հանգիստ պայմաններ պետք է ստեղծեն հարազատներն ու շրջապատող անձինք:

Չի կարելի օգտագործել ատրոպինի պատրաստուկներ, քանի որ դրանք կարող են առաջացնել ներակնային ճնշման բարձրացում և նույնիսկ Գ-ի սուր նոպա: Ուստի այլ մասնագիտության բժշկի դիմելիս հարկավոր է անպայման հայտնել Գ-ի մասին: