Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(անկայունություն, կոպտություն, հարաբերությունների հասարակացում, անհետևողականություն, անզսպություն, անկարգապահություն, անհամբերություն, ցրվածություն), վարքագծի փոփոխություններ (կապերի, շփումների և զբաղմունքների շրջանակի նեղացում), հետաքրքրությունների, հոգեկան զարգացման, գիտելիքների, որակավորման պահանջների կորուստ, բարոյական համոզմունքների աղավաղում, նախկինում իմաստ ունեցող արժեքների հանդեպ արհամարհական վերաբերմունք, հեղինակությունների և մարդկային անձի հանդեպ հարգանքի կորուստ): Մարմնական խանգարումները բազմազան են և կարող են առաջանալ Ա.ք.-ի սկզբում, եթե որևէ համակարգ թուլացած է (ժառանգականորեն կամ կրած հիվանդությունից հետո): Հաճախ ախտահարվում են սիրտանոթային և մարսող. համակարգերը: Հատկապես տուժում է լյարդը. Ա.ք. լյարդի ցիռոզի առավել հաճախակի պատճառներից է:

Ա.ք.-ին բնորոշ են նյարդային համակարգի տարբեր խանգարումներ՝ ամբողջ օրգանիզմի նյարդային կարգավորման, շարժումների և քայլվածքի համակարգման խանգարումներ, նյարդաբորբեր: Հատկապես վտանգավոր է տեսող. նյարդի բորբոքումը, որի դեպքում թուլանում է տեսողությունը, նեղանում է տեսադաշտը (ընկնում է ծայրամասային տեսողությունը), խանգարվում է գունային տեսողությունը (կարմիր և կանաչ գույների): Ալկոհոլի փոխնյութերի (սուռոգատներ) օգտագործման դեպքում հնարավոր է նաև լրիվ կուրություն:

Ա.ք-ով տառապող հիվանդների կյանքի տևողությունը կրճատվում է, հաճախ նրանք մահանում են 30 տարեկանում: Մահվան անմիջական պատճառներն են սիրտանոթային համակարգի ապափոխհատուցումը (այսպես կոչված՝ մահ հարբեցողությունից), վնասվածքները (ալկոհոլամոլների վնասվածքները 7-8 անգամ ավելի են, քան չխմողներինը), դժբախտ պատահարները, սուր լյարդային անբավարարությունը, ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքումը, ցրտառական հիվանդությունները, սուր պսիխոզները, ինքնասպանությունը ևն: Ալկոհոլամոլի բախումները հասարակության հետ արագացնում են նրա անձի փոփոխությունները, բարոյաէթիկ. աստիճան. անկումը: Նա ստիպված է ստել, արդարանալ: Այդ բոլորը խորանում է մտավոր կարողությունների թուլացմամբ: Ժամանակի ընթացքում տեղի է ունենում նաև սոցիալ. աստիճան. անկում, որակավորման, աշխատանքի, ընտանիքի կորուստ: Ալկոհոլամոլների սերնդում էպիլեպսիան, սակավամտությունը, զարգացման տարբեր արատները հանդիպում են ավելի հաճախ, ընտանիքում ճնշող իրադրությունը հանգեցնում է երեխաների ոչ ճիշտ դաստիարակության և զարգացման, նպաստում նյարդային ու հոգեկան խանգարումների առաջացմանը: Ա.ք.-ի տարածումն իջեցնում է բարոյականությունը և նպաստում հանցագործությունների աճին (տես Ալկոհոլամոլություն):

Բուժումը. ալկոհոլով օրգանիզմի տևական թունավորման արդյունքում, հիվանդության մյուս հետևանքների հետ միասին, առաջանում են կենսբ. գործընթացների այնպիսի փոփոխություններ, երբ, ինքնազսպման տևողությունից անկախ, ալկոհոլի օգտագործումը նորից առաջացնում է հարբեցողության անզուսպ հակում: Որքան կարճ է տևում ինքնազսպումը, այնքան արագ է առաջանում հակումը: Հետևաբար, ալկոհոլամոլությամբ տառապող հիվանդների մոտ զսպման ռեժիմի խախտման դեպքում միշտ առկա է հսկողության հանկարծակի կորստյան հավանականությունը: Բուժման խնդիրներից են՝ սպիրտային խմիչքների չարաշահման դադարեցումը, խումարաթողի համախտանիշի երևույթների վերացումը, խանգարված ֆունկցիաների վերականգնումը, ալկոհոլի հանդեպ հակման ընկճումը, ալկոհոլամոլի անձի վերադաստիարակումը, սթափության կայուն պայմանների ստեղծումը: Հիվանդն ինքն ի վիճակի չէ առանց բժշկ. օգնության կասեցնել հիվանդության ընթացքը: Հարբեցողության գիտակցական ընդհատումը հնարավոր է միայն հիվանդության սկզբն. փուլերում: Դեռևս վարքագծի փոփոխություն չկրած հիվանդների մոտ ստեղծված իրադրության (ընդհարումներն ընտանիքում, աշխատանքում) լրջության գիտակցումը կարող է ընկճել ալկոհոլի հանդեպ հակումը: Հարբեցողության ինքնակամ ընդհատումը սովորաբար հետևում է ալկոհոլային սուր պսիխոզներին, բայց այն հազվադեպ է տևում կես տարուց ավելի: Հիմնականում անհրաժեշտ է հարկադրել լրացուցիչ բուժման, որում հատուկ դեր ունի ընտանիքը: Մերձավորներն ավելի շատ հնարավորություն ունեն նկատել հարբեցողության հիվանդագին բնույթը, քանի որ նրանք 1-ինն են բախվում Ա.ք-ի բազմատեսակ և ծանր հետևանքներին: Որքան բուժումը հետաձգվում է, այնքան դժվար է դառնում չբուժված հիվանդության վտանգավոր հետևանքները վերացնելը: Բժշկին ուշ դիմելու պատճառը հաճախ հիվանդության սկզբն. ախտանշանները չիմանալն է: Երկար ժամանակ, նույնիսկ, երբ խմիչքի հանդեպ հակումն առկա է, հիվանդը գործուն կերպով խմելու առիթ է փնտրում, որի համար միշտ գտնվում է հարմար ընկերախումբ, շարունակում են Ա.ք. դիտել որպես կենցաղային հարբեցողություն, շվայտություն, հարբեցող ընկերների ազդեցություն: Ալկոհոլամոլը և նրա մտերիմները պատրանքներ են ունենում, թե իրադրության փոփոխության հետ կապված՝ հնարավոր է ընդհատել այն: Մտերիմներն իրենք իրենց համոզում են, որ խմիչքի յուրաքանչյուր ընդունում ուներ ծանրակշիռ պատճառ, չնայած հաճախությունը, պատճառների բազմազանությունը պետք է գնահատվի որպես լոկ առիթ: Դրդապատճառների առատությունը հարբեցողության համար ունի միայն 1 պատճառ՝ հակում խմիչքի հանդեպ: Երկար ժամանակ մտերիմները հավատում են ալկոհոլամոլների խոստումներին, որ նա կթողնի խմելը կամ կխմի չափավոր: Որպես կամքի ուժի ապացույց՝ ալկոհոլամոլը մատնացույց է անում ժամանակի որևէ հատվածի ընթացքում իր զսպվածությունը: Սակայն ցուցմունքներն ինքնին խոսում են այն մասին, որ չարաշահումը մշտական է, զսպվածությունը՝ բացառություն: Հիվանդագին վիճակի սխալ գնահատականի հետ մեկտեղ, մտերիմները թույլ են տալիս մեկ այլ տարածված սխալ, նրանք հույս են ունենում, որ հիվանդներն իրենց կամքով կարող են կարգավորել հարբեցողությունը, կերուխում կազմակերպելով տանը («որպեսզի դրսում չխմի»)՝ թույլատրում են հանգստյան օրերին օգտագործել մեծ քանակությամբ խմիչք («որպեսզի չխմի աշխատանքի ժամին»): Սակայն հիվանդության առանձնահատկությունը՝ ալկոհոլի օգտագործումը հսկելու և գիտակցաբար սահմանափակելու անհնարինությունը, այդ միջոցառումները դարձնում են ապարդյուն: Նույնիսկ այնպիսի դեպքերում, երբ ընտանեկան ազդեցության բոլոր միջոցներն սպառված են, մտերիմները խուսափում են բժշկի դիմելուց՝ վախենալով խմողին վարկաբեկելուց, և դրանով իսկ նպաստում են հիվանդության առաջացմանը: Ընտանիքի անդամներից որևէ մեկի ալկոհոլամոլության դեպքում մերձավորների միակ հնարավոր ճիշտ գործելակերպը հարբեցողությունը դադարեցնելու վճռական պահանջն է, իսկ զսպվածության հենց 1-ին անհաջողության դեպքում՝ բժշկ. օգնության համար թմրաբանին դիմելը: Բուժումից հետո ընտանիքում հիվանդին հարկավոր է մոտենալ որպես ծանր հիվանդությունից առողջացողի: