Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երեխաների) կանխարգելմանը: Նորածինների ծննդաբեր. վնասվածքների կանխարգելումն ապահովվում է հղի կանանց առողջության պահպանության ամբողջ համակարգով (տես Մայրության և մանկության պահպանություն): Գ-ի ֆունկցիոնալ հիվանդությունների կանխարգելող միջոցներ են երեխայի ճիշտ դաստիարակությունն ու ֆիզ. կոփվածությունը, ինքնադաստիարակության ունակությունների ձևավորումը և աշխատանքի հիգիենայի կանոնների պահպանումը:

ԳԼԽՈՒՂԵՂԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, էնցեֆալիտ, հարուցիչներն ախտածին միկրոօրգանիզմներն են:

Լինում է առաջնային և 2-րդային: Առաջնայինը, որպես կանոն, վիրուսային հիվանդություններն են, որոնց հատուկ է որոշակի պայմաններում համաճարակային տարածումը: Գլխուղեղի առաջնային բորբոքման առանձին ձևեր բնական օջախայնություն ունեցող հիվանդություններ են՝ տարածված աշխարհագր. որոշակի գոտիներում, մյուսներին բնորոշ է սեզոնային հիվանդացությունը՝ կապված տարվա որոշակի եղանակին վարակը փոխանցողների (տիզ, մոծակ) ակտիվության բարձրացման հետ: Դրանք կոչվում են նաև սեզոնային (օրինակ՝ տզային, մոծակային, երկալիք գլխուղեղաբորբերը, ձիերի գլխուղեղաողնուղեղաբորբը, որով հիվանդանում են նաև մարդիկ):

Առաջնայինի շարքն են դասվում նաև գլխուղեղի էնտերովիրուսային բորբոքումները: Գլխուղեղի 2-րդային բորբոքումները կարող են պայմանավորված լինել տարբեր մանրէային ֆլորայով և առաջանում են որպես վարակիչ հիվանդությունների բարդություններ: Դրանցից են գլխուղեղի բծավոր տիֆային, քութեշային, մալարիային բորբոքումները, գրիպի, ջրծաղիկի և կարմրուկի ժամանակ առաջացող Գ.բ-ները:

Տզային Գ.բ-ման աղբյուր են որոշ կրծողներ, խոշոր եղջերավոր կենդանիները, այծերը, թռչունների առանձին տեսակներ: Հիվանդության փոխանցողներն արոտավայրային տզերն են: Կանխարգելիչ պատվաստումներ չստացած մարդը կարող է հիվանդանալ տզային Գ.բ-ով, եթե նրան խայթի վիրուսով հիվանդ կենդանու արյունով սնված տիզը: Գ.բ. կարող է առաջանալ նաև վարակված այծերի, կովերի հում կաթն օգտագործելիս: Մոծակային Գ.բ-ման վիրուսների աղբյուր են թռչունները, ձիերը, խոզերը ևն: Մոծակները (փոխանցողները) վիրուսը փոխանցում են արյունը ծծելիս: Էնտերովիրուսային Գ. բ-ման ժամանակ վարակի աղբյուրը մարդն է կամ վիրուսակիրը (տես Վարակիչ հիվանդությունների հարուցչակրություն): Հիվանդությունը տարածվում է վարակված սննդի, ջրի, կեղտոտ ձեռքերի և այլ միջոցներով:

Գ.բ ուղեկցվում է ջերմաստիճանի բարձրացմամբ, ընդհանուր թուլությամբ, թորշոմածությամբ, քնկոտությամբ, գլխացավերով, երբեմն՝ փսխումներով:

Ծանր դեպքերում կարող են նկատվել գիտակցության խանգարումներ և լրիվ մթագնումներ, զառանցանք, զգայախաբություններ, ջղաձգային նոպաներ: Գ.բ- ման ձևից և ծանրության աստիճանից կախված՝ հիվանդը կամ լրիվ առողջանում է, կամ երկար տարիներ մնում են տարբեր մնացորդային երևույթներ՝ վերջույթների թուլություն, շարժումների ներդաշնակության խանգարում, ակամա շարժումներ, լուծանքներ, ջղաձգային նոպաներ (տես Ջղաձգություն):

Բուժումը կախված է Գ.բ-ման ձևից, հիվանդության ծանրությունից և անցկացվում է հիվանդանոցում:

Տզային և մոծակային Գ.բ-ման կանխարգելման նպատակով հնարավոր վարակման վայրերում աշխատողներին կատարում են կանխարգելիչ պատվաստումներ: Տզերի և մոծակների հարձակումից պաշտպանվելու համար այդպիսի վայրերում աշխատողները պետք է կրեն պաշտպան. հագուստ՝ կոմբինեզոններ, կիրառեն պաշտպան. ցանցեր, վանող նյութեր:

Էնտերովիրուսային Գ.բ-ման կանխարգելումը կատարվում է այնպես, ինչպես մյուս աղիքային վարակների դեպքում՝ ընդգրկելով համապետ. միջոցառումներ (տես Ջրամբարների սանիտարական պահպանություն) և անձն. կանխարգելման միջոցներ (տես Դիզենտերիա):

2-րդային Գ.բ-ման կանխարգելումը վարակիչ հիվանդությունների ժամանակին ախտորոշումն է, հիվանդների վաղ և արագ բուժումը:

ԳԼԽՈՒՂԵՂԻ ՑՆՑՈՒՄ, տես Գանգագլխուղեղային վնասվածք հոդվածում:

ԳԼՈՒԽ, մարդու և կենդանիների մարմնի վերին հատվածը, որը պարանոցով միանում է իրանին: Գ-ի կմախքը գանգն է, որն ատլասծոծրակային հոդով միացած է ողնաշարին: Գանգը պայմանականորեն բաժանվում է ուղեղային և դիմային մասերի: Ուղեղային մասը զետեղարան է գլխուղեղի, լսողության և հավասարակշռության, հոտառության և մասամբ՝ տեսողության օրգանների համար: Ուղեղային գանգի կազմության մեջ են մտնում ճակատոսկրը, 2 քունքոսկր, 2 գագաթոսկր, սեպոսկրը, ծոծրոսկրը, մաղոսկրը: Դիմային գանգը կազմված է զույգ վերինծնոտային ոսկրից, զույգ այտոսկրից, ստորին ծնոտի կենտ ոսկրից (գանգի միակ շարժուն ոսկրն է): Բացառությամբ վերջինիս՝ գանգի բոլոր ոսկրերը միացած են անշարժ կարաններով: Դիմային գանգի վրա կենտր. դիրք է գրավում քթի խոռոչը, որը շնչառ. ուղիների սկզբն. բաժինն է, որտեղ գտնվում է հոտառության օրգանը: Քթի խոռոչի առաջային բաժինը՝ արտաքին քիթը, գոյանում է զույգ քթոսկրերով և աճառներով: Մի քիչ վերև՝ աջ և ձախ տեղադրված են ակնակապիճները: Վերին և ստորին ծնոտներն իրենց ատամնաշարերով մասնակցում են բերանի խոռոչի՝ մարսող. համակարգի սկզբն. բաժնի գոյացմանը: Ուղեղային գանգի վերին մասի՝ գանգաթաղի վրա զարգացած մկաններ չկան: Դեմքի շրջանում տեղադրված են ծամիչ մկանները (շարժում են ստորին ծնոտը) և աչքի, քթի, բերանի շուրջ դասավորված դիմախաղի մկանները: Դրանք պայմանավորում են կոպերի, ռունգերի, շրթունքների ձևը և ապահովում դիմախաղը:

ԳԽՏՈՑ, բերանի միջոցով ստամոքսից կամ կերակրափողից գազի (երբեմն՝ ստամոքսի պարունակությամբ) ակամա դուրս մղում: Ստամոքսում գազ կարող է կուտակվել օդի ներթափանցումից, որն առողջ մարդը կուլ է տալիս արագ ուտելիս, հատկապես գազով հագեցած ըմպելիքների (գարեջուր, գազով ջուր ևն) հետ, չոր սննդանյութերով սնվելիս: Ստամոքսի խոռոչում սնունդը մարսվելիս մշտապես քիչ քանակությամբ գազ է առաջանում, և սննդի շերտերի միջև անընդհատ որոշակի քանակությամբ գազ է լինում, որը մարսողության համար ունի կարևոր նշանակություն (ուժեղացնում է ստամոքսի շարժումը, նպաստում սննդի խառնվելուն և շերտավորմանը): Առողջ մարդկանց ստամոքսից օդի մի մասը բերանով դուրս է գալիս աննկատ, առանց Գ-ի, իսկ մյուս մասը սննդի հետ անցնում է աղիքներ: Ստամոքսի խոռոչում ավելորդ օդն ուժեղացնում է ճնշումը, նպաստում պատերի կտրուկ կծկմանը, առաջացնում է Գ., որն անհոտ, անհամ է, հիվանդության ախտանշան չէ և անցնում է կանոնավոր սնվելիս: Ստամոքս ներթափանցած ավելորդ օդի հետևանքով առաջացած Գ. հաճախ նկատվում է կրծքի երեխաների մոտ, որոնք ծծելիս շատ օդ են կուլ տալիս և այնուհետև քիչ քանակությամբ կաթի հետ փսխում են (տես Փսխում):

Հաճախակի Գ. լինում է ստամոքսի շարժող, ֆունկցիայի խանգարման (ստամոքսաելքի