Օշինդր դառը, բարձվենյակ, բազմամյա խոտաբույս է: ՀՀ-ում աճում է բոլոր գոտիների ցանքերում, այգիներում, ճամփեզրերին, հիմնականում մոլախոտ է: Վերգետնյա մասերը պարունակում են 0,5-2 % եթերայուղ, գլիկոզիդներ, աղաղանյութեր, օրգ. թթուներ ևն: Բուժիչ հատկություն ունեն տերևները և ծաղկազամբյուղները, որոնցից ստացվող թուրմը, մզվածքը և պատրաստուկները կարգավորում են մարսողությունը, լավացնում ախորժակը: Օգտագործվում են լյարդի և լեղապարկի հիվանդությունների ժամանակ:
ԴԵՂԱԳԵՏ, պրովիզոր, բարձրագույն դեղագործ, կրթություն ունեցող մասնագետ, որը տիրապետում է դեղանյութերի հետազոտման, պատրաստման, չափորոշման, պահպանման, թողարկման և պահանջարկի որոշման մեթոդներին: Դ. կազմակերպում և իրականացնում է բնակչությանը տրվող դեղորայքային օգնության աշխատանքները: Իմանալով դեղանյութերի դեղաբան. ազդեցությունը, դրանց կիրառման, համատեղելիության, փոխներգործության, հաջորդականության և ընդունման ժամանակի կանոնները, համանման ազդեցություն ունեցող այլ դեղանյութով փոխարինելու հնարավորությունները՝ Դ. այդ մասին տեղեկացնում է բժիշկներին: Նա հայտնում է նաև դեղատնային ցանցում դեղորայքի առկայության և նոր դեղային պատրաստուկների մասին: Դ-ի կոչում տրվում է դեղագործ. ինստ., բժշկ. ինստ-ի և համալսարանի դեղագործ. ֆակ-ներն ավարտողներին:
ԴԵՂԱԳՈՐԾ, բարձրագույն (դեղագետ) կամ միջնակարգ դեղագործ. կրթությամբ մասնագետ, որն աշխատում է դեղատներում, դեղագործ. պահեստներում, հսկողավերլուծական լաբորատորիաներում, դեղագործ. ֆաբրիկաներում և արտադրություններում, քիմիադեղագործ. արդ-յան ձեռնարկություններում, դեղագործ. ծառայության կառավարման մարմիններում, ԳՀԻ-ներում և ուս. հաստատություններում: Մասնագիտ. գիտելիքների և ունակությունների հետ մեկտեղ Դ. պետք է ունենա նաև բարձր բարոյական արժանիքներ, լինի նրբազգաց, պատրաստակամ օգնելու հիվանդին՝ շտապ ձեռք բերելու անհրաժեշտ դեղանյութը:
Բարձրագույն կրթությամբ Դ-ներ պատրաստվում են դեղագործ. ինստ-ներում կամ բժշկ. ինստ-ների (համալսարանների) դեղագործ. ֆակ-ներում, իսկ միջին կրթությամբ՝ դեղագործ ուսումնարաններում (տես Բժշկական կրթություն):
ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, առողջապահության բնագավառ, զբաղվում է դեղանյութերի որոնման, պատրաստման, հետազոտման, պահպանման, իրացման և դեղագործ. ծառայության կազմակերպման հարցերով: Երկար ժամանակ բուժումը (հաճախ տարբեր ծիսակատարություններով ու արարողություններով ուղեկցվող) և բուս., կենդ. ու հանքային ծագման հումքից դեղերի պատրաստումը կատարում էր նույն մարդը: Աստիճանաբար, դեղանյութերի քանակի ավելացմանը, դեղերի պատրաստման տեխնոլոգիայի զարգացմանը զուգընթաց, առանձնացան բժշկի և դեղագործի գործունեության ոլորտները:
Դեղագործ. ծառայությունն ունի բնակչությանը դեղանյութերով ապահովող հիմնարկների համակարգ և կառավարման մարմիններ: Կան բազմաթիվ դեղատներ, դեղատնային կետեր, կրպակներ, պոլիկլինիկաներին կից դեղատների մասնաճյուղեր, դեղանյութեր արտադրող և դեղատներին մատակարարող դեղագործ. հիմնարկներ ու ձեռնարկություններ, դեղագործ. ֆաբրիկաներ, կենտր. դեղատնային պահեստներ: Դեղատնային ցանց մտնող դեղանյութերի որակը հսկվում է հսկողավերլուծ., ինչպես նաև բժշկ. և մանրէաբան. արտադրության քիմիադեղագործ. լաբորատորիաներում՝ դեղերի արտադրության տեխնոլոգ. գործընթացների տարբեր փուլերում:
Պոլիկլինիկաներին կից և այլ բուժ մասնագիտ. հիմնարկներում գործում են դեղագործ. տեղեկատվության կաբինետներ: Դեղագործ. ծառայություններում աշխատում են դեղագետներ և միջին դեղագործ. կրթությամբ դեղագործներ: Դեղագործ. բարձրագույն կրթություն (դեղագետ) ստանում են դեղագործ. ինստ-ներում, բժշկ. ինստ-ների կամ համալսարանների դեղագործ. ֆակ-ներում, միջին կրթություն՝ դեղագործ. ուսումնարաններում կամ բժշկ. ուսումնարանների դեղագործ. բաժիններում:
ՀՀ-ում Դ-յան զարգացումը պայմանավորված է 1925-ին Երևանի բժշկ. ուսումնարանում Դ-յան, 1930-ին՝ քիմիատեխնոլոգ. տեխնիկումում՝ քիմիադեղագործ. բաժինների կազմակերպմամբ: 1927-ին Ա. Մնջոյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է դեղագործ., 1947-ին՝ դեղագործ. քիմիայի լաբորատորիաներ, որոնց հիման վրա 1955-ին ստեղծվել է ՀՀ ԳԱԱ նուրբ. օրգ. քիմիայի ինստ-ը: Վերջինիս տեխնոլոգ, բաժնում արտադրվում են տարբեր դեղանյութեր (գանգլերոն, քվատերոն, ֆուբրոմեգան, արփենալ, մեսֆենալ, դիթիլին, պուֆեմիդ, մեբեդրոլ ևն): 1972-ին ԵԲԻ-ում բացվել է Դ-յան ֆակ., 1974-ին՝ դեղերի տեխնոլոգիայի և դեղագործ. քիմիայի ամբիոններ:
1998-ին Երևանում հիմնվել է «ՖարմաՏեք» դեղագործ. ՓԲԸ (օտարերկրյա սեփականատիրությամբ): Արտադրում է 15 զանազան ներերակային օգտագործման լուծույթներ, որոնց մի մասը իրացվում է ՀՀ-ում, որոշները՝ ՌԴ-ում, Վրաստանում (խաղողաշաքար՝ 5%-անոց, 500 մլ, NaCI՝ 0,9%-անոց, 500 մլ, Ռինգեր՝ 500 մլ) և Թուրքմենստանում (հեմոդեզ՝ 250 և 500 մլ, ռեոպոլիգլյուկին՝ 250 և 500 մլ): Ունի նաև չափավորված հաբերի փաթեթավորման մեկուսացված արտադրամաս: Մակնիշավորված արտադրատեսակների լիազորված փաթեթավորումը նախատեսված է 2000-ի վերջին: Համալիրը ներառում է նաև պահեստային համակարգ: ՀՀ-ում «ՖարմաՏեք»-ը ներկայացնում է ԳլաքսոՎելքոմ (Անգլիա), Բրիսթոլ Մայերս Սքվիբ (ԱՄՆ), Նովոնորդիսկ (Դանիա) ընկերությունները:
ԴԵՂԱՁԵՎԵՐ, օգտագործման հարմարության համար դեղանյութերին տրվող ձևեր: Դ. պատրաստում են դեղատներում կամ դեղագործ. ձեռնարկություններում: Տարբերում են հեղուկ, փափուկ, պինդ, ինչպես նաև ներարկելու Դ.: Միևնույն դեղանյութը կարելի է պատրաստել տարբեր Դ-ով:
Հեղուկ Դ-ից են լուծույթները, թուրմերը, եփուկները, սպիրտային թուրմերը, մզվածքները, դեղախառնուրդները, լորձերը, էմուլսիաները և կախույթները:
Լուծույթները պատրաստում են պինդ կամ հեղուկ դեղանյութերը հեղուկի մեջ լուծելով: Հաճախ որպես լուծիչ օգտագործում են թորած ջուր, որոշ դեպքերում՝ էթիլային սպիրտ, գլիցերին, հեղուկ յուղեր (վազելինային, ձիթապտղի, դեղձի, արևածաղկի): Լուծույթները պետք է թափանցիկ լինեն և կախված մասնիկներ կամ նստվածք չպարունակեն: Դրանք նշանակվում են ներքին ընդունման կամ արտաքին օգտագործման (թրջոցների, ողողումների, քիթը, աչքերը կաթեցնելու ևն) համար: Ներքին օգտագործման լուծույթների դեղաչափը որոշում են ճաշի, աղանդերային կամ թեյի գդալներով, ինչպես նաև աստիճանանշված չափանոթներով: Թունավոր և ուժեղ ազդող նյութեր պարունակող որոշ