Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քնաբեր դեղանյութերի ընդունումը կարող է առաջացնել ծանր բարդություններ: Երբեմն առաջանում է, այսպես կոչված, ախտաբան. հարբեցում, որն ընթանում է գիտակցության ծանր խանգարումներով, զառանցանքներով և զգայախաբություններով: Այն վտանգավոր է ինչպես շրջապատի, այնպես էլ հարբեցողի կյանքի համար:

Օգնությունը Ա. հ-ման ժամանակ. նախ փսխում առաջացնել, որպեսզի հեռացվի ստամոքսում մնացած ալկոհոլը, և ընդհատվի հետագա ներծծումն արյան մեջ: Որպես փսխեցուցիչ միջոց ըմպելիքները քիչ արդյունավետ են (ստամոքսի պատերի գերձգվածությունը ոչ միշտ է առաջացնում փսխման ռեֆլեքս), երբեմն այն նույնիսկ վտանգավոր է (հեղուկը կարող է ընկնել շնչափող և առաջացնել շնչահեղձություն կամ շնչառ. համակարգի օրգանների բորբոքումներ), բացի այդ, ոչ միշտ է հաջողվում հարբածին խմեցնել բավարար քանակությամբ ջուր, իսկ խմած ջուրը նույնիսկ արագացնում է ստամոքսից ալկոհոլի ներծծումն արյան մեջ և խորացնում հարբածությունը: Փսխում առաջացնելու առավել անվնաս միջոցը լեզվի արմատի գրգռումն է: Այդպիսի դեպքերում հարկավոր է հարբածին օգնել, որպեսզի փսխազանգվածը շնչուղիներ չընկնի: Հարկավոր է իրանի վերին մասն իջեցնել, իսկ գլխին հորիզոն. դիրք տալ: Եթե հարբածը պառկած է, փսխման ժամանակ հարկավոր է գլուխն իջեցնել և թեքել կողքի: Գրգռվածությունը վերացնելու և սրտամկանի լարվածությունն ուժեղացնելու համար կարելի է տալ կորդիամին, կորվալոլ, վալոկորդին կամ կատվախոտի (վալերիանա) կաթիլներ, հաբեր: Սրտի պսակային անոթները լայնացնող միջոցները (նիտրոգլիցերին, հատկապես վալիդոլ) հակացուցված են. դրանք կարելի է տալ միայն սրտի շրջանի ցավերի և այն դեպքում, եթե հարբածը դրանք օգտագործել է նախկինում՝ բժշկի նշանակմամբ: Հետագա գործողությունները կախված են հարբածի վիճակից, եթե մաշկը կարմիր է, շոշափելիս՝ տաք, հարկավոր է հանգստացնել և պառկեցնել քնելու, եթե գունատվել է, մաշկը սառն է, պետք է շտապ ծածկել տաք վերմակով, ոտքերին ջեռակ դնել, քթին անուշադրի սպիրտ մոտեցնել, տալ ադոնիզիդ կամ կորդիամին և բժիշկ կանչել:

Տես նաև Թունավորումներ:

ԱԼՊԻՆԻԶՄ, լեռնագնացություն, մարզ. և հետազոտ. նպատակներով վերելք դեպի դժվարամատչելի լեռնագագաթները: Ա. դաստիարակում է վճռականություն, ինքնատիրապետում, կամք, զարգացնում ուժ, հակազդեցության արագություն, շարժումների համաձայնեցում և տոկունություն: Լեռներ բարձրանալը և այնտեղ գտնվելը ճիշտ կազմակերպման դեպքում ամրապնդում են մարզիկի առողջությունը և ակտիվ հանգստի միջոց են: Բարձրլեռնային վերելքները կապված են նյարդային և ֆիզ. մեծ լարվածության հետ: Կատարվում են ցածր մթն. ճնշման, ջերմաստիճանի տատանումների, օդի խոնավության, ուժեղ քամիների, բարձր անդրամանուշակագույն ճառագայթման պայմաններում: Ալպինիստը ստիպված է երկար ժամանակ քայլել մեծ բեռով:

Վերելքների ժամանակ օրգանիզմի վրա ազդող գլխ. գործոնը թթվածնաքաղցն է, որից կտրուկ խանգարվում են շնչառ. և սիրտանոթային համակարգերի ֆունկցիաները: Առանձնապես բնորոշ է շնչառության հաճախացումը, դրա ռիթմի և խորության փոփոխությունը, հաճախ խանգարվում են ախորժակը, քունը:

Ալպինիստի օրգանիզմի մի շարք համակարգերում և օրգաններում տեղի ունեցող փոփոխություններն ու խանգարումները, որպես կանոն, ունեն ժամանակավոր, անցողիկ բնույթ և կախված են օրգանիզմի անհատ. հատկանիշներից ու մարզվածությունից: Բարձրությանն ավելի հեշտ հարմարվելու համար նպատակահարմար է աստիճան. կլիմայահարմարումը՝ տարբեր բարձրություններում տեղադրված ալպինիստ. ճամբարներում: Վերելքին կլիմայավարժվելու և նախապատրաստվելու տևողությունը որոշվում է դրա դժվարության աստիճանով: Ա-ով զբաղվելիս պարտադիր է բժշկ. խիստ հսկողությունը: Ալպինիստ. ճամբարի բժիշկը կատարում է առաջնային հետազոտություն, ինչպես նաև բժշկ. զննում՝ վերելքից առաջ և հետո, հսկում տարբեր կարգի դժվարության վերելքներին մասնակցելու թույլտվությունը, հետևում է մարզիկների կլիմայահարմարման և հատուկ մարզման ճիշտ ռեժիմին, կազմում սննդի օրաբաժին: Ալպինիստի հագուստը պետք է համապատասխանի վերելքի բարդությանը, լինի թեթև, հարմար, հուսալի պաշտպանի ցրտից, քամուց, տեղումներից, ջերմաստիճանի տատանումներից և անդրամանուշակագույն ճառագայթներից: Պետք է ունենա նաև հատուկ կոշիկ (եռատամ սանրաձև սեպերով), պաշտպան. ակնոց, թթվածնային սարքեր ևն: Սնունդը պետք է լինի բարձր կալորիականության (օրական առնվազն 4500-5000 կկալ), անհրաժեշտ է սնվել օրը 4-5 անգամ, հնարավորության դեպքում՝ տաք կերակուր: Լեռնային պայմաններում ածխաջրերը յուրացվում են ավելի լավ, քան ճարպերը, ուստի պետք է փոքրացնել օրաբաժնի ճարպային և մեծացնել ածխաջրային մասը, դրան ավելացնել ապխտեղեն, շոկոլադ, շաքար, մեծ քանակությամբ վիտամին C, B (խումբ), միրգ, պաքսիմատ ևն:

Սկզբն. պատրաստման համար ալպինիստ. ճամբարներ են ուղարկվում ֆիզիկապես լավ զարգացած 14-15 տարեկան պատանիներ և աղջիկներ: 1-ին կարգի բարդության վերելքին թույլատրվում է մասնակցել 17 տարեկանից ոչ ցածր պատանիներին ու աղջիկներին, բարձրլեռնային վերելքներին (6500 մ և ավելի)՝ 24 տարեկանից հետո, շատ բարձրլեռնային վերելքներին՝ միայն փորձված ալպինիստներին:

Մասնակիցների ֆիզ. և տեխ. անբավարար պատրաստվածությունը, խմբի ոչ ճիշտ ընտրված կազմը, երթուղու դժվարության թերագնահատումը, անկարգապահությունը և անհամաձայնեցվածությունը, հանդերձանքի, սննդի վատ որակն ու պակասը, չկարգավորված բժշկ. հսկողությունը կարող են դժբախտ պատահարների պատճառ դառնալ: Ալպինիստների պատրաստման ծրագրի մեջ է մտնում ինքնաօգնության և փոխօգնության եղանակների պարտադիր ուսուցումը (տես Առաջին օգնություն): Ալպինիստ. ճամբարների կենտրոնացման վայրերում ստեղծվում է մշտական փրկարար ծառայություն:

ԱԽՈՐԺԱԿ, որոշակի սննդի նկատմամբ մարդու ցանկությունը: Ա. սուբյեկտիվորեն տարբերվում է քաղցի զգացողությունից: Քաղցը սննդանյութերի նկատմամբ օրգանիզմի պահանջն է (սովորաբար՝ տհաճ):

Ա. առաջանում է կենտր. նյարդային համակարգի որոշակի բաժինների դրդմամբ և ուղեկցվում է թքարտադրությամբ, մարսող. հյութերի արտադրությամբ, ստամոքսաղիքային համակարգի գալարակծկանքի ուժեղացմամբ, որոնք համապատասխան մարսող. օրգանները նախապատրաստում են սննդի ընդունմանը: Համեղ պատրաստված սննդի հաճելի տեսքը և հոտը, սեղանի գեղեցիկ սպասքավորումը գրգռում են Ա., իսկ սննդի տհաճ տեսքից և հոտից, ոչ հաճելի մթնոլորտից ընկնում է այն և բացասաբար ազդում մարսողության օրգանների գործունեության վրա:

Կանոնավոր ռեժիմով սնվող անձանց օրգանիզմում արտադրվում են որոշակի ժամերի և որոշակի քանակությամբ մարսող.