Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նյութեր): Քսուքները նշանակում են միայն արտաքին օգտագործման (մաշկի և լորձաթաղանթների վրա տեղային ազդեցության) համար: Երբեմն քսուքների ձևով նշանակում են այն դեղանյութերը, որոնք մաշկի և լորձաթաղանթի միջով հեշտությամբ են ներծծվում արյան մեջ: Դրանք օգտագործվում են ներքին օրգանների հիվանդությունների դեպքում: Քսուքները պետք է պահել լավ փակվող բանկաներում կամ պարկուճներում՝ սառը, մութ տեղում:

Ցնդող օծանելիքները (հեղուկ քսուքներ են, տեղային գրգռիչներ) քսուքներից տարբերվում են թանձրությամբ: Թանձր հեղուկներ կամ դոնդողանման զանգվածներ են, հալչում են մարմնի ջերմաստիճանում: Նշանակվում են միայն արտաքին օգտագործման համար:

Մածուկները 25 %-ից ոչ պակաս փոշենման նյութեր պարունակող քսուքներ են, որով էլ պայմանավորված է դրանց խմորանման թանձրությունը: Մածուկները քսուքներից ավելի երկար են մնում մաշկի վրա՝ ներծծվելու հնարավորություն տալով հեղուկներին: Ուստի դրանք նշանակվում են արտաքին օգտագործման համար՝ հիմնականում մաշկային հիվանդությունների ժամանակ:

Մոմիկները որոշ հատկություններով էապես տարբերվում են մյուս փափուկ Դ-ից: Սենյակային ջերմաստիճանի պայմաններում կայուն են, իսկ մարմնի ջերմաստիճանում հալվում են: Ի տարբերություն քսուքների, մածուկների և ցնդող օծանելիքների՝ մոմիկները թողարկվում են սահմանված դեղաչափերով: Բաղկացած են դեղանյութից և հիմքից: Պատրաստվում են ուղիղաղիքային և հեշտոցային մոմիկներ: 1-ինները սովորաբար կոնաձև են կամ գլանաձև՝ սուր ծայրով: Օգտագործվում են ոչ միայն տեղային ազդեցության (ուղիղ աղիքի հիվանդությունների ժամանակ), այլև մյուս ներքին օրգանների բուժման նպատակով՝ հաշվի առնելով ուղիղ աղիքի լորձաթաղանթով դեղանյութերի բարձր ներծծելիությունը: Հեշտոցային մոմիկները գնդաձև են, ձվաձև կամ տափակ՝ կլորավուն ծայրով: Նշանակվում են հիմնականում կանանց սեռ. օրգանների հիվանդությունների ժամանակ: Հակաբեղմնավորիչ նյութեր պարունակող հեշտոցային մոմիկները գործածվում են հղիությունը կանխելու համար: Մոմիկներում պարունակվող դեղանյութերը ներծծվում են արյան մեջ, ուստի պետք է խստորեն պահպանել բժշկի նշանակած դեղաչափերը: Դրանք պահում են պարաֆինապատ թղթերով, պոլիէթիլենով կամ փայլաթիթեղով փաթաթած, չոր և սառը տեղում:

Պինդ Դ-ից են փոշիները, հատիկները, հաբերը, դրաժեները, պիլուլները:

Փոշիները նշանակվում են ներքին ընդունման և արտաքին օգտագործման համար: Արտաքին օգտագործման փոշիները սովորաբար չափավորված չեն վաճառվում, հիմնականում ցանում են վերքերին և վնասված լորձաթաղանթներին, իսկ ներքին ընդունման փոշիները խմում են ջրով, կաթով կամ որևէ հանքային ջրով (1/4-1/2 բաժակ): Փոշիները լինում են չափավորված կամ առանց չափավորելու (թողարկվում են քիչ թունավոր դեղանյութերը, որոնց համար ճշգրիտ դեղաչափը խիստ կարևոր նշանակություն չունի): Այդպիսի փոշիները հիվանդները չափավորում են բժշկի ցուցումով, հաճախ՝ ճաշի կամ թեյի գդալով: Չափավորված փոշիները թողարկվում են սպիտակ հարթ թղթե, երբեմն՝ պարաֆինապատ թղթե փաթեթիկներով: Որոշ դեպքերում թողարկվում են նաև պատիճներով:

Պատիճները չափավորված, փոշենման, մածուկանման կամ հեղուկ դեղանյութերի պատյաններ են՝ ներքին օգտագործման համար: Պատիճներով թողարկվում են տհաճ համ ու հոտով կամ ստամոքսաղիքային համակարգի լորձաթաղանթները գրգռող դեղանյութերը: Լինում են ժելատինային և օսլային պատիճներ: Դեղանյութերը ստամոքսի թթու միջավայրում չքայքայվելու համար օգտագործում են հատուկ՝ միայն աղիքների հիմնային միջավայրում լուծվող պատիճներ: Դրանք կուլ են տալիս առանց ծամելու, չի թույլատրվում պարունակությունը գործածել բացելուց հետո:

Հատիկները պինդ, կլոր, գլանաձև կամ անկանոն ձևի Դ. են: Նշանակվում են ներքին ընդունման համար: Գործածում են նաև որպես փոշի Դ., իսկ երբեմն բժշկի նշանակմամբ նախապես լուծում են ջրում:

Հաբերը կլոր, օվալաձև թիթեղիկներ են՝ հարթ կամ երկուռուցիկ մակերևույթով: Օգտագործման համար հարմար են, երկար են պահվում, և դեղանյութի տհաճ համն աննշան է: Բազմաշերտության շնորհիվ դրանց բաղադրամասերը ստամոքսաղիքային համակարգում ներծծվում են որոշակի հաջորդականությամբ, որի շնորհիվ դեղագործ արդ-ում հաբերի ձևով թողարկվող դեղանյութերի քանակը տարեցտարի ավելանում է: Դեղանյութի հատկությունից, հիվանդության բնույթից կախված՝ տարբեր են հաբերի գործածման եղանակները: Դրանք հաճախ նշանակվում են ներքին ընդունման համար, ուստի խորհուրդ է տրվում կուլ տալ չմանրացրած և առանց ծամելու, հատկապես, եթե պատված են հատուկ պատյանով, իսկ որոշները, ընդհակառակը, պետք է լավ մանրացնել: Այն հաբերը, որոնց բաղադրությունում եղած դեղանյութերը (օրինակ՝ նիտրոգլիցերինը, իզադրինը, մեթիլտեստոստերոնը ևն) լավ են ներծծվում բերանի խոռոչի լորձաթաղանթով, պետք է պահել լեզվի տակ, մինչև լրիվ ներծծվելը: Բոլոր դեպքերում հաբերը գործածելիս անհրաժեշտ է հետևել բժշկի ցուցումներին:

Դրաժեները պինդ Դ. են, ստացվում են շաքարահատիկները դեղանյութերով և օժանդակ նյութերով պատելու միջոցով: Լինում են գնդաձև, հարթ մակերեսով, միագույն: Նշանակվում են ներքին օգտագործման համար, ծամել և մանրացնել չի կարելի:

Պիլուլները համասեռ, առաձգական զանգվածից պատրաստված գնդիկներ են, նշանակվում են ներքին ընդունման համար: Ի տարբերություն հաբերի և դրաժեների՝ սովորաբար պատրաստվում են դեղատներում: Պարունակում են դեղանյութեր և օժանդակ նյութեր:

Պինդ Դ-ի տարատեսակներից են դեղորայքային հավաքածուները, որոնք կտրատած կամ խոշոր մանրացրած, հազվադեպ՝ դեղաբույսերի ամբողջական հումքի, երբեմն էլ աղերի, եթերայուղերի խառնուրդներ են՝ արտաքին օգտագործման և ներքին ընդունման համար: Դեղամիջոցի