Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դ-յան տարիքում պայմանականորեն տարբերում են իսկական Դ. (աղջիկներինը՝ 12-16 տարեկանը, տղաներինը՝ 13-17 տարեկանը) և պատանեկություն (աղջիկներինը՝ 16 տարեկանից, տղաներինը՝ 17-ից): Ֆիզիոլոգ. առումով Դ. պայմանավորված է մի շարք հորմոնների (հիմնականում աճման, վահանագեղձի, սեռ.) և ինսուլինի արտադրության ուժեղացմամբ: Միայն դրանց միաժամանակյա և զուգակցված (փոխադարձ լրացնող) ազդեցությունն է ապահովում երեխայի ժամանակին և ճիշտ զարգացումը: Դ-յան տարիքում երեխայի օրգանիզմն աստիճանաբար նախապատրաստվում է հասուն կյանքին և համապատասխան բեռնվածությանը՝ ոչ միայն քանակ. (մարմնի երկարության և քաշի ավելացման), այլև որակ. փոփոխությունների (վերջն. հասունացում և բոլոր օրգան-համակարգերի հասունացում ու վերակառուցում) շնորհիվ:

Բնականոն պայմաններում ֆիզ. զարգացումը և սեռ. հասունացումն ընթանում են զուգահեռ և փոխկապակցված: Սեռ. հասունացումն սկսվում է, այսպես կոչված, 2-րդային սեռ. հատկանիշների (արտաքին սեռ. օրգանների գունակավորում, ցայլքի և թևատակերի մազակալում ևն) ի հայտ գալով: Ընդ որում՝ աղջիկների այդ շրջանն սկսվում է տղաներից 2 տարի շուտ, և հետագայում նույնպես նրանք ավելի արագ են հասունանում:

Աղջիկների սեռ. հասունացումն սկսվում է 10-12 տարեկանում, սակայն 8-10 տարեկանում ազդրերը և հետույքը կլորանում են, կոնքը՝ լայնանում, 9-10-ում հարպտկային շրջանակն արտացցվում է կաթնագեղձի մաշկի վրա, 10-11-ում ցայլքի վրա և անութներում առաջանում են եզակի մազեր, նկատվում է կաթնագեղձերի հետագա զարգացում (դրանց աճման սկիզբը), 11-12-ում կարող է ի հայտ գալ 1-ին դաշտանը (մեծամասնությանը՝ 13-14-ում), 15-16-ում դաշտանը կանոնավորվում է, ցայլքի և անութների շրջաններում նկատվում է հետագա մազակալում, կաթնագեղձերի մեծացում: Սեռ. հասունացմանը զուգահեռ տեղի է ունենում հասակի արագ աճ, որը առավելագույնին է հասնում 12 տարեկանում՝ 1 տարում ավելանալով մինչև 9 սմ: 16-18 տարեկանում հասակի աճն աստիճանաբար կանգ է առնում:

Տղաների սեռ. հասունացման սկզբի ժամկետներն ու զարգացման թափը տատանվում են լայն սահմաններում: Հաճախ սեռ. հասունացման սկիզբը նկատվում է 12-14 տարեկանում: 10-11 տարեկանում ամորձիները և առնանդամը մեծանում են, 11-12-ում ամորձապարկը գունակավորվում է, ցայլքն սկսում է մազակալել: 13-14-ում ձայնը փոխվում է, անութներում և վերին շրթունքին առաջանում են մազեր, մկանները զարգանում են: 14-15 տարեկանում լինում է սեռ. հասունացման հետագա առաջընթաց, 1-ին երազախաբությունը, 18-20-ում սեռ. հասունացումն ավարտվում է: Հասակի աճի արագությունը առավելագույնին է հասնում 14 տարեկանում՝ 1 տարում ավելանալով 10-12 սմ: 18-20-ում աճն աստիճանաբար դադարում է:

Ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների հասակի ավելացման հետ միաժամանակ ավելանում է նաև մարմնի քաշը՝ միջին հաշվով 1 տարում 3-5 կգ: Որոշակի հասակին պետք է համապատասխանի քաշի որոշակի ցուցանիշ:

Տղաների և աղջիկների սեռ. հասունացումը տևում է միջին հաշվով 5 տարի: Այդ գործընթացների չափից ավելի առաջ անցնելու կամ հետ մնալու դեպքերում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ: Հասակի և սեռ. հասունացման կասեցումը երբեմն պայմանավորված են ժառանգ. գործոններով, երբ ծնողներից որևէ մեկի կամ արյունակից այլ հարազատների մոտ ևս նկատվել է սեռ. հասունացման ժամկետների ուշացում: Հասակի կասեցումը հաճախ նկատվում է ոչ բարձրահասակ ծնողների դեպքում, ընդ որում՝ ծնողները հասակով որքան քիչ են տարբերվում միմյանցից, այնքան այդ ցուցանիշով նրանցից քիչ են տարբերվում նաև երեխաները: Սեռ. հասունացման արագացումը հաճախ կապված է ակցելերացիայի հետ: Ժառանգ. ընտանեկան առանձնահատկությունների բացառման դեպքում սեռ. հասունացման սկզբի սահմանային ժամկետները կարելի է համարել աղջիկների համար ոչ շուտ, քան 8 և ոչ ուշ, քան 12 տարեկանը, տղաներինը համապատասխանաբար՝ 10-ը և 14-ը: Ցանկացած կասկածի դեպքում հարկավոր է դիմել ներզատաբանի:

Դեռահասների մարմնի բոլոր մասերը, հյուսվածքներն ու օրգաններն արագ աճում ու զարգանում են, բայց աճման ընթացքը տարբեր է: Ամենից շատ նկատելի է ձեռքերի և ոտքերի երկարելը: Օրինակ՝ տղաների մարմինն սկսում է ձգվել այն բանից հետո, երբ ձեռքերի, ոտքերի երկարությունն ու կոնքի լայնական չափերը հասնում են առավելագույնին: Մարմնի առանձին մասերի աճման անհավասարությունը հանգեցնում է շարժումների համաձայնեցման ժամանակավոր խանգարման (քայլվածքը դառնում է անշնորհք, ոչ սահուն, դանդաղ): 15-16 տարեկանից հետո այդ երևույթներն աստիճանաբար անցնում են: Տվյալ շրջանում հարկավոր է ուշադիր հետևել դեռահասների կեցվածքին, հատկապես, որ նրանք ճիշտ նստեն սեղանի շուրջ, քանի որ գրելիս ու կարդալիս իրանի ոչ ճիշտ դիրքը կարող է ողնաշարի ծռումների պատճառ դառնալ:

Իսկական ձայնալարերն արագ են զարգանում հատկապես կյանքի 1-ին տարում և 14-15 տարեկանում, 12-ից տղաների ձայնալարերն ավելի են երկարում, քան աղջիկներինը: Դրանով է բացատրվում տղաների ձայնի «բեկումը», որը կապված է նաև օրգանիզմի հորմոնային վերակառուցման հետ:

Դ-յան շրջանում նկատվում է նաև թոքերի, դրանց ընդհանուր ծավալի արագ աճ: 12 տարեկանում (նորածնի թոքերի ծավալի համեմատ) այն ավելանում է 10 անգամ: Սկսած 10 տարեկանից տղաների շնչառությունը որովայնային է, աղջիկներինը՝ կրծքային և որովայնային:

Դ-յան շրջանում կարող են առաջանալ տարբեր օրգանների ֆունկցիոնալ խանգարումներ, որոնք մեծ մասամբ պայմանավորված են նյարդային և ներզատիչ համակարգերի վերակառուցմամբ: Օրինակ՝ ներզատիչ համակարգի բեռնվածությունը կարող է նպաստել վահանագեղձի հիվանդությունների, ճարպակալման, շաքարախտի առաջացման: Հաճախ նկատվում է, այսպես կոչված, «պատանեկան սիրտ» կամ «դեռահասի սիրտ», որը բնորոշվում է սրտի չափերի մեծացմամբ, աղմուկով: Հաճախ սիրտանոթային համակարգի փոփոխություններ են նկատվում սահմանափակ շարժող, ակտիվությամբ, սպորտով կանոնավոր չզբաղվող, երբեմն էլ չափից ավելի (տարիքին չհամապատասխանող) ֆիզ. բեռնվածությամբ դեռահասների մոտ: Հաճախ նկատվում են նաև զարկերակային ճնշման բարձրացում (այսպես կոչված՝ «պատանեկան գերճնշում»), սրտխփոց, անոթազարկի հաճախացում (երբեմն արյան ճնշումը կարող է իջնել), երբեմն առաջանում են հևոց, ճակատային շրջանի ցավեր: Դ-յան տարիքում հատկապես խանգարվում են աղիքների գալարակծկանքը և նրանցով սննդի տեղաշարժը (արագացում կամ դանդաղում): Հաճախակի են լեղուղիների հիվանդությունները: Գոտկային շրջանը սառեցնելիս դեռահաս աղջիկների մոտ կարող են առաջանալ միգուղիների բորբոքային հիվանդություններ (տես Միզապարկի