բորբոքում): Հաճախ Դ-յան տարիքում, շատ ընթերցելու և մտավոր բեռնվածության հետ կապված, ի հայտ են գալիս տեսողության տարբեր խանգարումներ, ուստի անհրաժեշտ է խստորեն պահպանել օրվա ռեժիմը, ընթերցելու կանոնները:
Երկարատև կանգնած վիճակը, անշարժ նստելը կարող են գլխապտույտի, սրտի, որովայնի շրջաններում, ոտքերում տհաճ զգացողությունների պատճառ դառնալ: Հարկադիր, երկարատև կանգնած վիճակում կարող են առաջանալ ուշագնացություն, փսխումներ. երբեմն դեմքը գունատվում է, դաստակները սառչում են, կապտավուն երանգ ստանում: Պառկելիս այդ երևույթներն արագ անցնում են: Այդպիսի պատանիներին բնորոշ են քրտնարտադրության ուժեղացումը, տրամադրության արագ փոփոխությունները: Մաշկագիրը կարմիր է: Այդ խանգարումների պատճառը հաճախ վեգետատիվ նյարդային և ներզատիչ համակարգերի անկայունությունն է, այդ տարիքին բնորոշ է նաև հոգեկան և ֆիզ. գերլարվածությունը: Տարիքի հետ այդ ախտանշանները սովորաբար ինքնուրույն անցնում են, կրկնվելիս անհրաժեշտ է դիմել բժշկի՝ իսկական պատճառը պարզելու համար:
Օրվա ռեժիմը. Դ-յան տարիքում անհրաժեշտ է հատկապես ուշադրություն դարձնել օրվա ռեժիմին: Դա անհրաժեշտ է նյարդային համակարգի գերլարումից և հոգնածությունից խուսափելու համար: Հարկավոր է դեռահասի օրն այնպես կազմակերպել, որ նա կարողանա ժամանակ հատկացնել պարապմունքներին, սպորտին և հանգստին: Գիշերվա քունը պետք է տևի 8-9 ժ-ից ոչ պակաս: Խորհուրդ չի տրվում շատ ժամանակ անցկացնել հեռուստացույցի առջև:
Դեռահասների հիգիենան. կարևոր է անձնական հիգիենայի պահպանումը: Սեռ. հասունացման շրջանում, կապված օրգանիզմի ներզատիչ համակարգի վերակառուցման հետ, ուժեղանում է քրտնագեղձերի ֆունկցիան, որը հանգեցնում է դրանց ծորանների խցանման և մաշկի վրա պզուկների առաջացման, որոնք կարող են բորբոքվել և թարախակալվել, ուստի անհրաժեշտ է կանոնավոր կերպով լողանալ (շաբաթը 1 անգամից ոչ պակաս), հաճախ ընդունել ցնցուղում, գերքրտնոտության ժամանակ օգտագործել տարբեր ցանափոշիներ և հոտազերծիչներ, սպիտակեղենը հաճախակի փոխել:
Աղջիկները պետք է լվացում կատարեն տաք ջրով և օճառով: Դաշտանի ժամանակ չի կարելի լողանալ բաց ջրամբարներում, հարկավոր է խուսափել երկարատև քայլելուց, վազելուց ևն: Հագուստը և կոշիկը պետք է համապատասխանեն դեռահասի տարիքին, տարվա եղանակին: Բարձրակրունկ կոշիկներ չի կարելի հագնել:
Սնունդը կարևոր նշանակություն ունի դեռահասի օրգանիզմի ֆիզիոլոգ. գործընթացների, հիվանդածին գործոնների հանդեպ օրգանիզմի դիմադրողականության բարձրացման համար:
Սննդի հետ դեռահասը պետք է ստանա բոլոր այն նյութերը (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, հանքային աղեր, վիտամիններ, ջուր), որոնք մտնում են նրա օրգանների և հյուսվածքների կազմության մեջ: Բնականոն պայմաններում սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի միջև հարաբերակցությունը 1:1:4 է:
Սպիտակուցը կենդանի բջիջների կազմության մեջ մտնող հիմն. «կառուցող. նյութն է» (տես Սպիտակուցներ): Դրա անբավարարության ժամանակ դեռահասի մոտ նկատվում են թորշոմածություն, թուլություն, մարմնի քաշի անկում (տես Մարդու քաշը), հասակի աճի կասեցում (տես Մարդու հասակը), տարբեր հիվանդությունների հանդեպ օրգանիզմի դիմադրողականության անկում, որն անդրադառնում է դեռահասի ուսման առաջադիմության և աշխատունակության վրա: Առավել օգտակար են կաթի, կաթնամթերքի, մսի, ձկան և ձվի սպիտակուցները: Սպիտակուցների յուրացմանն առավել նպաստում է բանջարեղենը, ուստի մսեղենը և ձկնեղենը խորհուրդ է տրվում մատուցել բանջարեղենային խավարտի հետ: Կաթը և կաթնամթերքը պարունակում են լիարժեք սպիտակուցներ, ճարպեր, կալցիում և վիտամիններ: Դեռահասն ամեն օր պետք է խմի 400-500 մլ կաթ:
Ճարպերը և ածխաջրերը էներգիայի աղբյուր են, օրգանիզմի «վառելանյութը»: Ճարպերը լավացնում են սննդի համը և երկարատև հագեցնում: Սակայն ածխաջրերի և ճարպերի ավելցուկը հանգեցնում է նյութափոխանակության խանգարման և ճարպակալման: Լավ են յուրացվում կարագը, կաթի, ձվի, սերուցքի ճարպերը, որոնցում պարունակվում են A և D վիտամիններ: Խոզի, տավարի, ոչխարի ճարպերը վատ են յուրացվում և քիչ վիտամիններ են պարունակում: Դպրոցականների սնունդն օրական պետք է պարունակի 10-15 գ բուս. (արևածաղկի, ձիթապտղի, եգիպտացորենի) յուղ:
Դեռահասի օրգանիզմի համար անհրաժեշտ են հանքային նյութեր, որոնց անբավարարությունից կարող են առաջանալ տարբեր հիվանդություններ: Օրինակ՝ սննդում յոդի աղերի անբավարարության դեպքում նկատվում է վահանագեղձի ֆունկցիայի խանգարում: Վիտամինները մասնակցում են օրգանիզմում կատարվող փոխանակային բոլոր գործընթացներին, բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների հանդեպ: Դրանց անբավարարությունից դեռահասը դառնում է զգայուն, դյուրագրգիռ, արագ հոգնում է, աշխատունակությունը նվազում է, ախորժակը վատանում, աճը՝ դանդաղում: Շատ կարևոր է, որ երեխաներն ստանան բազմատեսակ սնունդ և սնվեն օրը 4 անգամ՝ մոտավորապես 4-ժամյա ընդմիջումներով:
Կոփումը. օդային լոգանքներն ընդունում են բնակարանում՝ 14-15° C ջերմաստիճանի պայմաններում, տևողությունը սկզբում՝ 3-5 ր, հետագայում ամեն օր ավելացնում են 1 ր՝ հասցնելով մինչև 15-20 ր-ի: Օգտակար է ամեն օր տանը ոտաբոբիկ քայլելը, հարկավոր է այն սկսել 1 ր-ից և ամեն 5-7-րդ օրն ավելացնել 1 ր, տևողությունը հասցնել 10-15 ր-ի: Տաք եղանակին օգտակար են մաքուր օդում երկարատև զբոսանքները, քունը բաց լուսամատով սենյակում՝ 16° C-ից ոչ ցածր ջերմաստիճանում: Տնային պայմաններում կոփման առավել տարածված ձևերից են ջրով շփումներն ու ջրցողումները: Ջրի ջերմաստիճանն սկզբում պետք է լինի 34-35° C-ից ոչ պակաս, այնուհետև 2-3 օրը մեկ այն իջեցնել 1°-ով՝ հասցնելով 17-18° C-ի, և շարունակել 2-3 ամիս: Անցանկալի երևույթների (վերին շնչուղիների լորձենաբորբ, ընդհանուր թուլություն, ջարդվածություն, դյուրագրգռելիություն, քնի խանգարումներ) բացակայության ժամանակ անցնել ավելի ցածր ջերմաստիճանի ջրով կոփման (ջրի ջերմաստիճանը 17-18° C-ից հասցնելով 10-12° C-ի՝ յուրաքանչյուր 10 օրը մեկ իջեցնելով 1°-ով):
Դ-յան շրջանում ուս. հաստատություններում ֆիզ. դաստիարակությունն անցկացվում է այդ տարիքին համապատասխան հաստատված ծրագրերով: Երեխաների լիարժեք ֆիզ. դաստիարակության գործունյա օգնականներ և կազմակերպիչներ պետք է դառնան ծնողները: Ամենօրյա առավոտյան մարմնամարզությունը (տես Լիցքային վարժություններ) պետք է դեռահասի համար սովորույթ դառնա:
Դեռահասի պսիխոհիգիենան. Դ. մարդու հոգեկան զարգացման, անձի ձևավորման պատասխանատու փուլերից