է: Դեռահասի կենտր. նյարդային համակարգում կատարվող վերակառուցումը, որն արագանում է սեռ. հորմոնների ազդեցությամբ, կազմում է նրա հոգեկան ոլորտի փոփոխությունների հիմքը:
Հատկապես այդ տարիքում արագորեն ձևավորվում են ինքնագիտակցությունը, շրջապատող երևույթները վերլուծելու ունակությունը, աճում հետաքրքրությունը վերացական խնդիրների հանդեպ: Միաժամանակ հոգեկան ոլորտում հաճախ դրսևորվում են հոգեկան անկայունության ախտանշաններ, նկատվում են տրամադրության չպատճառաբանված տատանումներ, դյուրազգացություն, սեփական ապրումների առումով նրանք խիստ խոցելի են, ուրիշների հանդեպ՝ խստասիրտ և սառը, ամաչկոտ են կամ ընդգծված անպարկեշտ, ինքնավստահ: Մեծանում է հետաքրքրությունն իրենց արտաքինի նկատմամբ, չափից ավելի հիվանդագին են ընդունում ցանկացած քննադատություն: Դեռահասի մտածողության մեջ հաճախ են նկատվում իմաստակության, փիլ. բարդ խնդիրների լուծման հանդեպ հակումները, երևակայությունները ևն: Հենց այդ տարիքում են արթնանում սեքսուալ հակումները, որոնք հաճախ հանգեցնում են լուրջ տարաձայնությունների:
Դեռահասի հոգեկան ոլորտում պարզորոշ կերպով դրսևորվում է հակասականությունը, որը պայմանավորված է հոգեկան և ֆիզ. զարգացման անհամաչափությամբ: Դեռահասի հանդեպ չափից ավելի պահանջները (անպայման ուսման գերազանցիկ լինել, օտար լեզուներով, երաժշտությամբ զբաղվել), առանց հաշվի առնելու նրա հակումները և ընդունակությունները, հաճախ կարող են առաջացնել բողոքի հակազդեցություն, ցուցադրական գործալքման կամ տնից փախուստի պատճառ դառնալ: Այդպիսի վարքագծի պատճառը դժվարություններից խուսափելու կամ ուշադրությունն իր կողմը գրավելու, կարեկցություն առաջացնելու ձգտումն է: Նման հակազդեցություններն առաջանում են նաև ծնողների, բարեկամների կողմից սովոր. փաղաքշանքի և ուշադրության բացակայության (տանը խորթ հոր կամ մոր, ուրիշ երեխայի առկայության) դեպքում:
Դեռահասի հակազդեցության բնորոշ ձևերից է մեծահասակների (ծնողներ, ուսուցիչներ) խնամակալությունից կամ հսկողությունից ազատվելու ձգտումը, որի հիմքում ընկած է ինքնահաստատման, ինքնուրույնության հասնելու չափազանցված հակումը: Նման դեպքերում դեռահասը ձգտում է ցանկացած իրադրությունում վարվել ինքնուրույն, ջանում է ամեն կերպ շուտ հեռանալ ծնողներից և ընտանիքից, ընդունվել աշխատանքի կամ ուսանել ուրիշ քաղաքում: Հաճախ այդպիսի հակազդեցությունները առաջանում են այն ժամանակ, երբ ծնողները չարաշահում են իրենց հեղինակությունը, ընկճում դեռահասի ինքնուրույնության ձգտումը: Դա կարող է ընտանիքում ծանր ընդհարումների պատճառ դառնալ, որից տառապում են և՛ ծնողները, և՛ դեռահասները: Սակայն դեռահասի բոլոր ցանկություններին ներողամտորեն վերաբերվելը ևս անթույլատրելի է: Երբեմն պահանջվում է մեծ նրբազգացություն և համբերություն՝ առողջ իրադրության վերականգնման համար: Հարկավոր է ընդգծել, որ այն ընտանիքներում, որտեղ ծնողների միջև բնականոն փոխհարաբերություն է տիրում, երեխաների հետ ընդհարումները հազվադեպ են և հեշտությամբ հարթվում են: Ինքնահաստատման փնտրտուքի մեջ դեռահասները երբեմն ընդօրինակում կամ նմանակում են որոշակի անձի, գրական կերպարի, կինոհերոսի: Ցավոք, երբեմն կուռք կամ չափանիշ է դառնում նաև հակասոցիալ. կերպարը, որը բացասաբար է անդրադառնում դեռահասի վարքագծի վրա:
Հաճախակի են նաև, այսպես կոչված, փոխհատուցման հակազդեցությունները, երբ դեռահասը շրջապատողների աչքի առաջ ձգտում է կատարել անսահման խիզախ և անխոհեմ արարք, որպեսզի նրանց և իրեն ապացուցի «կամքի ուժը», «քաջությունը» ևն: Վարքի ձևավորման մեջ մեծ դեր է խաղում այդ տարիքին բնորոշ ձգտումը՝ կազմել դեռահասների խումբ, որը ենթարկվում է լիդերին, ի դեպ, դպրոցի պատերից դուրս լիդեր է դառնում առավել հեղինակավորն ու ուժեղը, բայց ոչ միշտ ընդօրինակելու արժանին:
Դ-յան շրջանում վարքագծի խանգարումները բավականաչափ կապված են ակցելերացիայի հետ: Այդ դեպքում խնդիրը ոչ միայն ֆիզ. զարգացման և սեռ. հասունացման արագացումն է, այլև դեռահասի ֆիզ. և սոցիալ. հասունացման անհամաչափությունը: Արդյունքում ֆիզ. և սեռ. տեսակետից հասուն դեռահասները տարիքային որոշ շրջանների ընթացքում հաճախ դրսևորում են «մանկամտություն» (արագ ներշնչվող են, կողմնակի ազդեցությունների ենթարկվող): Այդ անհամաչափությունը հաճախ նպաստում է դեռահասի վարքագծի խանգարմանը, իսկ դաստիարակության և ուսուցման անհրաժեշտ պայմանների բացակայությունը կարող է անձի ոչ ճիշտ ձևավորման պատճառ դառնալ:
Դ-յան տարիքում մեծ է սեռ. դաստիարակության դերը: Անհրաժեշտ է դեռահասին ժամանակին և պատշաճորեն բացատրել սեռ. հասունացմանն ուղեկցող ֆիզիոլոգ. փոփոխությունների (աղջիկների 1-ին դաշտանը, տղաների երազախաբությունը) բնույթը: Չնախապատրաստված դեռահասների մոտ այդ բնական երևույթները կարող են առաջացնել նևրոզանման ռեակցիաներ: Սխալ է մեծահասակների ձգտումը՝ դեռահասին առավելագույն չափով սեռերի փոխհարաբերությանը վերաբերող ցանկացած տեղեկություններից զերծ պահելու, սեքսուալ խնդիրները հիշատակելուց խուսափելու հարցում: Այդպիսի դեպքերում դեռահասներն իրենցից փորձառու մեծերից անխուսափելիորեն ստանում են համապատասխան տեղեկություն, որը հաճախ հանգեցնում է սեռ. կյանքի մասին խեղաթյուրված պատկերացումների: Տղաների և աղջիկների միջև անձն. համակրանքի առաջացման դեպքում կարևոր է ճիշտ դիրքորոշումը: Անթույլատրելի է այդ մասին խոսել ծաղրանքով, դիմել արգելքի: Հարկավոր է հիշել, որ հատկապես այդ տարիքում են սաղմնավորվում սեռերի միջև իսկական բարոյական փոխհարաբերությունները:
Այդ տարիքում հարկավոր է լուրջ ուշադրություն դարձնել հոգեկան հիվանդությունների կանխարգելմանը: Դեռահասների վարքագծի դժվարությունները շրջապատողները հաճախ սխալմամբ գնահատում են որպես դաստիարակության թերացում, միջավայրի անբարենպաստ ազդեցության հետևանք, և նրանց հանդեպ կիրառում են հաս. կամ վարչ. ներգործության միջոցներ: Միաժամանակ նրանք պետք է գտնվեն նյարդահոգեբույժի հսկողության տակ և ստանան համապատասխան բուժում: Հատուկ ուշադրության են արժանի այն դեռահասները, որոնք վարակիչ հիվանդություններից, ռևմատիզմից, գանգագլխուղեղային վնասվածքից հետո տառապում են մնացորդային երևույթներով:
ԴԵՐԱՏԻԶԱՑՈՒՄ, տես Կրծողների ոչնչացում հոդվածում:
ԴԵՐՄԱՏԻՏՆԵՐ, տես Մաշկաբորբեր:
ԴԵՐՄԱՏՈԶՆԵՐ, տես Մաշկ հոդվածում:
ԴԻԱԳՆՈԶ, տես Ախտանուն:
ԴԻԱԹԵՐՄԻԱ, տես էլեկտրաբուժություն հոդվածում:
ԴԻԵՏԱ, տես Սննդակարգ: