հյութեր: Անկանոն, չոր կերակուրներով սնվելը, խոսակցությունը, ընթերցանությունը, աշխատանքը ևն ազդում են Ա-ի վրա և կարող են դառնալ ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների ու նյութափոխանակության խանգարման պատճառ: Ա-ի բացակայությունը կարող է կապված լինել գերհոգնածության, աշխատանքում և տանը տիրող նյարդային իրավիճակի հետ: Երեխաների (օրինակ՝ 1-ին դասարանցիների, մանկապարտեզ և մանկամսուր հաճախողների) Ա. երբեմն ընկնում է ռեժիմի փոփոխության, ինչպես նաև օրաբաժնում նոր սննդամթերքի առկայության դեպքերում: Ուտելիքի նկատմամբ հաճախ խիստ քմահաճ են դառնում հղի կանայք, հիվանդները: Ա-ի փոփոխությունները՝ լրիվ բացակայությունից (անորեքսիա) մինչև ուտելու նկատմամբ անզսպությունը (բուլիմիա), կարող են ուղեկցել տարբեր հիվանդությունների, ուստի Ա-ի մշտ. խանգարումների դեպքում պետք է խորհրդակցել բժշկի հետ:
ԱԽՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, բժշկ. գիտություն հիվանդությունների պատճառների, առաջացման, ընթացքի և ելքի օրինաչափությունների մասին: Նշված գործընթացների առավել ընդհանուր պատճառներն ու օրինաչափություններն ուսումնասիրում է ընդհանուր Ա., առանձին հիվանդություններինը՝ մասնավոր Ա.: Վերջինս զբաղվում է օրգանների ու համակարգերի հիվանդություններով և կազմում է կլինիկ. բոլոր առարկաների բաղկացուցիչ մասը (կլինիկ. Ա.):
Ա. ընդգրկում է ախտաբան. անատոմիան և ախտաբան. ֆիզիոլոգիան: Ախտաբանական անատոմիան ուսումնասիրում է մարդու բջիջների, հյուսվածքների և օրգանների կառուցվածքի փոփոխությունները հիվանդությունների ժամանակ: Այդ դեպքերում, ախտորոշումը ճշտելու նպատակով, հետազոտվում են վիրահատությունների ժամանակ մարդու օրգանիզմից հեռացված առանձին օրգանները կամ հիվանդ մարդուց, դիակից վերցրած օրգանների մասերը: Ախտաբանական ֆիզիոլոգիան հետազոտում է ախտաբան. գործընթացների առաջացման և ընթացքի օրինաչափությունները, ֆունկցիոնալ խանգարումները, պաշտպան. և հարմարվող. հակազդեցությունները՝ առավելապես կենդանիների վրա (փորձարար. Ա.): Հիվանդությունների ժամանակ կենսաքիմ. գործընթացները և նյութափոխանակության խանգարումները ախտաբանաքիմիայի և մոլեկուլային Ա-յան ոաումնասիրության առարկան են: Սակայն այդպիսի բաժանումը պայմանական է, քանի որ հյուսվածքների, բջիջների և դրանց գործունեության փոփոխությունները սերտորեն կապված են միմյանց: Ախտաբան. անատոմիան և ախտաբան. ֆիզիոլոգիան դասավանդվում են բժշկ. բուհերում և ուսումնարաններում: Դրանք բժշկ. մտածողության, հիվանդության էությունը բացահայտելու հիմքն են:
Համեմատ. Ա. հետազոտում է մարդու և կենդանիների հիվանդությունների առաջացման և ընթացքի օրինաչափությունները՝ դրանց համադրմամբ:
Տարբերում են մասնագիտ. Ա., որի խնդիրն այս կամ այն արտադրությունում աշխատողների օրգանիզմի վրա վնասակար գործոնների ներգործության ուսումնասիրությունն է, ինչպես նաև աշխարհագր. Ա., որն ուսումնասիրում է աշխարհագր. պայմանների ազդեցությունն այս կամ այն հիվանդության առաջացման վրա:
«Ախտաբանություն» հասկացությամբ նշում են օրգանների (լյարդ, նյարդային համակարգ ևն) հիվանդագին փոփոխությունները, օրգանիզմի կենսագործունեության ընդհանուր հասակային խանգարումները (հասակային Ա.) ևն:
ՀՀ-ում Ա-յան բնագավառի հետազոտությունները հիմնականում վերաբերում են ախտաբան. անատոմիային և ախտաբան. ֆիզիոլոգիային:
Ախտաբանական անատոմիայի զարգացումը կապված է 1923-ին Երևանի համալսարանի բժշկ. ֆակ-ում Փ. Հակոբյանի նախաձեռնությամբ համանուն ամբիոնի ստեղծման հետ (այն հետագայում ղեկավարել են Լ. Ճգնավերովը, Ե. Շուբենկո-Շուբինը, Վ. Գաբրիելյանը, Ա. Բեգլարյանը, Ն. Վարդազարյանը): 1962-ին համանուն ամբիոն է ստեղծվել նաև բժիշկների կատարելագործման (այժմ՝ Ազգային առողջապ-յան) ինստ-ում: ԵԲՀ-ում հետազոտություններ են կատարվել ռևմատիկ հիվանդությունների պատճառների, ախտածնության, անատոմ. և հյուսվածաքիմ. փոփոխությունների ուսումնասիրության ուղղությամբ (Ա. Բեգլարյան, Ն. Վարդազարյան, Լ. Մկրտչյան, Ա. Ազնաուրյան): 1962-ից ամբիոնին կից ստեղծված (Ա. Բեգլարյանի նախաձեռնությամբ) ռևմատիկ հիվանդությունների պատճառագիտության և ախտածնության հարցերն ուսումնասիրող պրոբլեմային լաբորատորիայում ներդրվել են հյուսվածաբան., հյոավածաքիմ., մանրէաբան. և իմունաբան. մեթոդներ, նոր տեսանկյունով մեկնաբանվել նշված հիվանդությունների առաջացման մեխանիզմները, տրվել դրանց բուժման տես. հիմքերը: Որպես ինքնուրույն, առանձին հիվանդություն՝ առանձնացվել ու հիմնավորվել է ստրեպտոկոկային ալերգ. անոթաբորբը (Ն. Վարդազարյան):
Պարզաբանվել է ստրեպտոկոկային վարակի դերը ռևմատիզմի առաջացման ու խորացման գործում: Վերջին տարիներին ամբիոնում կատարվող ուսումնասիրությունների արդյունքները (ներհյուսվածքային վարակի, ստրեպտոկոկի նկատմամբ օրգանիզմի ցուցաբերած հանդուրժողականության վերաբերյալ) ստացել են միջազգային ճանաչում: ՀՀ-ում ախտաբան. ֆիզիոլոգիայի բնագավառի ուսումնասիրություններն սկսվել են 1934-ին՝ ԵԲՀ-ում Ի. Բախրոմեևի նախաձեռնությամբ համապատասխան ամբիոնի հիմնադրմամբ: Այնուհետև ամբիոնը ղեկավարել են Ա. Սարգսյանը, Ս. Խաչատրյանը: Ամբիոնում մշակվել են օրգանիզմում նյութափոխանակության, ներզատիչ համակարգի, արյունաստեղծ օրգանների, պաշտպանահարմարվող. գործընթացների վիճակը մահացման և վերակենդանացման պայմաններում, ինչպես նաև մահացման և վերակենդանացման գործընթացների վրա օրգանիզմի բնականոնից ցածր ու բարձր ջերմաստիճանների, տենդի, ճառագայթման, այրվածքների և հղիության ազդեցության հարցերը: Համաշխարհային ճանաչում է գտել պրոֆ. Ս. Խաչատրյանի կողմից առաջարկված հետվերակենդանացման շրջանում ինսուլինաբուժման (B1, B12 վիտամինների զուգակցմամբ) մեթոդը, որի համար նա արժանացել է Յան Պուրկինեի (Չեխոսլովակիա), Հանս Սելյեի (Կանադա) և Ի. Ջանելիձեի (ԽՍՀՄ) անվ. գիտ մեդալների: Պարզել են, որ օրգանիզմի նախն. հարմարեցումը թթվածնային քաղցին (օրինակ՝ բարձրադիր վայրերում) երկարացնում է կլինիկ. մահվան տևողությունը (Ս. Սարգսյան, Ս. Խաչատրյան):
Ախտաբան. ֆիզիոլոգիայի ամբիոնում ուսումնասիրվել են նաև արտակարգ իրավիճակների (բարձր մթն. ճնշման և երկարատև ճնշման համախտանիշի) ժամանակ առաջացած կենսաքիմ., հյուսվածաբան., իմունաբան., ֆիզիոլոգ, խանգարումները, որոնք հիմք են հանդիսացել նշված իրավիճակների առաջացման մեխանիզմների պարզաբանման համար: ԵՊԲՀ կենսբ. գիտահետազոտ. լաբորատորիայում կարևոր հետազոտություններ են կատարվում հարվահանագեղձերի թերֆունկցիայի վերաբերյալ (Ա. Զիլֆիյան): Ազգային առողջապ-յան ինստ-ի համանուն լաբորատորիայում ուսումնասիրվել