Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1 շաբաթ (երբեմն մի քանի ամիս) ամեոբայի ցիստերը կարող են գտնվել մարդու օրգանիզմում և չառաջացնել հիվանդության կլինիկ. դրսևորումներ (տես Գաղտնի շրջան): Հիվանդությունն սկսվում է աստիճանաբար: Նկատվում են թուլություն, ախորժակի անկում, երբեմն՝ որովայնի ցավեր: Կղումը հաճախանում է (օրական 10-15 անգամ): Արտաթորանքը լինում է հեղուկ, պարունակում է ապակենման լորձ, հաճախ՝ նաև արյուն, որով ներծծվում է լորձը և ստանում մոռեգույն դոնդողի տեսք: Ջերմաստիճանը լինում է բնականոն: Երբեմն (ավելի հաճախ երեխաների մոտ) հիվանդությունն սկսվում է սուր, նկատվում է որովայնի ուժեղ ցավեր, կղումը հաճախանում է, արտաթորանքը ջրիկանում (լորձի և արյան խառնուրդով), լեզուն պատվում է սպիտակավուն փառով, ի հայտ են գալիս ինքնաթունավորման երևույթներ (թուլություն, գլխացավ, սրտխառնոց, փսխում): Ոչ արտահայտված ախտանշանների դեպքում օրգանիզմի ընդհանուր վիճակը մնում է բարվոք, նկատվում է որովայնի թույլ արտահայտված փքվածություն, առաջանում է գռգռոց, կղանքը դառնում է խյուսանման: Հիվանդությունը չբուժելու կամ ինքնաբուժման դեպքերում դառնում է քրոնիկ., հնարավոր են բարդություններ, աղիքի թափածակում (պերֆորացիա), լյարդում և գլխուղեղում թարախակույտերի առաջացում:

Բուժումն իրականացվում է հիվանդանոցում, որից հետո հիվանդին հսկում է պոլիկլինիկայի բժիշկը:

Կանխարգելման միջոցառումները նույնն են, ինչ դիզենտերիայի դեպքում: Ստամոքսաղիքային համակարգի խանգարումների ժամանակ պետք է անհապաղ դիմել բժշկի:

ԴԻՍԲԱԿՏԵՐԻՈԶ, տես Մանրէային ֆլորա մարդու հոդվածում:

ԴԻՍՊԱՆՍԵՐ, բնակչության որոշակի խմբերին կամ հիվանդներին բուժկանխարգելիչ օգնություն ցույց տվող մասնագիտացված բուժհիմնարկ: Գոյություն ունեն հակատուբերկուլոզային, մաշկավեներ., ուռուցքաբան., նյարդահոգեբուժ., սրտաբան., ինչպես նաև բուժ. ֆիզկուլտուրայի Դ-ներ:

Դ-ի խնդիրներն են համապատասխան հիվանդություններով հիվանդների կամ որոշակի թվով առողջ մարդկանց հայտնաբերումը, հաշվառումը, բուժումը և շարժուն հետազոտումը, նրանց աշխատանքային և կենցաղային, սանլուս. պայմանների ուսումնասիրումը և բարելավումը, ինչպես նաև Դ-ի ուղղվածությանը համապատասխան՝ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների մշակումը: Տարբեր Դ-ներ աշխատանքում ընդհանուր նպատակներից բացի, ունեն նաև իրենց առանձնահատկությունները: Օրինակ՝ հակատուբերկուլոզային Դ. կազմակերպում է բնակչության կանոնավոր զանգվածային ֆլուորագր. հետազոտություններ (տես Ֆլուորագրություն), հիվանդների հետ շփվող մարդկանց հաշվառում, նյարդահոգեբուժ. Դ. իրականացնում է հոգեբուժ. փորձաքննություն, իսկ բուժ. ֆիզկուլտուրայի Դ.՝ բժշկական հսկողություն:

Դ-ի կառուցվածքում նախատեսվում են ամբուլատոր ընդունելության, կազմակերպչամեթոդ. առանձնասենյակներ, կլինիկաախտորոշիչ և այլ մասնագիտացված լաբորատորիաներ: Շատ Դ-ՆԵրում կան հիվանդանոցային բաժանմունքներ:

ԴԻՍՊԱՆՍԵՐԱՑՈՒՄ, առողջ բնակչության որոշակի խմբերի և քրոնիկ. հիվանդություններով տառապող հիվանդների վաղ հայտնաբերման, ժամանակին բուժման և կանխարգելման, բժշկ. մշտ. հսկողության մեթոդ: Դ-ման հիմն. նպատակը բնակչության առողջության պահպանումն ու ամրապնդումն է, մարդկանց կյանքի տևողության երկարացումն ու աշխատանքի արտադրողականության բարձրացումը՝ հիվանդությունների և հաշմանդամության նվազեցման՝ վաղ շրջաններում հիվանդությունների հայտնաբերման ու բուժման, դրանց առաջացմանն ու տարածմանը նպաստող պատճառների ուսումնասիրման ու վերացման, սոցիալ., բուժառողջարար. և սանհիգիենային կանխարգելիչ միջոցառումների անցկացման միջոցով: Առողջապահության առանձին հիմնարկների և տարբեր մասնագիտության բժիշկների կողմից լայնորեն կիրառվող բուժկանխարգելիչ օգնության Դ-ման մեթոդն ուղղված է հիվանդությունների կանխմանը, դրանց դեմ պայքարին: Այս մեթոդն ավելի հեռանկարային է որոշ հիվանդությունների վերացման, ընդհանուր հիվանդացության կանխարգելման ու նվազեցման, աշխատունակության երկարատև պահպանման բնագավառում և երկարակեցության համար պայքարում, քանի որ հնարավորություն է տալիս հիվանդությունները հայտնաբերել առաջացման նախն. շրջանում, պարզել կապը հիվանդությունների վաղ ախտանշանների ու աշխատանքի, կենցաղի պայմանների, մարդու վարքագծի միջև, գտնել հիվանդությունների առաջացումը կանխող գործուն միջոցներ:

Դ-ման մեթոդն անցել է զարգացման երկարատև ու բարդ ճանապարհ, և յուրաքանչյուր հաջորդ փուլում ընդլայնվել են նրա ծավալները:

ՀՀ-ում Դ-ման մեթոդի զարգացման սկզբն. փուլում ստեղծվել են 1-ին դիսպանսերները՝ սոցիալ. հիվանդությունների (տուբերկուլոզ, վեներական հիվանդություններ) դեմ պայքարի նպատակով: Հաջորդ փուլերում այն ներդրվել է մոր և մանկան, աշխատող դեռահասների առողջության պահպանման բնագավառում, կատարվել են արդ. ձեռնարկությունների աշխատողների զանգվածային Դ. և բնակչության կանխարգելիչ զննումներ: Այնուհետև մեթոդը կիրառվել է մասնագիտ. հիվանդությունների դեմ պայքարում: Դ-ման մեթոդի հետագա ընդլայնումը պայմանավորվել է առանձին քրոնիկ. հիվանդությունների, ինչպես նաև գյուղատնտ. աշխատողների դիսպանսերային հսկողությամբ:

Դ-ման մեթոդի զարգացման ներկա փուլը խիստ կապված է պետության սոցիալկանխարգելիչ գործունեության ծավալների ընդլայնման, առաջնային կանխարգելման (սոցիա.լ, բժշկ., հիգիենային և դաստիարակչ. միջոցառումների համակարգեր) ներդրման հետ, որոնք ուղղված են հիվանդությունների կանխմանը (դրանց առաջացման պատճառների ու պայմանների վերացմանը), ինչպես նաև շրջակա բնական, արտադր. և կենցաղային միջավայրերի անբարենպաստ գործոնների ազդեցությունների հանդեպ օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը: Կանխարգելիչ գործունեության նման կողմնորոշումը պայմանավորված է վերջին տասնամյակներում դանդաղ ու աննկատ առաջացող, սակայն դժվար բուժվող ոչ համաճարակային բնույթի հիվանդությունների (սիրտանոթային, ուռուցքային, շնչառ. օրգանների քրոնիկ. ևն), ինչպես նաև առանձին ռիսկի գործոնների առկայությամբ, որոնց երկարատև ազդեցությունն օրգանիզմի վրա մեծացնում է տարբեր ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման ու խորացման հավանականությունը: Դեռևս չհիվանդացած, սակայն ռիսկի գործոնների ազդեցությանը ենթակա մարդկանց դիսպանսերային հսկողությունը ոչ վարակիչ հիվանդությունների առաջնային կանխարգելման, առողջության ամրապնդման, կյանքի ու աշխատունակության տևողության երկարացման առավել արդյունավետ միջոցներից է:

Հատուկ ուշադրություն է դարձվում երեխաների, դեռահասների և կանանց Դ-մանը: Առողջության պահպանումը ոչ միայն անձն., այլև հաս. անհրաժեշտ սոցիալ. պահանջ է, որը պետք է գիտակցի յուրաքանչյուր քաղաքացի: Ժամանակին բժշկին դիմելը, նշանակումները կատարելը,