Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


զբաղվելը նպաստում են երեխայի ֆիզ. զարգացմանը:

Կրտսեր Դ.տ-ի երեխաների ֆիզիկական զարգացումը:

Դ.տ-ի երեխայի հասակը որոշվում է հետևյալ բանաձևով՝ հասակը (սմ) = 75 + (5 • x), որտեղ 75 սմ 1 տարեկան երեխայի միջին հասակն է, 5 սմ՝ հասակի տարեկան միջին ավելացումն է, x-ը՝ տարիքը, իսկ քաշի որոշման բանաձևը հետևյալն է՝ քաշը (կգ) = 10 + (2 • x), որտեղ 10 կգ 1 տարեկան երեխայի միջին քաշն է, 2 կգ քաշի տարեկան միջին ավելացումն է, x-ը՝ տարիքը:

Երեխայի մաշկը շատ հարուստ է արյունատար անոթներով, ուստի նրա գույնով, առաձգականությամբ կարելի է դատել երեխայի առողջ. վիճակի մասին: Լինելով պաշտպան. ծածկույթ՝ այն կարգավորում է նաև ջերմատվությունը, մասնակցում գազափոխանակությանը: Ջրային բուժարարողությունների և կոփման ժամանակ պետք է նկատի ունենալ, որ երեխայի քաշի համեմատ մաշկի մակերևույթի գերակշռությունը նպաստում է շրջակա միջավայրի ազդեցությամբ նրանց ավելի արագ շոգելուն և մրսելուն: Երեխայի հենաշարժ. ապարատի, ներառյալ ոսկրային կմախքի, հոդերի, կապանների, մկանների ճիշտ զարգացումից են կախված հետագայում նրա շարժումները և աշխատանքային հմտությունները:

Ուժերի համեմատ կանոնավոր կատարած աշխատանքը մկանները հարստացնում է արյունով, լավացնում նրանց սնուցումը՝ նպաստելով մկանային հյուսվածքի ճիշտ աճմանն ու զարգացմանը: Ոսկրային կմախքը կատարում է նաև ներքին օրգանների պաշտպան. ֆունկցիա: Կրտսեր Դ.տ-ում ոչ ճիշտ դիրքով քայլելու, աշխատելու, սեղանի շուրջ նստելու, մշտապես նույն ձեռքը ծանրաբեռնելու հետևանքով հաճախ առաջանում են ողնաշարի ծռումներ (տես Կեցվածք): Շատ փափուկ կամ անհարթ անկողինը նույնպես կարող է նպաստել ողնաշարի ծռումներին:

Շնչառ. օրգանների մարզմանը նպաստում են մաքուր օդում ֆիզ. վարժությունները, շնչառ. մարմնամարզությունը: Երեխայի սիրտանոթային համակարգին բնորոշ են բարձր դիմացկունությունը և աշխատունակությունը: 7-8 տարեկանում հիմնականում ավարտվում է սրտի գործունեությունը կարգավորող նյարդային համակարգի զարգացումը, ավելանում է 1 զարկի ժամանակ սրտից մղվող արյան քանակը (նորածնի համեմատ՝ 9-10 անգամ), փոխվում է անոթազարկի հաճախությունը (7 տարեկան երեխայի համար րոպեում միջինը՝ 87 զարկ): Քանի որ սիրտանոթային համակարգի հնարավորություններն անսահմանափակ չեն, ուստի դրա մարզմանը նպաստող ֆիզ. բեռնվածությունը պետք է լինի հիմնավորված և կանոնավոր:

Դ.տ-ի երեխաների արյունաստեղծ համակարգը, կախված տարիքից, ենթարկվում է տարբեր փոփոխությունների: Տարիքի հետ արյան կարմիր մարմնիկները, հեմոգլոբինը, ինչպես նաև լեյկոցիտները նվազում են (տես Արյուն, արյունաստեղծ համակարգ):

Դ.տ-ի երեխաների երիկամների ֆունկցիան այլ օրգանների և համակարգերի տարբեր հիվանդությունների հետևանքով հեշտությամբ խանգարվում է, ուստի անհրաժեշտ է մշտապես հետևել մեզի բաղադրությանը, որպեսզի ժամանակին հայտնաբերվեն և կանխվեն միզարտադրության համակարգի հնարավոր հիվանդությունները:

Երեխաների մոտ նյութափոխանակությունն ունի իր առանձնահատկությունները: Աճող օրգանիզմը ծախսված էներգիայի և օրգանների ու հյուսվածքների զարգացման համար անհրաժեշտ նյութերի անընդհատ լրացման կարիք ունի: Կրտսեր Դ.տ-ի երեխաների էներգիայի զգալի մասը ծախսվում է աճման և սննդանյութերի կուտակման, իսկ փոքր մասը՝ մկանային աշխատանքի վրա: Բնականոն, հիմն. փոխանակության ապահովման համար (հանգիստ, քաղցած վիճակում, 20°C ջերմաստիճանի պայմաններում) երեխային ավելի էներգիա է անհրաժեշտ, քան մեծահասակներին (համապատասխանաբար՝ 44 և 23 կկալ՝ 1 կգ քաշին):

Շատ կարևոր է երեխային սովորեցնել հիգիենայի կանոնները, վարժեցնել մաքրասիրությանը: Երեխան առավոտյան և քնելուց առաջ պետք է լվացվի, մաքրի ատամները (տես Ատամներ, ատամների խնամքը), տուն մտնելուց հետո, ուտելուց առաջ լվանա ձեռքերը: Ցանկալի է Դ.տ-ի երեխային հատկացնել առանձին սենյակ կամ հարմարավետ անկյուն (տես Բնակարան) և ամեն օր խոնավ շորով մաքրել սենյակի հատակն ու մյուս առարկաները, օդափոխել այն (ձմռանն օրը 3-4 անգամ՝ 10-15 ր, իսկ ամռանը պատուհանը կարելի է ամբողջ օրը բաց թողնել): Երեխան պետք է ունենա առանձին մահճակալ, և գերադասելի է, որ անկողնու սպիտակեղենը լինի բամբակե ու կանոնավոր փոխվի:

Քանի որ դպրոց հաճախելը երեխայի կյանքում բեկումնային պահ է, ուստի մանկավարժները և ծնողները պետք է օգնեն նրան հաղթահարել դժվարությունները: Դպրոցականի մտավոր աշխատանքի հիգիենայի (տես Հիգիենա մտավոր աշխատանքի) խախտումը բացասական հետևանքներ կարող է ունենալ: Գերբեռնվածությունը, ուսման ռեժիմի, լիարժեք հանգստի, ֆիզ. աշխատանքի, բավարար շարժող. ակտիվության բացակայությունը հանգեցնում են նյարդային համակարգի հյուծման, օրգանիզմի թուլացման, գերհոգնածության և վարակի հանդեպ նրանց դիմադրողականության նվազման: Կարևոր է երեխային սովորեցնել դասերը պատրաստելիս ժամանակը ճիշտ օգտագործել, պարապմունքի ձևերը հերթափոխել տարբեր առարկաներով, կատարել 10-15 ր տևողությամբ ընդմիջումներ, որոնց ընթացքում լարվածությունը թուլանում է, աչքերը հանգստանում են: Կրտսեր Դ.տ-ի երեխաների օրինակելի ռեժիմը ներկայացված է աղյուսակում:

Աղյուսակ

Կրտսեր դպրոցական տարիքի երեխաների օրինակելի ռեժիմ

Ռեժիմ Տարիք Տարիք
7-9 տարեկան 9-13 տարեկան
Արթնանալ ժ 7 ժ 7
Առավոտյան մարմնամարզություն, շփում, ջրցողում, անկողնու հարդարում, լվացվել ժ 7 - 730 ժ 7 - 730
Նախաճաշ ժ 730 - 750 ժ 730 - 750
Դպրոց հաճախել զբոսանք) ժ 750 - 820 ժ 750 - 820
Դասեր, արտադասարանական պարապմունքներ, հաս. աշխատանք ժ 830 - 1230 ժ 830 - 1230
Դպրոցից վերադարձ (զբոսանք) ժ 1230 - 13 ժ 1330 - 14
Ճաշ ժ 13 - 1330 ժ 14 - 1430
Հետճաշյա հանգիստ ժ 1330 - 1430 -
Զբոսանք, աշխույժ խաղեր ժ 1430 - 16 ժ1430 - 17
Դասերի պատրաստում ժ 16-17 (1-ին դասարանցին) ժ 16 - 1730 (2-րդ դասարանցին) ժ 17-19
Զբոսանք ժ 1730 - 19 -
Ընթրիք և ազատ զբաղմունք (ընթերցանություն, երաժշտություն ևն) ժ 19-20 ժ 19 - 2030
Պատրաստվել քնելու ժ 20 - 2030 ժ 2030 - 21
Քուն ժ 2030 - 7 ժ 21-7