Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շատ կարևոր է դպրոցականի աշխատատեղը: Կահույքը պետք է համապատասխանի նրա տարիքին և հասակին: Անհրաժեշտ է դասերը պատրաստելիս հետևել երեխայի դիրքին, որպեսզի գրելիս ողնաշարը շատ չծանրաբեռնվի, ուղիղ նստի՝ հենվելով աթոռի թիկնակին, ոտքերը սրունքաթաթային, ծնկային և կոնքազդրային հոդերում ուղիղ անկյուն կազմեն, կոնքի վրա բեռնվածությունը հավասար լինի, գլուխը պահի աննշան առաջ թեքված, աչքերից սեղանի հեռավորությունը լինի 30-35 սմ: Պարապելիս պետք է լույսն ընկնի ձախից: Սխալ լուսավորությունը, սեղանի ու աթոռի ոչ ճիշտ բարձրությունը կարող են առաջացնել տեսողության և կեցվածքի խանգարումներ: Դասերը պատրաստելիս պետք է սկսել գրավոր աշխատանքներից, այնուհետև անցնել բանավոր առաջադրանքներին, ընդ որում՝ հեշտից՝ դժվարին: Օրգանիզմի բոլոր համակարգերի ուժերի և աշխատունակության վերականգնման համար անհրաժեշտ է բնականոն քունը, օրինակ՝ 7-10 տարեկան երեխաները պետք է քնեն 10-10,5 ժ:

Քիչ քնելու (7-8 ժ) դեպքում աշխատունակությունն ընկնում է 30 %-ով: Երբեմն դպրոցականները բացի տնային առաջադրանքներից, շատ ժամանակ են հատկացնում երաժշտությանը, ընթերցանությանը, օտար լեզուների ուսուցմանը, կինոյին ու հեռուստատեսությանը, որից հոգնում են և անհանգիստ քնում: Քրոնիկ. այսպիսի վիճակը, ինչպես նաև մտավոր գերհոգնածությունը կարող են նևրոզների պատճառ դառնալ, որի հետևանքով երեխան լինում է գրգռված, կոպիտ, ցրված, ուստի պետք է խուսափել ավելորդ ծանրաբեռնվածությունից: Դ.տ-ի երեխային պետք է արգելել անկողնում կարդալը (որը վատ է անդրադառնում տեսողության վրա, խանգարում է բնականոն քունը), իսկ կրտսեր դպրոցականներին՝ մեծերի համար տրվող գիշերային հեռուստահաղորդումները դիտելը, որովհետև հուզումները, վախը կարող են անհանգիստ երազների պատճառ դառնալ: Անհանգիստ քունը, քնած ժամանակ ատամները կրճտացնելը երեխայի նյարդային համակարգի գրգռվածության նշաններ են: Անհրաժեշտ է ճիշտ կազմակերպել նաև դպրոցականի հանգիստը, մաքուր օդում զբոսանքը և խաղերը օրը 3 ժ-ից պակաս չպետք է լինեն: Խորհուրդ չի տրվում շատ ակտիվ լինել, օրինակ՝ չմշկել, դահուկներով սահել 1,5-2 ժ-ից, իսկ ֆուտբոլ խաղալ 1 ժ-ից ավելի: Հանգստյան օրերին երեխան պետք է լիարժեք քնի: Ուժերը վերականգնելուն օգնում են մաքուր օդը, արշավներն ու էքսկուրսիաները, սպորտով զբաղվելը: Դ.տ-ի երեխաների դաստիարակության համար շատ կարևոր է նաև շրջապատը, այն ամենը, որոնց միջոցով ձևավորվում են նրանց աշխարհայացքն ու համոզմունքները, հմտություններն ու սովորությունները: Պետք է հաշվի առնել յուրաքանչյուր երեխայի առանձնահատկությունները և ցուցաբերել խիստ անհատ. մոտեցում: Երեխայի հիմն. դաստիարակն ընտանիքն է, ուստի կարևոր է ծնողների անձն. օրինակը:

Սնուցումը: Դպրոցականի բնականոն ֆիզ. և նյարդահոգեկան զարգացման համար շատ կարևոր է ճիշտ կազմակերպված սնուցումը: Սննդի միջոցով երեխան ստանում է հյուսվածքներին անհրաժեշտ նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, հանքային աղեր, վիտամիններ:

Սպիտակուցը յուրաքանչյուր կենդանի բջջի հիմն. կառուցվածքային նյութն է, որի անբավարարությունը սննդում երեխայի մոտ առաջացնում է թուլություն, նա դառնում է դանդաղաշարժ, հասակը և քաշը չեն ավելանում, նվազում է դիմադրողականությունը վարակների հանդեպ: Հավասարապես օգտակար են ինչպես կենդ., այնպես էլ բուս. սպիտակուցները: Մսի և ձկան կերակրատեսակները խորհուրդ է տրվում տալ բանջարեղենային խավարտով:

Ճարպերը և ածխաջրերը էներգիայի աղբյուր են: Ճարպերից օրգանիզմը հագենում է, սակայն ավելցուկից, հատկապես կենդանականի, առաջանում են նյութափոխանակության խանգարում և ճարպակալում: Լավ են յուրացվում սերուցքային կարագում, կաթում, ձվում պարունակվող ճարպերը: Դպրոցականը օրական սննդում պետք է ստանա 10-15 գ բուս. (արևածաղկի, ձիթապտղի, եգիպտացորենի) յուղ: Ածխաջրերի (խմորեղեն, մակարոնեղեն ևն) ավելցուկի դեպքում ջուրը պահվում է օրգանիզմում, որից երեխան դառնում է դանդաղաշարժ, գունատ, հաճախակի է հիվանդանում, ցանկացած հիվանդություն ծանր է ընթանում և երբեմն ուղեկցվում բարդություններով: Դպրոցականը պետք է ստանա նաև անհրաժեշտ քանակությամբ հանքային աղեր:

Դրանց անբավարարության դեպքում կարող են առաջանալ տարբեր հիվանդություններ:

Վիտամինները մասնակցում են նյութափոխանակության բոլոր գործընթացներին, բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը հիվանդությունների նկատմամբ: Անբավարարության դեպքում երեխան դառնում է գրգռված, շուտ է հոգնում, նվազում է աշխատունակությունը, մեծանում տարբեր հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը (տես Վիտամինային անբավարարություն): Կաթը, կաթնամթերքը, որոնք պարունակում են լիարժեք սպիտակուցներ, ճարպեր, կալցիումի աղեր, վիտամիններ, շատ օգտակար են, և երեխան օրական պետք է խմի 400-500 մլ կաթ:

Ֆիզիկական դաստիարակություն և կոփում: Կրտսեր Դ.տ-ում ֆիզ. դաստիարակությունը տարվում է տարիքին համապատասխան: Ծնողները պետք է լինեն երեխաների լիարժեք ֆիզ. դաստիարակության գործուն օգնականներն ու կազմակերպիչները:

Երեխաներն առավոտյան պետք է կատարեն լիցքային վարժություններ, որն աստիճանաբար դառնում է սովորություն: Դասերի ժամանակ նախատեսվում են կարճ ընդմիջումներ՝ ֆիզկուլտուրային դադարներ և ֆիզկուլտուրային րոպեներ (տես Արտադրական մարմնամարզություն):

Կրտսեր Դ.տ-ի երեխաներին օգտակար են շարժուն խաղերը, որոնցում ներառվում են մարզ. խաղերի տարրեր, էստաֆետներ, իսկ հետագայում նաև հավասարակշռության, հենման, մագլցման, նետման և այլ մարմնամարզ. վարժություններ: Շատ օգտակար են դահուկային սպորտը, բասկետբոլը, վոլեյբոլը ևն: Դպրոցականները սպորտով սկսում են զբաղվել տարբեր տարիքում՝ կախված ֆիզ. պատրաստվածությունից և մարզաձևի առանձնահատկությունից:

Օդային և արևային լոգանքները, ջրային բուժարարողությունները կոփում են երեխաներին: Օդային լոգանքներ կարելի է կատարել տանը, 16°C-ից բարձր օդի ջերմաստիճանի պայմաններում, սկզբում 3-4 ր տևողությամբ, այնուհետև, օրը 1 ր ավե¬լացնելով, հասցնել մինչև 10 ր-ի: Ցանկալի է օդային լոգանքները զուգակցել մարմնամարզությամբ: Առողջարար են նաև զբոսանքը և ցերեկային բացօթյա քունը: Երեխաները տարվա ցուրտ եղանակին դրսում պետք է լինեն 2-5 ժ, իսկ ամռանը՝ 10-12 ժ:

Ջրային բուժարարողությունները կարելի է միայն առողջ երեխաներին: Կոփող բուժարարողություններից են լվացվելը, շփումը, ոտքերի ու մարմնի ջրցողումը, ցնցուղումը և լոգանալը: Ջրային կոփում կարելի է նախապես 1-2 շաբաթ (սենյակային պայմաններում) օդային լոգանքներ կատարելուց հետո: Մարմնի շփման և ջրցողման համար ջրի ջերմաստիճանը