մոտ 0,1 մմ) վրա ազդում են տարիքը, սեռը, օրգանիզմի ընդհանուր վիճակը, տարվա եղանակը և այլ գործոններ: Օրինակ՝ երեխաների Ե. ավելի արագ են աճում, քան մեծերինը, ձմռանը՝ դանդաղ, քան ամռանը: Մեծերի եղնգային թերթիկների երկար. 10-15 մմ է, լայն.՝ 10-17 մմ, հաստ՝ 0,30-0,37 մմ: Կանանց Ե-ի չափերն ավելի փոքր են, քան տղամարդկանցը: Եղնգային թերթիկները բնականոն վիճակում հարթ, անգույն, բավականին թափանցիկ, թեթևակի ուռուցիկ են:
Ե-ի հիվանդություններն առաջանում են հիմքերի, թթուների ազդեցությունից, վնասվածքներից, վարակներից (բակտերիաներ, սնկիկներ) ևն: Դրանք արտահայտվում են եղնգային թերթիկների ձևափոխություններով (եղնգաբորբ) կամ եղնգային գլանիկների բորբոքումով (հարեղնգաբորբ): Եղնգաբորբի ժամանակ փոխվում են եղնգային թերթիկների ձևը, չափերը, կառուցվածքը և գույնը: Այս փոփոխությունները հաճախ ժառանգ. բնույթ են կրում: Ե-ի ձևափոխությունները (հարթ, ուռուցիկ, լայնակի, երկայնակի ակոսներով) հաճախ պայմանավորված են եղնգային թերթիկների սնուցման խանգարումով: Առավել արտահայտված ձևափոխություն է օնիխոգրիֆոզը՝ եղունգները նմանվում են թռչնի ճանկերի: Հաճախ նկատվող Ե-ի ճեղքվելը, դրանց գերբեկունությունը, եղնգային թերթիկների գույնի փոփոխությունները պայմանավորված են տարբեր հիվանդություններով: Առավել վարակիչ են Ե-ի սնկիկային ախտահարումները՝ սնկիկագարությունը (օնիխոմիկոզ), ոտնաթաթի ռուբրոֆիտիայի, էպիդերմոֆիտիայի (տես Մաշկի սնկիկային հիվանդություններ), տրիխոֆիտիայի, կանդիդոզի, գոնջի ժամանակ: Ե-ի ձևափոխություններ նկատվում են քրոնիկ. վարակիչ հիվանդությունների (տուբերկուլոզ, սիֆիլիս, բոր), քրոնիկ. մաշկային հիվանդությունների (որքին թեփատու, էկզեմա), շնչառ. օրգանների (օրինակ՝ բրոնխալայնանք), սիրտանոթային, ներզատիչ և նյարդային համակարգերի հիվանդությունների՝ օրինակ՝ էնդարտերիտի (տես Էնդարտերիտ խցանող), բազեդովյան հիվանդության (տես Խպիպ տարածուն, թունավոր) և այլ դեպքերում:
Սեղմող կոշիկներ հագնելիս, Ե. սխալ կտրելիս հաճախ առաջանում են եղունգների ներաճում, հարեղնգաբորբ: Վերջինիս պատճառ են դառնում նաև եղնգային գլանիկների մաշկի փոքրիկ, մակերեսային հիվանդագին ճաքերը, ծլեպները, որոնք ձեռքերի մաշկի վատ խնամքի, Ե. կրծելու վտանգավոր սովորության հետևանք են: Բարդություններից խուսափելու համար պետք է ծլեպները զգուշությամբ կտրել փոքրիկ մկրատով և ախտահանել ադամանդականաչի, յոդի կամ վարակազերծող այլ լուծույթներով:
Կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում կանոնավոր կտրել եղնգամաշկը, ձեռքերի մաշկին քսել ցանկացած փափկացնող կամ ձեռքերի հատուկ մաշկաքսուք: Հարեղնգաբորբի առաջացմանը նպաստում են նյութափոխանակության խանգարումները, օրինակ՝ շաքարախտը, ինչպես նաև վնասվածքներն ու այլ գործոններ:
Ե-ի տակ օտար մարմիններ՝ փուշ, մեխ, մետաղի մասնիկ ևն մտնելիս անհրաժեշտ է շտապ հեռացնել այն, և մաշկը վարակազերծել էթիլային սպիրտով, յոդի սպիրտային, ադամանդականաչի լուծույթներով, որոնք կանխում են թարախակալումը: Քիմռեակտիվների և լվացափոշիների հետ աշխատելիս նպատակահարմար է օգտագործել ռետինե ձեռնոցներ:
Ե-ի հիվանդությունների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:
Ե. պետք է կանոնավոր խնամել, հատուկ խոզանակով լավ լվանալ և կտրել: Մանիկյուրը և պեդիկյուրն ունեն ինչպես կոսմետիկ, այնպես էլ հիգիենային նշանակություն, ուստի կարևոր է պահպանել սանհիգիենային կանոնները՝ գործիքները մանրէազերծել էթիլային սպիրտով կամ հատուկ լուծույթով: Լաքի մնացորդները հեռացնել ացետոնով կամ հատուկ հեղուկով: Խորհուրդ չի տրվում Ե. շատ խորը կտրել ինչպես գեղեցկության, այնպես էլ մատների ծայրերի գերզգայնության առումով: Եղնգային թերթիկների ազատ եզրերը պետք է խարտել օվալաձև, նշաձև կամ կլոր: Ե. կողքերից նույնպես խորը խարտել չի կարելի, որպեսզի կողմնային գլանիկների մաշկը չվնասվի: Այնուհետև բութ թիակով հետ տանել նախապես սնուցող մաշկաքսուք քսած եղնգային գլանիկների վերնամաշկը: Մաշկը փափկացնելու նպատակով մատները մի քանի ր դնել տաք օճառաջրի մեջ, իսկ ձեռքերի շատ չոր մաշկի դեպքում՝ 10-15 ր ընկղմել ձիթապտղի կամ դեղձի տաքացրած յուղի մեջ: Այնուհետև մատները չորացնել անձեռոցիկով, փափկած ենթամաշկը կտրել կեռ մկրատով, մնացորդները հեռացնել փոքրիկ ունելիով: Պետք է զգույշ լինել, որպեսզի գլանիկների վնասվելուց հարեղնգաբորբ չառաջանա, վնասվելու դեպքում մշակել ջրածնի գերօքսիդի կամ յոդի, արյունահոսության ժամանակ՝ շիբի լուծույթներով: Ե-ի գլանիկների անկյունները պետք է հարթեցնել պեմզայով, և նիզակաձև թիակով հեռացնել Ե-ի ազատ ծայրերի եղջերացումները: Այնուհետև օգտակար է սնուցող քսուքով մատների թեթև մերսումը, որից հետո եղնգային թերթիկներին կարելի է լաք քսել կամ սրբել կիտրոնի հյութով: Մշտապես լաք կամ կիտրոնի հյութ օգտագործել խորհուրդ չի տրվում (դրանցից Ե. չորանում են):
Պեդիկյուր (ոտքերի մաշկի և Ե-ի մշակում) անում են 1-1,5 ամիսը 1 անգամ: Օգտագործում են նույն գործիքները, ինչ մանիկյուրինը: Ե. և մաշկը փափկացնելու համար ոտքերը պետք է 15-20 ր տաք լոգանք դնել (օճառափոշիով, կերակրի սոդայով կամ անուշադրի սպիրտով): Այնուհետև ոտքերը չորացնել, կոշտուկներին և եղնգային գլանիկների վերնամաշկին սնուցող քսուք քսել, ունելի կծաքցանով կարճացնել Ե., ազատ ծայրերը խարտել, ուղղել, որից հետո մի քանի ր նորից ընկղմել տաք օճառաջրի մեջ, կտրել