Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոռոչում առաջացող բորբոքումները, լեղաքարային հիվանդությունը: Սուր բորբոքմանը նպաստում են ալկոհոլամոլությունը (տես Ալկոհոլամոլություն քրոնիկական), ոչ ռացիոնալ սնվելը, հատկապես շատակերությունը: Ենթաստամոքսային գեղձի փոփոխություններն արտահայտվում են հյուսվածքի որոշ հատվածների այտուցով, թարախակալմամբ կամ մեռուկացմամբ: Գեղձի ախտահարման տարածվածությունը և ծանրությունը զգալի չափով որոշում են հիվանդության կլինիկ. դրսևորումները, ընթացքն ու ելքը: Ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքման ծանր ձևին բնորոշ է բուռն սկիզբը, նկատվում են որովայնի վերին հատվածի ուժեղ, գոտևորող ցավեր, որոնք հաճախ ճառագայթվում են դեպի թիկունքը, ինչպես նաև սրտխառնոց, փսխում, փորափքանք: Ցավերն ունենում են կայուն կամ նոպայաձև բնույթ և լինում են այնքան ուժեղ, որ կարող են հանգեցնել կոլապսի կամ շոկի:

Ուժեղ, գոտևորող ցավերի դեպքում, որոնք կարող են լինել սուր բորբոքման դրսևորում, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, հիվանդին պառկեցնել անկողնում և որովայնի վերին հատվածին սառը (սառույց) դնել: Արդի բժշկությունը մեծ հնարավորություններ ունի պայքարելու ոչ հեռու անցյալում խիստ վտանգավոր այս հիվանդության դեմ: Բժշկի Նշանակած հակաբակտերիային պատրաստուկները, ենթաստամոքսային գեղձի ֆերմենտային ակտիվությունը ճնշող դեղանյութերը, խիստ սննդակարգը, անկողնային ռեժիմը սուր բորբոքման բուժման հիմքն են, որոնք, որպես կանոն, իրականացվում են հիվանդանոցում: Որոշ դեպքերում կատարվում է վիրաբուժ. միջամտություն:

Առավել հաճախ հանդիպում է ենթաստամոքսային գեղձի քրոնիկ. բորբոքումը, որի առաջացման պատճառները նույնն են, ինչը սուր բորբոքման դեպքում: Բացի այդ, սուր բորբոքումը ժամանակին չբուժելիս կարող է դառնալ քրոնիկ.: Քրոնիկ բորբոքումը սրանալիս ցավերը տեղակայվում են որովայնի վերին, առավել հաճախ ձախ կեսում, ճառագայթվում դեպի թիկունք և ուղեկցվում են մարսողության խանգարման երևույթներով՝ սրտխառնոցով, երբեմն՝ փսխումով, ախորժակի բացակայությամբ: Արտաթորանքը հաճախ առատ է, կղանքը՝ ճարպոտ, կավանման: Ախտորոշման լրացուցիչ մեթոդներից են լաբորատոր հետազոտությունները (մասնավորապես արյան մեջ շրջանառող ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների որոշումը) և մի շարք գործիքային մեթոդներ (անդրաձայնային, ռենտգենհակադրական ևն):

Սրացման շրջանում քրոնիկ. բորբոքման բուժումն իրականացնում է բժիշկը: Նոպաների միջև ընկած շրջանում անհրաժեշտ է խստորեն պահպանել հանձնարարված սննդակարգը, որը բացառում է յուղալի կերակրատեսակները, սահմանափակում ածխաջրերի քանակը, իսկ սպիտակուցով հարուստ մթերքը մի քիչ ավելացվում է: Ըստ ցուցումների՝ կիրառվում է փոխարինող. բուժում՝ ֆերմենտների ընդունում:

Կանխարգելումը հիմնված է Ե.գ.բ-ման զարգացմանը հանգեցնող հիվանդությունների կանխման ու ժամանակին բուժման և բորբոքմանը նպաստող գործոնների վերացման վրա:

ԵՆԹԱՏԵՍԱԹՈՒՄԲ, տես Գլխուղեղ հոդվածում:

ԵՐԱԶԱԽԱԲՈՒԹՅՈՒՆ, գիջություն, պոլյուցիա, ակամա սերմևահոսություն (սերմնաժայթքում), որը սովորաբար տեղի է ունենում էրոտիկ (տարփական) երազների դեպքում և չի ընդհատում քունը: Առավել հաճախ նկատվում է պատանեկան տարիքում և դադարում է կանոնավոր սեռ. կյանք սկսելուց հետո: Բացի գիշերայինից, կարող է լինել նաև ցերեկային Ե., որն առաջանում է արթուն վիճակում՝ մեծ մասամբ բնական սեքսուալ-էրոտիկ գրգռվածության պամաններում, առանց սեռ. մերձեցման (հաճախ գրկախառնվելիս, համբուրվելիս, երբեմն էլ՝ տեսող. տպավորության տակ, օրինակ՝ մերկ կնոջ մարմին տեսնելիս): Ցերեկային Ե. կարող է առաջանալ նաև ոչ սեքսուալ գրգռիչների ազդեցությունից, առավել հաճախ՝ ուժեղ հույզերի (օրինակ՝ վախի), ինչպես նաև տրանսպորտային թրթռումների դեպքերում, մարմնամարզ. վարժություններ կատարելիս ևն: Հեշտանքի զգացման առաջացման հետ (տես Սեռական հակում) 1-ին Ե-ները վկայում են սեռ. հասունացման սկսվելու մասին, որոշ մասնագետներ տղաների 1-ին Ե. համեմատում են աղջիկների 1-ին դաշտանի հետ:

Հասուն տղամարդկանց գիշերային Ե., որպես կանոն, սեռական ժուժկալության հետևանք է: Այն ապահովում է սերմնահեղուկի պարբերաբար արտահոսքը և թեթևացնում զսպվածության ծանր դրսևորումները (հոգեկանի սևեռումը սեքսուալ թեմայի վրա, ինքնակամ էրեկցիան ևն):

1-ին Ե-յան առաջացումը և դրա հաճախությունը պայմանավորված են անհատ. բնածին առանձնահատկություններով (մարմնակազմվածք, խառնվածք ևն), ընդհանուր առողջ. վիճակով, ապրելակերպով և հետաքրքրություններով:

Դեռահասների և պատանիների Ե. լինում է շաբաթը մոտ 1, տղամարդկանցը՝ ամիսը 1 անգամ: Որոշակի հանգամանքներում առողջ տղամարդու մոտ կարող է ընդհանրապես Ե. չլինել: Սակայն սեռ. զսպվածության շրջանում Ե-ները հաճախակի են դառնում: Ե. բնականոն վիճակից շեղում չէ, այն վկայում է սեռ. գեղձերի կանոնավոր հորմոնային ակտիվության մասին: Ե-յան հաճախացումը (եթե առաջանում է ամեն օր կամ օրվա մեջ մի քանի անգամ), առանց վերը նշված պատճառների և սեռական կյանքի սովոր. ռիթմի պայմաններում, վկայում է սեռ. ոլորտի խանգարման մասին: Այդ դեպքում պետք է դիմել մասնագետ բժշկի:

Բնականոն Ե. առողջությանը չի վնասում և սովորաբար չի ուղեկցվում տհաճ զգացողություններով: Ե-ից հետո որոշ պատանիների մոտ առաջացող տկարությունը, ընկճվածությունը, թուլությունը սովորաբար Ե-յան մասին սխալ պատկերացման հետևանք են, թե այն ինչ-որ հիվանդության դրսևորում է: Սեփական առողջության համար վախի այդ զգացումն արագորեն անցնում է համապատասխան պարզաբանումներից հետո (տես Սեռական դաստիարակություն):

Ըստ սեռ. ախտաբանության որոշ տվյալների, Ե. նկատվում է նաև կանանց մոտ: Դա կապված է արգանդի և բարթոլինյան գեղձերի արտազատուկի ժայթքման հետ (սեռ. հարաբերությունից դուրս): Նման Ե. առավել հաճախ դիտվում է սովոր. սեռ. կյանքով չապրող կանանց մոտ:

ԵՐԱԿԱԲՈՐԲ, ֆլեբիտ: Սովորաբար առաջանում է ստորին վերջույթների վրա՝ որպես վարակիչ հիվանդությունների, վարակված վերքերի, թարախակույտի, ֆլեգմոնի բարդություն: Կարող է ի հայտ գալ նաև ծննդաբերությունից հետո (տես Հետծննդյան հիվանդություններ): Հարուցիչները տարբեր միկրոօրգանիզմներն են, ավելի հաճախ ստրեպտոկոկերը (տես Բակտերիաներ): Ե. սովորաբար ուղեկցվում է երակների թրոմբոզով, որը հանգեցնում է թրոմբոֆլեբիտի: Միևնույն ժամանակ բորբոքային գործընթացը կարող է առաջանալ նախապես խցանված երակում:

Տարբերում են սուր և քրոնիկ. Ե.: Սուր մակերեսային Ե-ի ախտանշաններն են ցավերը, երակի երկարությամբ ենթամաշկային ճարպաբջջանքում պնդացումների առկայությունը, երբեմն մաշկի վրա կարմիր զոլերի առաջացումը, ջերմաստիճանի բարձրացումը, ընդհանուր թուլությունը: Քրոնիկ. Ե. երկարատև է՝ պարբեր. սրացումներով: Խորանիստ երակների