Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ներարգանդային շրջանը (բեղմնավորման պահից մինչև ծնվելը) տևում է սովորաբար 9 ամիս (40 շաբաթ): Այն ընդգրկում է սաղմնային (մինչև հղիության 3-րդ ամիսը) և ընկերքային (3-9-րդ ամիսը) զարգացման փուլերը: Արտարգանդային փուլն սկսվում է երեխայի ծնվելու պահից, այն բաժանվում է 6 շրջանի: Առանձին շրջանները միմյանցից չի կարելի կտրուկ սահմանազատել, բայց առանձնացնելն անհրաժեշտ է, քանի որ յուրաքանչյուր շրջանին համապատասխանում է օրգանիզմի զարգացման որոշակի աստիճան, երեխայի կերակրման ու սնուցման, ինչպես նաև խնամքի որոշակի բնույթ: Տարբերում են հետևյալ շրջանները. 1. նորածնության՝ ծնվելու պահից մինչև 4 շաբաթ (տես Կրծքի երեխա), 2. կրծքով կերակրման շրջան (կրտսեր մսուրային)՝ տևում է 4 շաբաթից մինչև 1 տարի, 3. մինչնախադպրոց. (ավագ մսուրային)՝ 1-3 տարեկան (մսուրային տարիք), 4. նախադպրոց.՝ 3-ից մինչև 6-7 տարեկանը (տես Նախադպրոցական տարիք), 5. կրտսեր դպրոց.՝ 7-ից մինչև 12-13 տարեկան (տես Դպրոցական տարիք), 6. ավագ դպրոց. կամ դեռահասության՝ սեռ. հասունացման տարիք՝ 12-13-ից մինչև 17-18 տարեկան:

Յուրաքանչյուր շրջան բնորոշվում է տվյալ տարիքին համապատասխան օրգանիզմի անատոմիաֆիզիոլոգ. առանձնահատկություններով և շրջապատող միջավայրին հարմարվածության աստիճանով, որով սահմանվում են երեխայի խնամքի, սննդի և դաստիարակության առանձնահատկությունները:

ԵՐԻԿԱՄԱԱՎԱԶԱՆԱԲՈՐԲ պիելոնեֆրիտ, կարող է առաջանալ որպես ինքնուրույն հիվանդություն կամ միզասեռ. համակարգի՝ մեզի արտահոսքը խանգարող հիվանդությունների (շագանակագեղձի գեղձուռուցք, միզաքարային հիվանդություն) ֆոնի վրա, ինչպես նաև որպես մի շարք վարակիչ հիվանդությունների բարդություն: Երեխաների Ե. հաճախ գրիպի, թոքաբորբերի և այլ հիվանդությունների բարդություն է: Ե. կարող է առաջանալ նաև հղի կանանց մոտ՝ հորմոնային տեղաշարժերի, միզածորանների վրա մեծացած արգանդի ճնշման հետևանքով երիկամներից մեզի արտահոսքը խանգարվելիս: Առավել հաճախ հղիության ժամանակ սրանում է քրոնիկ Ե., որը նախապես ընթացել է աննկատ և ժամանակին չի ախտորոշվել:

Ե. առաջանում է երիկամային հյուսվածքի մեջ հիվանդածին մանրէներ ներթափանցելիս: Վերջիններս տարածվում են միզապարկից (միզուկաբորբի կամ միզապարկի բորբոքման ժամանակ)՝ միզածորաններով, ինչպես նաև բորբոքային օջախներից (անգինա, նշագեղձերի բորբոքում) արյունատար անոթներով ներթափանցելիս:

Տարբերում են սուր և քրոնիկ. Ե.: Սուր Ե-ի բնորոշ ախտանշաններն են ուժեղ դողը, ջերմաստիճանի բարձրացումը մինչև 40°C, առատ քրտնարտադրությունը, գոտկատեղի ցավերը (ողնաշարի 1 կամ 2 կողմերում), սրտխառնոցը, փսխումը, բերանի չորությունը, մկանացավերը: Մեզում հայտնաբերվում են մեծ քանակությամբ լեյկոցիտներ և մանրէներ:

Սուր Ե-ի բուժումը, որպես կանոն, անցկացնում են հիվանդանոցում, երբեմն այն երկարատև է և պահանջում է խիստ անկողնային ռեժիմ: Բժշկի նշանակած ռեժիմը խախտելիս հիվանդությունն անցնում է քրոնիկ. ձևի:

Քրոնիկ. Ե. շատ տարիներ կարող է ընթանալ գաղտնի (առանց ախտանշանների) և հայտնաբերվում է միայն մեզի քննությամբ: Այն արտահայտվում է գոտկատեղի թեթև ցավերով, հաճախակի գլխացավերով: Երբեմն ջերմաստիճանը կարող է լինել ենթատենդային (սուբֆեբրիլ):

Քրոնիկ. Ե-ի ժամանակ կարող են նկատվել հիվանդության սրացման շրջաններ, որոնց բնորոշ են նույն ախտանշանները, ինչը՝ սուր Ե-ի դեպքում: Եթե քրոնիկ. Ե-ի բուժումը ժամանակին չի սկսվում, ապա բորբոքային գործընթացը, աստիճանաբար քայքայելով երիկամային հյուսվածքը, հանգեցնում է երիկամի արտազատ. ֆունկցիայի խանգարման և արդյունքում (երկկողմանի ախտահարման դեպքում) կարող է առաջանալ ազոտային խարամներով օրգանիզմի ծանր թունավորում (տես Միզարյունություն):

Քրոնիկ. Ե-ով հիվանդները պետք է գտնվեն բժշկի մշտ. հսկողության տակ՝ խստորեն պահպանելով նրա հանձնարարած ռեժիմն ու բուժումը:

Մասնավորապես մեծ նշանակություն ունի սննդի ռեժիմը: Սովորաբար պետք է բացառել ապխտած սննդամթերքը, համեմունքները, պահածոները, ալկոհոլը, անհրաժեշտության դեպքում սահմանափակել աղի օգտագործումը:

Հիվանդության կանխարգելման գործում կարևոր են վարակիչ հիվանդությունների ժամանակին բուժումը, քրոնիկ. վարակիչ հիվանդությունների օջախների վերացումը, օրգանիզմի կոփումը: Շագանակագեղձի գեղձուռուցքով, շագանակագեղձի բորբոքումով, միզաքարային հիվանդություններով և միզասեռ. համակարգի այլ հիվանդություններով տառապողները պետք է իմանան Ե-ի խորացման վտանգավորության մասին և չհետաձգեն բուժումը կամ բժշկի առաջարկած վիրահատությունը: Հղի կանայք պետք է պարբերաբար հաճախեն կանանց կոնսուլտացիա:

ԵՐԻԿԱՄԱԲՈՐԲ, նեֆրիտ (տարածուն կծիկաերիկամաբորբ), երիկամների բորբոքային հիվանդություն, որն ընթանում է առավելապես երիկամային կծիկների անոթների ախտահարմամբ: Ըստ կլինիկ. ընթացքի՝ տարբերում են սուր և քրոնիկ. Ե.:

Սուր Ե. հաճախ առաջանում է անգինայից կամ քրոնիկ. նշագեղձերի բորբոքումից, վերին շնչուղիների ստրեպտոկոկային հիվանդություններից հետո: Ե. կարող է առաջանալ նաև թոքաբորբերից, դիֆթերիայից, բծավոր և որովայնային տիֆերից, բակտերիային և վիրուսային մի շարք հիվանդություններից հետո, ինչպես նաև օրգանիզմի գերսառեցումից և այլ գործոնների ազդեցությունից: Ե-ի ախտանշանների ի հայտ գալուն նախորդում է գաղտնի շրջանը, որը սովորաբար տևում է 1-3 շաբաթ:

Սուր Ե-ի բնորոշ ախտանշաններն են այտուցը, մեզի փոփոխությունները և զարկերակային ճնշման բարձրացումը (հիպերտենզիա): Սկզբում այտուցներն առավոտյան առաջանում են դեմքին, որոնք երեկոյան պակասում են, իսկ ավելի ուշ տարածվում են ամբողջ մարմնով, հիվանդության բարենպաստ ընթացքի դեպքում անհետանում են 2-3 շաբաթում: Մեզում ի հայտ են գալիս սպիտակուց. էրիթրոցիտներ, հազվադեպ՝ նաև լեյկոցիտներ (քիչ քանակությամբ): Հիվանդության 2-3-րդ օրը արտազատվող մեզի քանակը սովորաբար նվազում է: Հիվանդների մի մասի սուր Ե. առաջանում է գաղտնի և հայտնաբերվում է միայն դիսպանսերային (կամ պատահական) հետազոտությամբ: Սուր Ե-ի ցանկացած ախտանշան կարող է լինել կարճատև, «1-օրյա»: Բայց այդպիսի (1-ին հայացքից անվնաս) ձևերի կանխագուշակումը շատ ավելի լուրջ է, քան բուռն սկզբի դեպքում:

Սուր Ե-ի բուժումը և ախտորոշումը կատարում է բժիշկը, որպես կանոն, հիվանդանոցում: Միայն բժիշկը կարող է բոլոր դեղանյութերից ընտրել այն, ինչն արդյունավետ է հիվանդության ընթացքի այս կամ այն տարբերակի դեպքում: Ինքնաբուժման փորձերն անթույլատրելի են: Հիվանդը պետք է խստորեն պահպանի բժշկի հանձնարարած ռեժիմն ու սննդակարգը: Սննդի օրաբաժնի աստիճանական