դեպքում նոպաները հազվադեպ են (տարին 1 անգամ) և միատեսակ: Ծանր ձևերի դեպքում կարող են լինել ամեն օր՝ 5-10 անգամ նոպաների շարքով (էպիլեպտիկ վիճակ) և ընթանալ տարբեր ձևերով: Նոպաները երբեմն էլ առաջանում են քնի ժամանակ, հաճախ՝ քնելու կամ արթնանալու պահերին, ընդ որում՝ հիվանդը կարող է դրանց մասին չիմանալ: Է-ի համար բնորոշ են անձի փոփոխությունները՝ բնավորության այնպիսի գծերի զարգացումը, ինչպիսիք են չափազանց սիրալիրությունը, շողոքորթությունը, որոնք դյուրությամբ փոխարինվում են չարությամբ, մանրախնդրությամբ, բծախնդրությամբ, մաքրասիրությամբ: Որոշ հիվանդների մոտ նվազում են մտավոր ունակությունները, դանդաղում հոգեկան գործընթացները:
Ժամանակակից բժշկությունը Է-ի բուժման բավականաչափ միջոցներ ունի: Շատ դեպքերում հաջողվում է նկատելիորեն կրճատել նոպաների հաճախությունը և նույնիսկ լրիվ դադարեցնել դրանք, ինչպես նաև կասեցնել հիվանդության մյուս ախտանշանների զարգացումը: Բուժումը պետք է սկսել որքան հնարավոր է վաղ՝ պահպանելով հիմն. պայմանը՝ անընդհատությունը: Բուժման հանկարծակի ընդհատումն առաջացնում է հիվանդության սրացում: Անհրաժեշտ է նաև պահպանել ռեժիմը, սահմանափակել աղերի և հեղուկների ընդունումը, լրիվ հրաժարվել ալկոհոլից, խուսափել արևահարությունից, տեսող., լսող., ուժեղ, ռիթմիկ գրգռիչներից, հեռուստատեսության հաղորդումների դիտումներից: Կինոկադրերի արագ առկայծումը, տրանսպորտում լուսամատից դուրս նայելիս բնապատկերների արագ հաջորդումը, ջազային և ռոք երաժշտությունը կարող են առաջացնել նոպա: Է-ով հիվանդը պետք է հետևի, թե ի՞նչն է դրդում նոպայի առաջացմանը և բացառի իր համար վտանգավոր պահերը: Հիվանդները չպետք է վարեն տրանսպորտի միջոցներ, աշխատեն կրակի, տաք հեղուկների, շարժվող մեխանիզմների հետ, լողան, քանի որ այդ իրադրություններում նոպան վտանգավոր է և՛ իրենց, և՛ շրջապատողների համար: Հիվանդների անձի առանձնահատկությունները, բծախնդրությունը, մաքրասիրությունը, սթափությունը գործունեության որոշ բնագավառներում երբեմն նրանց դարձնում են անփոխարինելի աշխատողներ: Դրա համար Է-ով հիվանդը բժշկի խորհրդով երբեմն պետք է փոխի աշխատանքի բնույթը: Սովորաբար դեղորայք ընդունելիս հարազատների միջամտության կարիքը չի զգացվում: Նրանց օգնությունն անհրաժեշտ է սննդի, հանգստի ռեժիմը կազմակերպելիս, ինչպես նաև մեծ ջղաձգային նոպայի դեպքում: Նոպայի ժամանակ, մինչև բժշկի գալը, հարկավոր է ատամների արանքը գդալ դնել, հարվածներից խուսափելու համար գլուխը պահել: Թուքը շնչուղիներ ընկնելուց և լեզուն կուլ գնալուց խուսափելու համար հարկավոր է գլուխը թեքել կողքի: Նոպայից հետո հիվանդին պետք է տանել հանգիստ տեղ՝ թողնելով, որ նա ուշքի գա:
ԷՊԻՖԻԶ, տես Ներզատիչ համակարգ հոդվածում:
ԷՎՈԼՅՈՒՑԻՈՆ ՈՒՍՄՈՒՆՔ, բնության մեջ տեղի ունեցող պատմ. փոփոխությունների (էվոլյուցիայի) մեխանիզմների և օրինաչափությունների մասին պատկերացումների ամբողջություն:
Է. ու-ի ուսումնասիրման առարկան օրգանիզմների առանձին խմբերի և ողջ կենդ. աշխարհի էվոլյուցիայի շարժիչ ուժերն են, կոնկրետ ուղիներն ու մեխանիզմները (տես Ֆիլոգենեզ), ինչպես նաև օրգանիզմների անհատ. զարգացման (տես Օնտոգենեզ) օրինաչափությունները:
Էվոլյուցիոն պատկերացումների ակունքները հին են: Օրգանիզմների զարգացման ու փոփոխությունների, ինչպես նաև դրանց շարժիչ ուժերի մասին ենթադրությունները տարբեր են և կրել են հիմնականում ստույգ գիտ. փաստերից զուրկ գուշակությունների բնույթ:
Միջին դարերում՝ կրոն. դոգմատիզմի և սխոլաստիկայի գերիշխանության պայմաններում, քարոզում էին բնության բացարձակ հավերժությունը և, որ բոլոր տեսակներն աստվածային արարման արդյունք են, հավերժ անփոփոխ:
15-18 դդ., աշխարհագր. մեծ հայտնագործությունների հետ կապված, կուտակվում էին կենդ. և բուս. աշխարհի բազմատեսակության մասին փաստացի նյութեր: Դրանց հետազոտությունը նպաստեց ուսումնասիրության համեմատ. մեթոդի զարգացմանը, որը հնարավորություն տվեց հետազոտել կենդ. և բուս. օրգանիզմները՝ նրանց նման և տարբեր հատկանիշների միջոցով: Դա հանգեցրեց կարգաբանության և համեմատ. անատոմիայի ստեղծմանը՝ մեծ դեր խաղալով Է. ու-ի ձևավորման գործում:
Օրգ. աշխարհի դասակարգման հիմնադիրներից է շվեդ բնագետ Կ. Լիննեյը: Լինելով աստվածային արարման մասին գերիշխող տեսության կողմնակից՝ նա պնդում էր, որ «յուրաքանչյուր տեսակ 1 զույգի սերունդ է՝ աշխարհի ստեղծման ժամանակ արարչի կողմից ստեղծված»: Այդուհանդերձ, նա ընդունել է տեսակառաջացման սահմանափակ հնարավորությունը:
18-րդ դ. 2-րդ կեսին շատ բնագետների աշխատություններում շարադրվել են բնության զարգացման տարբեր վարկածներ, որոնք առաջընթաց դեր են ունեցել բնագիտության զարգացման գործում:
Շվեյցարացի բնագետ Շ. Բոնեն, հենվելով Գ. Լայբնիցի փիլ-յան վրա և պաշտպանելով արարչի կողմից նախասահմանված բնական կարգով զարգացման գաղափարը, նկարագրել է բնության կենդանի և անկենդան օբյեկտների միջև հարաբերությունները սանդուղքի տեսքով: Ստորին աստիճանում ատոմներն ու հանքային նյութերն են, այնուհետև՝ բույսերը, կենդանիները, մարդը, հրեշտակները, ի վերջո՝ Աստված: Չնայած արտաքուստ առաջադիմական բնույթին և օրգ. աշխարհի զարգացման որոշակի համակարգի ստեղծման ձգտմանը՝ բոլոր նման տեսությունները միայն արտաքին նմանություն ունեին Է. ու-ին և շատ մոտ էին արարչի կողմից կանխորոշված ստորակարգությանը: Բնության օրենքների մատերիալիստ. բացատրությունների համար բացառիկ նշանակություն են ունեցել ֆրանս. մատերիալիստներ ժ. Լամեթրիի, Դ. Դիդրոյի, Կ. Հելվեցիուսի աշխատանքները, որոնք ժխտում էին դրանց արարչաստեղծ լինելու մասին գաղափարները:
Կենդանի էակների էվոլյուցիայի մասին ամբողջական ուսմունք ստեղծելու 1-ին փորձը պատկանում է ֆրանս. կենդանաբան Ժ. Լամարկին: Կենդանիների ու բույսերի բազմատեսակությունների ուսումնասիրությունները թույլ տվեցին նրան ենթադրություն անել էվոլյուցիայի գոյության մասին, որի շարժիչ ուժը բնության ինքնակատարելագործվելու ձգտման հատկությունն է: Լամարկն առաջ է քաշել այն դրույթը, որ արտաքին միջավայրի փոփոխության հետևանքով օրգանիզմները ձեռք են բերում նոր հատկություններ, որոնք ժառանգաբար փոխանցվում են սերունդներին: «Կենդանաբանության փիլիսոփայություն» աշխատությունում (1809) նա հանդես է եկել տեսակների հավերժ. և անփոփոխ լինելու մետաֆիզ. գաղափարների և Ժ. Կյուվիեի աղետների (կատաստրոֆներ) տեսության դեմ: Ժ. Լամարկին կարելի է համարել 1-ին էվոլյուցիոնիստը, որը հիմնահարցը ներկայացրեց ամբողջությամբ՝ կենդ. և բուս. օրգանիզմների տեսակների անսահմանափակ փոփոխություններով ուղեկցվող էվոլյուցիայի ընթացքը դիտելով որպես անընդհատ գործընթաց: