Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավելցուկային քանակությամբ անցնում է արյան մեջ՝ առաջացնելով հոգեկան կամ հուզ. գերշաքարարյունություն:

Թունավորումների, գլխուղեղի վնասվածքների, որոշ վարակիչ հիվանդությունների դեպքում գերշաքարարյունությունը կարող է առաջանալ որպես կենտր․ նյարդային համակարգի գրգռման հետևանք: Խաղողաշաքարի պարունակությունն արյան մեջ մեծանում է բարձր ջերմաստիճանի, շոկային վիճակների, ուղեղապատյանաբորբերի, գլխուղեղի բորբոքումների ժամանակ:

Ենթաստամոքսային գեղձի ներզատիչ հյուսվածքի թերֆունկցիայի դեպքում ինսուլինի առաջացման կտրուկ նվազման հետևանքով փոխվում է ինսուլին-ադրենալին փոխհարաբերությունը, առաջանում է ինսուլինային գերշաքարարյունություն (տես Շաքարախտ):

Սննդային գերշաքարարյունությունը 3-5 ժ հետո փոխարինվում է ուժեղ թերշաքարարյունությամբ, որը կապված է ինսուլինի արտազատման ուժեղացման հետ: Թերշաքարարյունությունը կարող է առաջանալ ծանր և երկարատև ֆիզ. աշխատանքի, ենթաստամոքսային գեղձի ներզատիչ հյուսվածքի ախտահարման, երիկամների հիվանդությունների, բրոնզախտի, լորձայտուցի (տես Հիպոթիրեոզ) և այլ դեպքերում: Հատուկ ձևի թերշաքարարյունություն է առաջանում բուժիչ նպատակով ինսուլինի չափաքանակը մեծացնելիս: Ինքնաբեր թերշաքարարյունություն նկատվում է նյարդային համակարգի հիվանդությունների և հոգեկան խանգարումների դեպքերում: Հյուսվածքների, առանձնապես գլխուղեղի, ածխաջրային (խաղողաշաքարային) քաղցը կարող է հանգեցնել կոմայի: Օրգանիզմում խաղողաշաքարի անբավարարության վաղ դրսևորումներից են քաղցի զգացումը, քրտնոտությունը, որոնք վերանում են սննդային շաքարի, հացի, մրգահյութերի ընդունումով:

Հայտնի են Ա-ի փոխանակության խախտումների հետ կապված մի շարք ժառանգ․ խանգարումներ, որոնք բնորոշվում են տարբեր հյուսվածքների բջիջներում Ա-ի բարդ միացությունների կուտակումներով: Կուտակվող նյութերի կազմությունից կախված՝ այդ հիվանդությունները լինում են մուկոբազմասախարիդոզներ, գլիկոլիպիդոզներ և գլիկոպրոտեիդոզներ, որոնց առաջացումը պայմանավորված է մուկոբազմաշաքարների, գլիկոլիպիդների կամ գլիկոպրոտեիդների ճեղքմանը մասնակցող համապատասխան ֆերմենտի բացակայությամբ կամ ակտիվության կտրուկ փոքրացմամբ:

Ածխաջրերը սննդի մեջ. էներգիական արժեքով Ա. հավասարարժեք են սպիտակուցներին: 1 գ Ա-ի այրումից օրգանիզմում անջատվում է միջինը 4,1 կկալ էներգիա: Մարդու սննդի մեջ Ա-ի քանակը սովորաբար 4 անգամ գերազանցում է սպիտակուցների և ճարպերի պարունակությանը: Օրգանիզմում Ա-ի սահմանափակ կուտակվելու հատկությունը նպաստում է դրանց ավելցուկային քանակների հեշտորեն ճարպի փոխարկվելուն, որը կուտակվում է ճարպային պահեստարանում (դեպոյում): Սննդի մեջ Ա-ի ավելցուկից առաջանում է ավելորդ քաշ և գիրություն (տես Ճարպակալում):

Ա-ի պարունակությունը սննդի օրաբաժնում պետք է հաշվեկշռված լինի սպիտակուցների և ճարպերի հետ: Դրանց կտրուկ սահմանափակումը, առավել ևս լրիվ բացակայությունը, խանգարում է բնականոն սնուցումը և կարող է հանգեցնել օրգանիզմի կենսագործունեության էական փոփոխությունների: Միայն բուժիչ նպատակով որոշ հիվանդությունների (շաքարախտ, ճարպակալում ևն) դեպքում բժիշկը կարող է նշանակել Ա-ի ցածր պարունակությամբ սննդակարգ:

Ա. սննդային օրաբաժնի հիմն․ մասն են և ապահովում են օրգանիզմին անհրաժեշտ օրական կալորիականության կեսից ավելին: Դրանց 1 օրվա ծախսը կազմում է 350-500 գ, որոնց նկատմամբ պահանջը բավարարվում է բուս․ մթերքների (հացահատիկ, կարտոֆիլ ևն), մասամբ էլ շաքարի հաշվին:

Կենդ. մթերքը, որպես Ա-ի աղբյուր, չնչին նշանակություն ունի: Բայց վաղ մանկ․ տարիքում, երբ կաթը հիմն․ սնունդն է, այն Ա-ի կարևոր աղբյուր է և կարող է գրեթե լիովին ապահովել օրգանիզմի պահանջը: Նույնը վերաբերում է նաև մեծահասակներին Ա-ով ապահովմանը: Խաղողաշաքարի կարևոր հատկությունը հեշտ յուրացվելիությունն է և օրգանիզմի կողմից արագ օգտագործումը գլիկոգենի առաջացման համար, որն անհրաժեշտ է աշխատող մկանների, այդ թվում՝ սրտամկանի սնուցման, արյան մեջ շաքարի բնականոն կոնցենտրացիան պահպանելու համար: Խաղողաշաքարը սննդի լավագույն միջոց է հետվիրահատ. շրջանում, ինչպես նաև ծանր և թույլ հիվանդների համար:

Պտղաշաքարը մոտ 2 անգամ քաղցր է սննդային շաքարից և 3 անգամ՝ խաղողաշաքարից: Այն առավել գործածական է մտավոր աշխատանք կատարելիս, ինչպես նաև հասուն և տարեց մարդկանց, աթերոսկլերոզով հիվանդների համար՝ ճարպային և խոլեստերինի փոխանակության խանգարումների դեպքում: Պարզվել է, որ պտղաշաքարը բարերար ազդեցություն է ունենում աղիքային օգտակար միկրոֆլորայի վրա: Պտղաշաքարի և խաղողաշաքարի հիմն․ աղբյուր են մրգերը, հատապտուղները, ինչպես նաև մեղրը, որում խաղողաշաքարի պարունակությունը կազմում է 25-37 %, իսկ պտղաշաքարինը՝ 39-40 %:

Սախարոզը շաքարի ձևով առավել օգտագործվող երկշաքար է: Չնայած սննդային բարձր հատկություններին՝ երբեմն մտավոր աշխատանքի և քիչ շարժուն կենսակերպի, ճարպակալման հակում ունենալու դեպքերում, ինչպես նաև ծեր տարիքում մեծ քանակությամբ շաքարի օգտագործումը ցանկալի չէ: Դրա ավելցուկը նպաստում է ճարպակալմանը և աթերոսկլերոզի առաջացմանը, որոշ տվյալներով՝ բարձրացնում է արյան մեջ խոլեստերինի պարունակությունը:

Սննդային օրաբաժնում օսլան կազմում է օգտագործվող Ա-ի ընդհանուր քանակի մոտ 80 %-ը, որի բարձր պարունակությամբ է մեծ չափով պայմանավորված հատիկային մթերքների, լոբազգիների և կարտոֆիլի սննդային արժեքը: Օսլայի ճեղքման հաշվին է բավարարվում օրգանիզմի շաքարի, մասնավորապես՝ խաղողաշաքարի պահանջը:

Թաղանթանյութի և պեկտինային նյութերի հիմն․ հատկությունը ջրային լուծույթում թթվի և շաքարի ներկայությամբ դոնդողանման կոլոիդային զանգված առաջացնելու ունակությունն է: Հաստատվել է պեկտինային նյութերի նշանակությունն առողջ մարդու սննդի մեջ, ինչպես նաև դրանց օգտագործման հնարավորությունը ստամոքսաղիքային համակարգի որոշ հիվանդությունների, այրվածքների և այլ դեպքերում: Հայտնի է բջջանյութի Ա-ի դերն աղիքների գալարակծկանքի խթանման գործում: Բջջանյութը նպաստում է նաև օրգանիզմից խոլեստերինի հեռացմանը, աղիքային ֆլորայի բնականոնացմանը:

Տես նաև Սնուցում:

ԱԿԱՆՋ, լսողության օրգան: Մարդու Ա. կազմված է 3 մասից՝ արտաքին, միջին և ներքին: Արտաքին Ա. բաղկացած է ականջախեցուց և լսող․ արտաքին անցուղուց (նկ. 1): Խեցին մաշկով պատված աճառային թիթեղ է, որի միայն ականջաբլթակ կոչվող մասն է աճառազուրկ: Արտաքին լսող․ անցուղին լայն է, բայց մոտավորապես կենտրոնում բավականին նեղանում