վերլուծությունը: Մարդու պոպուլացիայի գենետիկ. վերլուծության առանձնահատկությունն այն է, որ բնական ընտրությունը մարդու էվոլյուցիայում կորցրել է առաջատար գործոնի դերը: Սակայն մարդու պոպուլյացիայի գենետիկական նշանակությունը բացառիկ մեծ է ժառանգական հիվանդությունների տարածման վերլուծության գործում, գենետիկ. ապարատի վրա ճառագայթման ֆիզ., ինչպես նաև քիմ. ազդեցությունների արդյունավետությունը գնահատելիս:
Է.ու-ի հետագա զարգացումը կապված է էվոլյուցիոն գենետիկայի հաջողությունների հետ, որն ուսումնասիրում է օրգանիզմների պատմ. զարգացման ընթացքում գենետիկ. համակարգերի վերափոխումները: Մոլեկուլային կենսաբանության նորագույն նվաճումները թույլ են տալիս նորովի գնահատել էվոլյուցիոն մեխանիզմները: Մուտագենեզի հիմքում ընկած մոլեկուլային մեխանիզմների հայնագործումը, անհատ. զարգացման ընթացքում գենետիկ. ինֆորմացիայի ընդլայնման հիմնահարցերի, պատմ. զարգացման օրինաչափությունների ու ուսունասիրությունները Է.ու-ի և ընդհանրապես կենսաբանության զարգացման համար կարևոր նշանակություն ունեցան:
Է.ու կենսաբան-մատերիալիստների հիմն. զենքն է, որը, մշտապես հարստանալով նոր փաստացի և տես. տփալներով, զարգանում է կենդանի բնության մասին գիտելիքների խորացման միջոցով:
Է. ու-ի հիմն. սկզբունքները դիալեկտիկ. մատերիալիստ. առումով զարգացրել են Ա. ՏԵր-Պողոսյանը, Ս. Յուզբաշյանը, Հ. Հովհաննիսյանը, Ռ. Գաբրիելյանը, Վ. Գուլքանյանը, Մ. Չայլախյանը, Ա. Թախտաջյանը, Վ. Ղազարյանը, Մ. Թումանյանը, Հ. Բատիկյանը և ուր.:
ԷՐԻԶԻՊԵԼՈԻԴ (խոզի կարմիր քամի), մաշկի վարակիչ հիվանդություն, առաջացնում են խոզի կարմիր քամու ցուպիկները (բակտերիաները): Վարակման աղբյուր են ծանծաղ ջրերում ապրող, թափոններով սնվող ձկները (ծածան, բրամ ևն) և ընտանի կենդանիները (առավել հաճախ հիվանդ կամ բակտերիակիր խոզերը):
Մարդը վարակվում է ձկան կամ հիվանդ կենդանիների միսը վերամշակելու ժամանակ ձեռքերը վնասելիս: Հիվանդանում են տնային տնտեսուհիները, մսի և ձկան կոմբինատների աշխատողները: Վնասվածքի տեղում (հաճախ ձեռքի մատների վրա) 2-3 օր հետո առաջանում է այտուց, մաշկը դառնում է կարմրակապտավուն: Այտուցն աստիճանաբար մեծանում է, դառնում ցավոտ: Որոշ դեպքերում մեծանում են մոտակա ավշային հանգույցները, ախտահարվում ձեռնաթաթի հոդերը, բարձրանում է ջերմաստիճանը: Հիվանդից առողջ մարդուն հիվանդությունը չի փոխանցվում:
Հում ձուկը կամ միսը մշակելիս մաշկի վնասվածքի դեպքում այտուց, կարմրություն, ցավեր առաջանալիս անհրաժեշտ է դիմել բժշկի: Հիվանդությունը բուժելի է, բայց նաև կրկնվում է:
Կանխարգելման նպատակով ձուկ կամ միս մշակելիս պետք է խուսափել մաշկի վնասումներից: Վնասվելու դեպքում այդ հատվածն անմիջապես մշակել վարակազերծող նյութերով (յոդ, ադամանդականաչի լուծույթ): Հիվանդության հաս. կանխարգելումն ապահովվում է անասնաբուժ. հսկողությամբ. հիվանդ կենդանիների միսը չի թույլատրվում մշակել և վաճառել: Պետ. միջոցառումներից են ջրամբարների (հատկապես ձկնատնտեսությունների) աղտոտման կանխումը և մաքրումը:
ԷՐԻԹՐԱԶՄԱ, մաշկի քրոնիկ. սակավ վարակիչ հիվանդություն: Հարուցիչները մանրադիտակային սնկիկներին նման բակտերիաներն են, որոնք մակաբուծում են մաշկի եղջերային շերտի մակերեսային հատվածում՝ աճուկաազդրային, անութային ծալքերում, կաթնագեղձերի տակ: Հիվանդությունն արտահայտվում է աղյուսակարմրավուն կամ դեղնավարդագույն բծերի առաջացմամբ, որոնք աստիճանաբար մեծանում են, խիստ սահմանազատվում, ցավոտ չեն, չեն քորվում, երբեմն թեփոտվում են (հատկապես՝ եզրերում): Երեխաները Է-ով չեն հիվանդանում: Նախատրամադրող գործոններն են քրտնոտությունը, օդի բարձր ջերմաստիճանը և խոնավությունը, անձնական հիգիենայի և մաշկի խնամքի կանոնները չպահպանելը: Չբուժելիս Է. կարող է ձգձգվել տարիներ, ինքնաբուժման դեպքում՝ բարդանալ սուր բորբոքային երևույթներով:
Բուժում է բժիշկը: Է. հեշտությամբ է բուժվում, բայց հաճախ կրկնվում է, եթե չեն վերացվում նախատրամադրող գործոնները: Հիվանդության և կրկնումների կանխարգելման նպատակով կարևոր է բուժել քրտնոտությունը և մաշկը ճիշտ խնամել: Բուժվելուց հետո խորհուրդ է տրվում մաշկի ծալքերը շփել օղիով կամ օդեկոլոնով:
ԷՐԻԹՐՈՑԻՏՆԵՐ, տես Արյուն, արյունաստեղծ համակարգ հոդվածում:
ԷՔՍՏՐԱՍԻՍՏՈԼԱ, տես Սիրտանոթային համակարգ հոդվածում:
ԷՔՍՈՒԴԱՏԻՎ-ԿԱՏԱՌԱՅԻՆ ԴԻԱԹԵԶ, տես Բորբոքահեղուկալորձենաբորբային նախատրամադրվածություն:
ԸՄԲՇԱՄԱՐՏ, մարզաձև. մենամարտ 2 մարզիկների միջև՝ հատուկ սահմանված կանոններով: Գոյություն ունի ժամանակակից Ը-ի 4 հիմն. ձև՝ դասական, ազատ ոճ, սամբո, ձյու-դո: Կան նաև Ը-ի ազգային ձևեր, օրինակ՝ հայկ. կոխը, ինչպես նաև վրաց., ուզբեկ. և այլ տարատեսակներ:
Մրցումներն անցկացվում են որոշակի քաշային և տարիքային կարգերով:
Ը. հիմնականում պատկանում է ուժային վարժություններին, ըմբիշները պետք է հաղթահարեն հակառակորդի դիմադրությունն ու մարմնի քաշը:
Ը. նպաստում է ուժային լարումների հանդեպ օրգանիզմի դիմացկունության բարձրացմանը, մկանունքի, ֆիզ. ուժի, ճարպկության, արագության զարգացմանը, շարժումների համաձայնեցմանը, սիրտանոթային, շնչառ. և օրգանիզմի մյուս համակարգերի ֆունկցիաների կատարելագործմանը:
Գոտեմարտի ժամանակ ըմբիշների մոտ հաճախ առաջանում է, այսպես կոչված, պրկման (լարման) երևույթ, մկանային առավելագույն լարվածության պահին տեղի է ունենում կտրուկ արտաշնչում՝ ձայնաճեղքի փակ վիճակում: Դա հանգեցնում է կրծքի խոռոչի ճնշման խիստ բարձրացմանը և դժվարացնում է արյան հոսքը դեպի սիրտ: Մարզված երիտասարդների սիրտը դիմանում է այդպիսի կարճատև, բայց զգալի ծանրաբեռնվածությունների, իսկ պատանիների և բարձր տարիքի մարդկանց սիրտանոթային համակարգի համար դրանք կարող են վնասակար լինել: Տղաներին Ը-ով թույլատրվում է զբաղվել 10-13 տարեկանից: 40 տարեկանից բարձր անձանց խորհուրդ չի տրվում մարզվել և մասնակցել Ը-ի մրցումների: Պարապմունքների ընթացքում պարտադիր է բժշկական հսկողությունը: