Վնասվածքների (հաճախ ծնկային և սրունքաթաթային հոդերի, անրակի, ականջախեցիների) կանխարգելման համար անհրաժեշտ են Ը-ի ձևերի վարժեցման հաջորդականություն՝ ուժային լարումներին կապանների ու մկանների աստիճան. նախապատրաստման նպատակով, Ը-ի կանոնների պահպանում, ինչպես նաև կոշիկի ճիշտ ընտրություն (կիսաճտքավոր կոշիկներն ամուր գրկում են սրունքաթաթային հոդերը) և հարթ (առանց ծալքերի) մարզագորգ:
Մաշկի թարախաբշտիկային հիվանդություններից խուսափելու համար շատ կարևոր է խստորեն պահպանել անձնական հիգիենայի և մարզվելու տեղի (մասնավորապես՝ մարզագորգի) հիգիենայի կանոնները:
ԸՄՊԱՆ, քթի խոռոչը շնչափողին (շնչառ. խողովակով) և բերանի խոռոչը կերակրափողին միացնող օրգանը: Ը. կազմված է վերին հատվածից կամ քթըմպանից, որը 2 ձվաձև բացվածքով՝ խոաններով, հաղորդակցվում է քթի խոռոչի հետ, և միջին կամ բերանային հատվածից, որը բերանի խոռոչի հետ հաղորդակցվում է մեծ բացվածքով՝ բկանցքով: Վերջինս վերևից սահմանափակված է փափուկ քիմքով, ներքևից՝ լեզվի արմատով, իսկ կողքերից՝ առաջային և հետին քմային աղեղներով, որոնց միջև տեղադրված են քմային նշագեղձերը: Ը-ի ստորին կամ կոկորդաըմպանային հատվածը հաղորդակցվում է կոկորդի և կերակրափողի հետ:
Ը-ում խաչաձևվում են շնչառ. և մարսող. ուղիները: Չնայած դրանց ազատ հաղորդակցմանը՝ ուտելիս սնունդը շնչափող չի ընկնում, որովհետև կլման պահին փափուկ քիմքը բարձրանում է և քթաըմպանը հուսալիորեն բաժանում բերանաըմպանից, միաժամանակ կոկորդը փակվում է մակկոկորդով: Քթաըմպանի կողմնային պատերի վրա գտնվող եվստախյան փողերի (լսող.) անցքերը քթաըմպանը կապում են միջին ականջի հետ (որը լսող. օրգանի բնականոն գործունեության համար կարևոր նշանակություն ունի), որոնց միջոցով էլ իրականցվում է միջին ականջի օդափոխությունը, և թմբկաթաղանթի վրա ճնշումը հավասարվում է (տես Ականջ): Ահա թե ինրու ինքնաթիռի մեջ ականջները «փակվելիս» խորհուրդ է տրվում կատարել կլման գործողություններ: Ը-ի պատերը ծածկված են բազմաթիվ լորձագեղձեր և արյունատար անոթներ պարունակող լորձաթաղանթով, որոնց շնորհիվ քթաըմպանով անցնող օդը խոնավանում, տաքանում և մաքրվում է: Լորձաթաղանթի տակ գտնվող մկանները կծկվելով՝ սեղմում են Ը. միջին և ստորին հատվածներում և նպաստում սնունդը դեպի կերակրափող մղելուն, գրգռող նյութեր և օտար մարմիններ ընկնելիս ապահովում են պաշտպան. հակազդեցությունը: Ը-ի խոռոչը քթի խոռոչի և հավելյալ ծոցերի (տես Քիթ, քթի հավելյալ ծոցեր) հետ համարվում են ձայնի ռեզոնատոր (տես Ձայն), որի շնորհիվ ձայնը ուժեղանում է և ձեռք բերում անհատ. ձայներանգ:
Ը-ի ֆունկցիաները խանգարվում են տարբեր հիվանդություններից (օրինակ՝ անգինա, դիֆթերիա, ըմպանաբորբ, ուռուցքներ ևն): Առաջանում են շնչառ. և կլման դժվարություններ, խանգարվում է նաև խոսքը (տես Ռնգախոսություն): Շատ վտանգավոր են օտար մարմինները, ինչպես նաև թթուներով, ալկալիներով այրվածքները ևն, որոնք կարող են կյանքին վտանգ սպառնալ: Ուստի նման դեպքերում պետք է դիմել շտապ բժշկ. օգնության (տես Թունավորումներ, թունավորումներ կենցաղային քիմիայի պատրաստուկներով):
ԸՄՊԱՆԱԲՈՐԲ, ֆարինգիտ, ըմպանի լորձաթաղանթի բորբոքում: Հաճախ Ը-ին նախորդում են սուր շնչառական հիվանդությունները, գրիպը և վարակիչ այլ հիվանդություններ: Երբեմն Ը. առաջանում է ըմպանի լորձաթաղանթի վրա տարբեր գործոնների անմիջական ազդեցությունից, օրինակ՝ բերանով սառը օդ շնչելուց, չափազանց տաք կամ սառը սննդից (ըմպելիքներից), ծխից, ալկոհոլից, փոշուց, գազերից ևն: Սուր Ը-ի ժամանակ կոկորդում առաջանում է չորության, քերծման զգացում, ականջներում՝ ծակծկոց, իսկ թուքը կուլ տալիս՝ աննշան ցավ: Ջերմաստիճանը սովորաբար բնականոն է կամ քիչ է բարձրանում, իսկ ընդհանուր վիճակը, որպես կանոն, բավարար է: Եթե հիվանդությունը ժամանակին չբուժվի, ապա կվերածվի քրոնիկի, որի ժամանակ ըմպանում կուտակված մեծ քանակությամբ մածուցիկ լորձը դառնում է մշտ. հազի պատճառ (հատկապես առավոտյան): Հազը երբեմն ուղեկցվում է սրտխառնոցով և նույնիսկ փսխումով:
Քրոնիկ. Ը-ի զարգացմանը կարող են նպաստել քրոնիկ. հարբուխը, նշագեղձերի բորբոքումը, քթի հավելյալ ծոցերի թարախային բորբոքումները (տես Քիթ, քթի հավելյալ ծոցեր), ատամների ոսկրափուտը, նյութափոխանակության խանգարումը, թոքերի, սրտի, լյարդի, երիկամների և այլ օրգանների հիվանդությունները: Ը-ի առաջացմանը նպաստում են նաև մասնագիտ. վնասակարությունները՝ օդի չորությունը, ջերմաստիճանի կտրուկ տատանումները, փոշին, գազերը: Հիվանդության պատճառները ժամանակին չվերացնելիս ըմպանի լորձաթաղանթի քրոնիկ. բորբոքումը հանգեցնում է վերջինիս ապաճման, որի պատճառով բուժումը դժվարանում է: Կանխարգելման և բուժման համար անհրաժեշտ է վերացնել ըմպանի լորձաթաղանթի վրա ազդող վնասակար գործոնները: Փոշու, գազերի և այլ անբարենպաստ պայմաններում աշխատելիս պետք է կրել պաշտպան. դիմակ (շնչադիմակներ): Ը-ի կանխարգելման համար կարևոր է օրգանիզմի կոփումը՝ ներառելով ինչպես ընդհանուր, այնպես էլ տեղային (սառը ջրով ըմպանի ողողումներ) բուժարարողությունները:
ԸՆԴԵՐԱԴԻՏՈՒՄ, էնդոսկոպիա, ներքին օրգանները հատուկ սարքերի՝ ընդերադիտակների օգնությամբ հետազոտելու մեթոդ: Ախտորոշման և բուժման նպատակներով լայնորեն կիրառվում է վիրաբուժության, ստամոքսաղիքաբանության, թոքաբանության, միզաբանության, գինեկոլոգիայի բնագավառներում:
Ըստ հետազոտվող օրգանի՝ տարբերում են՝ բրոնխադիտում (բրոնխոսկոպիա), կերակրափողադիտում (էզոֆագոսկոպիա), ստամոքսադիտում (գաստրոսկոպիա),