որոշ, հատկապես կենտր. նյարդային համակարգի վրա հանգստացնող ազդեցություն ունեցող դեղերը նույնպես կարող են առաջացնել երկարատև. Ը.: Հոգեպես թույլ կամ անկայուն (նևրոզներով, պսիխոպաթիաներով, կենտր. նյարդային համակարգի վնասվածքային, անոթային խանգարումներով, քրոնիկ. ալկոհոլամոլությամբ տառապող հիվանդները, ինչպես նաև կանայք՝ դաշտանադադարի շրջանում ևն) մարդկանց համար աննշան առիթը կարող է Ը-յան պատճառ դառնալ: Ը. նախածերունական պսիխոզի և շիզոֆրենիայի հաճախակի դրսևորումներից է, ինչպես նաև մանիակալ-դեպրեսիվ պսիխոզի վիճակներից («փուլերից»):
Ը. բուժում է պահանջում: Նույնիսկ թեթևակի Ը., որը երբեմն ենթադրվում է, թե «ինքնուրույն կանցնի», մարդուն զրկում է կյանքի հաճույքներից, խոչընդոտում մարդկանց հետ շփվելուն, հանգեցնում անկենսունակ վիճակի: Շրջապատն ընկալելու («մռայլ գույներով») և գնահատելու յուրահատուկ մտածողությունը հիվանդին դարձնում է դյուրախոցելի: Աննշան առիթները կարող են դառնալ ընդհարման, մերձավորների հետ կապի խզման և նույնիսկ ինքնասպանության պատճառ: Վերջինիս հավանականությունը Ը-յան խորացման հետ նվազում է (հիվանդի շարժող. արգելակման պատճառով), թեպետ թախծալի ապրումները շատ խորն են: Նախածերունական պսիխոզի կամ շիզոֆրենիայի ժամանակ Ը. վտանգավոր է այլասիրական սպանության տեսակետից, երբ հիվանդը ոչ միայն իր, այլև մերձավորների ապրելն անիմաստ է համարում:
Արտահայտված Ը-յամբ հիվանդները սովորաբար բուժվում են հիվանդանոցում, իսկ ամբուլատոր բուժման դեպքում անհրաժեշտ է հետևել բժշկի ցուցումներին՝ դեղանյութը գործածելուն և սննդակարգին: Ը. վերացնող շատ դեղանյութեր (հակաընկճումային) անհամատեղելի են որոշ սննդամթերքի հետ, անթույլատրելի է նաև դրանց օգտագործման ընթացքում սպիրտային խմիչքների օգտագործումը, որը կարող է հանգեցնել ծանր, կյանքի համար վտանգավոր, սիրտանոթային համակարգի գործունեության խանգարման՝ կոլապսի: Որոշ հակաընկճումային դեղանյութեր երբեմն առաջացնում են ընկալման և պատասխան հակազդեցության դանդաղում, ուստի դրանք օգտագործելիս հիվանդին արգելվում է տրանսպորտային (ավտոմոբիլ, մոտոցիկլետ, հեծանիվ ևն) միջոցներ վարել: Տես նաև Հոգեկան հիվանդություններ:
ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ (շներ, կատուներ, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ, խոզեր, ձիեր, հավեր, սագեր, բադեր, գեղազարդ և երգեցիկ թռչուններ ևն), հին ժամանակներից ծառայում են մարդուն: Վարակվելով մարդու և կենդանիների վարակիչ շատ հիվանդություններով՝ Ը.կ. որոշակի պայմաններում կարող են վարակել նաև իրենց հետ շփվող մարդկանց: Շները, երբեմն նաև կատուները, մարդուն կարող են փոխանցել կատաղություն հիվանդությունը: Վարակվում են հիվանդ կենդանիների կծելուց, դրանց թուքը մարդու լորձաթաղանթների կամ վնասված մաշկի վրա ընկնելիս: Կատաղության վաղ փուլերում շունը գրգռված է լինում, տիրոջ կանչին չի արձագանքում, կուչ է գալիս մութ անկյուններում: Կլումը դժվարանում է, թքահոսությունն ուժեղանում, շունը հրաժարվում է կերից ու ջրից: Ավելի ուշ դառնում է հարձակողական, հարձակվում կենդանիների ու մարդկանց, նույնիսկ տիրոջ վրա և սատկում է հիվանդության 1-ին ախտանշաններն ի հայտ գալուց 8-11 օր հետո: Կատուների հիվանդությունը սովորաբար «կատաղի» ձևով է ընթանում, հաճախ դառնում են հարձակողական և սատկում 3-6 օրից:
Կատաղությունից խուսափելու համար շներին պետք է բակում կապել, դուրս չթողնել առանց հսկողության, որպեսզի կատաղած շները կամ վայրի կենդանիները (գայլ, աղվես ևն) չկծեն, զբոսանքի տանել վզափոկով և ամեն տարի կատաղության դեմ պատվաստում կատարել:
Շները և կատուները մարդուն կարող են վարակել տոքսոպլազմոզով, որի հարուցիչն արտազատվում է արտաթորանքի հետ, և մարդը վարակվում է հիմնականում աղտոտված մթերքից: Կենդանիների հիվանդություններն արտահայտվում են փսխումով, լուծով, հազով, աչքերի բորբոքումով:
Կատուներից և շներից մարդուն կարող են փոխանցվել մազերի, մաշկի սնկիկային հիվանդություններ՝ տրիխոֆիտիա, միկրոսպորիա, գոնջ, որոնց ժամանակ կենդանիների մազերը դառնում են անփայլ, փշրվում են, թափվում՝ առաջացնելով թեփուկներով և կեղևով ծածկված մազազուրկ հատվածներ: Երբեմն հիվանդությունն ընթանում է գաղտնի ձևով, և այն դժվար է նկատել (օրինակ՝ կարող են ախտահարվել միայն կատվի ականջախեցու որոշ մազեր):
Շները և կատուները մարդուն կարող են վարակել քոսով: Հիվանդ կենդանու մաշկին առաջանում են բշտիկներ, որոնք այնուհետև կեղևակալվում են և թեփոտվում:
Էխինոկոկոզով հիվանդ շների արտաթորանքի հետ արտազատված մակաբույծի ձվերով աղտոտվում են կենդանու մազերը, հատակը և տնային գործածության իրերը, իսկ մարդը վարակվում է սննդի, ջրի, կեղտոտ ձեռքերի միջոցով ձվերը բերանի խոռոչ ընկնելիս:
Ժանտախտի բնական օջախներում շները և կատուները, սնվելով կրծողներով (ժանտախտի հարուցչակիրներ), իրենց մազերի միջոցով տարածում են վարակված լվեր, որոնք էլ կարող են մարդուն փոխանցել հիվանդություններ:
Նշված հիվանդություններից խուսափելու համար պետք է նախ պահպանել տանը պահվող շների, կատուների և այլ կենդանիների խնամքի սանհիգիենային կանոնները, խուսափել թափառող և վայրի կենդանիների հետ նրանց շփվելուց ևն: Անհրաժեշտ է ընտանի կենդանուն սանրով և խոզանակով պարբերաբար մաքրել, օճառով լողացնել, զբոսանքից հետո թաթերը լվանալ, եթե մազերում կան մակաբույծներ (լվեր, տզեր), դրանց ոչնչացնել հատուկ էմուլսիաներով, լվացամիջոցներով՝ հատուկ շամպունով ևն, լավ կերակրել, որից հետո անպայման լվանալ ձեռքերը, իսկ հիվանդությունների դեպքում՝ դիմել անասնաբույժի: Շինությունից հիվանդ կենդանուն հեռացնելուց հետո (կամ բուժման ընթացքում) անասնաբույժի ցուցումով այն վարակազերծում են: Հատկապես վտանգավոր են անապաստան կենդանիները, որոնք գիշերում են և սնվում աղբանոցներում, որտեղ էլ հաճախ վարակվում են որդերով և այլ հիվանդությունների հարուցիչներով ու դառնում նոր վարակի աղբյուր:
Գեղազարդ, երգեցիկ և գյուղատնտ. թռչունները հիվանդանում են մարդու համար այնպիսի վտանգավոր հիվանդություններով, ինչպիսիք են թռչնախտը, գոնջը, տուբերկուլոզը, տոքսոպլազմոզը: Գոնջի ժամանակ առաջանում են բծեր, որոնք վերածվում են հանգուցիկների, այնուհետև՝ մոխրասպիտակավուն կեղևիկների: Առավել տարածված է թռչնախտը, որով հիվանդանում են հավերը, սագերը, աղավնիները, դեղձանիկները, թութակները ևն: Թռչունների հիվանդությունն արտահայտվում է ախորժակի անկումով, լուծով, լուծանքներով, արցունքահոսությամբ, հարբուխով, իսկ երբեմն ընթանում է առանց ակնհայտ ախտանշանների: Հարուցիչն արտազատվում է լորձի և արտաթորանքի հետ: Մարդը վարակվում է լորձի և արտաթորանքի չորացած մասնիկներ պարունակող փոշին շնչելիս: Ընտանի թռչունների վարակումից խուսափելու համար պետք է արգելել ուրիշ թռչունների հետ շփումը, տալ լավորակ