Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ըստ հիվանդության խորացման աստիճանի՝ վրա է հասնում օրգանիզմի խորը հյուծումը, նվազում թմրանյութի հանդեպ հանդուրժելիությունը, նախկին դեղաչափերն առաջացնում են ծանր թունավորումներ, ուստի հիվանդն օգտագործում է դեղաչափի կեսը և նույնիսկ ավելի քիչ: Նոր դեղաչափը միայն մի փոքր հավասարակշռում է հիվանդի վիճակը՝ չպատճառելով ոչ աշխուժություն, ոչ ուրախություն: Առանց թմրանյութի հիվանդն այնքան թույլ է լինում, որ կարող է մահանալ: Հաճախ այդպիսի դեպքերում բուժօգնությունն անարդյունավետ է: Մահը սպառնում է թմրամոլին ոչ միայն խորացած դեպքերում, այլ այն դարանակալում է հիվանդության հենց 1-ին շաբաթից: Հիվանդները մահանում են պատահականորեն՝ թմրանյութի չափից ավելի ընդունումից, անհայտ, չստուգված նյութերի ընդունումից և ներարկման ժամանակ օրգանիզմ թափանցած վարակից:

Հոգեկան հյուծումը բնորոշվում է հուզ. ոլորտի խոր խանգարումներով, հիվանդների մոտ առաջանում է ընկճվածություն, որի ժամանակ կարող են ինքնասպանություն գործել: Օրգանիզմի թուլացումը նպաստում է վարակիչ հիվանդությունների առաջացմանը, նույնիսկ թեթև հիվանդությունները կարող են մահվան հասցնել: Թմրամոլը հարբեցման վիճակում կարող է հեշտությամբ դժբախտ պատահարի զոհ դառնալ:

Թ-յան դեմ պայքարի գործում մեծ է հասարակության դերը, բոլոր երկրներում քրեական պատժի ենթակա են այն անձինք, ովքեր անօրինականորեն թմրանյութեր են արտադրում կամ տարածում: Բազմաթիվ երկրներում քրեական պատժի է ենթարկվում բուժումից խուսափող թմրամոլը: Նա խորտակում է ոչ միայն իր առողջությունը, տուժում է նաև ողջ ընտանիքը, թմրամոլից ծնված երեխաները լինում են թուլակազմ, ենթակա են հոգեկան ու ֆիզ. թերզարգացման, դաստիարակվում են ծանր պայմաններում: Շատ մեծ են նաև սոցիալ. կորուստները: Հիվանդն արագ կորցնում է հետաքրքրությունը բոլոր այն երևույթների նկատմամբ, որոնք կապված չեն Թ-յան հետ: Թմրամոլի բարոյական անկումն սկսվում է թմրանյութ ձեռք բերելու համար հարկադրաբար կատարած անօրինական գործողություններից: Կամային և հոգեկան ոլորտի թուլացումը, Թ-յան որոշ ձևերի դեպքում նաև մտավոր կարողությունների նվազումն արագացնում են բարոյական ու սոցիալ. անկումը: Միջավայրը, ուր մտնում է թմրամոլը (կամ ձևավորում է ինքը), նվազեցնում է բարոյականության չափանիշները, բարձրացնում հանցագործությունների թիվը: Թմրամոլները հաճախ ներգրավում են նաև իրենց մերձավորներին: Այսպիսով՝ թմրամոլի կինը ոչ միայն դադարում է խոչընդոտել ամուսնու Թ., այլև նպաստում է դրան:

Բուժումը հնարավոր է միայն հոգեբուժ. հիվանդանոցներում՝ խիստ հսկողության պայմաններում: Թմրանյութի հանդեպ հակումը շատ կայուն ախտանշան է, ուստի թմրամոլը երկար ժամանակ ընդունակ չէ քննադատաբար գնահատել իր վիճակը: Որպես կանոն՝ նա չի ցանկանում բուժվել: Իր վիճակի ծանրությունը գիտակցում է կյանքի բազմաթիվ հարվածներից հետո, երբ հիվանդության վաղեմության հետ կապված՝ ընկնում է նաև հիվանդագին հակման ուժը: Սակայն այդ ժամանակ հիվանդությունն արդեն դառնում է անբուժելի: Ուստի թմրամոլներին պետք է բուժել հարկադրաբար՝ չսպասելով նրանց համաձայնությանը: Բուժման ընթացքում հարազատների հետ տեսակցությունը խորհուրդ չի տրվում, քանի որ հիվանդները, նրանց սպառնալով կամ խաբելով, ստիպում են գաղտնի թմրանյութեր բերել՝ հավատացնելով, որ առանց դրա իրենք կմահանան, որ «բժիշկները չեն հասկանում իրենց վիճակի ծանրությունը»: Բուժումը հիվանդանոցում տևում է մի քանի ամիս, որի ընթացքում թմրամոլն ընտելանում է դիմանալու առանց թմրանյութի և հետ է վարժվում իր համար սովոր. այն միջավայրից, որտեղ ձևավորվել է հիվանդությունը:

Հիվանդանոցից դուրս գալուց հետո, բուժման արդյունավետությունն ապահովելու նպատակով, հարկավոր է փոխել միջավայրը և զբաղվել հանրօգուտ աշխատանքով: Երբեմն հարկ է լինում փոխել աշխատավայրը կամ բնակավայրը: Բուժումից որոշ ժամանակ անց հնարավոր է հիվանդագին վիճակի սրացում: Սրացման ախտանշաններն են ընկճվածությունը, գրգռվածությունը, անքնությունը, աշխատունակության անկումը, թորշոմածության նոպաները: Բայց հաճախ նոր նոպան սկսվում է նույն թմրանյութի կամ ալկոհոլի ընդունումից: Թմրամոլները որքան վաղ դիմեն թմրաբանի օգնությանը, այնքան կարճ կտևի կրկնակի բուժումը:

Ընտանիքի անդամները, աշխատակիցները, շրջապատի մարդիկ պարտավոր են ժամանակին հայտնել իրենց միջավայրում թմրամոլի գոյության մասին:

ԹՈՔԱԲՈՐԲ, պնեվմոնիա, թոքերի վարակ. հիվանդություն, որն առաջանում է որպես ինքնուրույն հիվանդություն կամ այլ հիվանդությունների բարդություն: Հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում: Հարուցիչները տարբեր մանրէներն են (պնևմոկոկեր, ստրեպտոկոկեր, ստաֆիլոկոկեր) և վիրուսները: Հիվանդության առաջացմանը նպաստում են ուժեղ մրսածությունը, ֆիզ. և նյարդահոգեկան գերբեռնվածությունները, թունավորումները և օրգանիզմի դիմադրողականությունն իջեցնող այլ գործոններ: Ըստ ընթացքի տևողության տարբերում են սուր և քրոնիկ. Թ., իսկ ըստ տարածվածության՝ բլթային կամ կրուպային (թոքի ողջ բլթի ախտահարումը) և օջախային կամ բրոնխաթոքաբորբ:

Սուր Թ. առաջանում է հանկարածակի, տևում է մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ և ավարտվում մեծ մասամբ լրիվ առողջացմամբ: Սկիզբը բնորոշվում է ջերմաստիճանի բարձրացմամբ՝ 38-40° C, առաջանում է դող, հազ (սկզբում՝ չոր, այնուհետև՝ խորխարտադրությամբ, որը երբեմն ժանգանման է՝ արյան խառնուրդով): Կարող են լինել կողացավեր, որոնք ուժեղանում են շնչառման, հազի (հաճախ թոքերի կրուպային բորբոքման) ժամանակ: Շնչառությունը (հատկապես տարածուն և ծանր ախտահարման դեպքում) դառնում է մակերեսային, հաճախացած և ուղեկցվում է օդի անբավարարության զգացումով: Սովորաբար, բուժումն սկսելուց մի քանի օր անց, հիվանդի վիճակը բարելավվում է:

Քրոնիկ. Թ. կարող է սուր Թ-ի հետևանք լինել կամ առաջանալ որպես քրոնիկ. բրոնխաբորբի բարդություն, ինչպես նաև քթի հավելյալ ծոցերում (օրինակ՝ հայմորիտի դեպքում) և վերին շնչուղիներում վարակի օջախի առկայության պայմաններում: Կարևոր են օրգանիզմի թուլացմանը և ալերգ. վերակառուցմանը նպաստող գործոնները (քրոնիկ. վարակիչ հիվանդություններ և թունավորումներ, այդ թվում՝ ալկոհոլամոլություն, շրջակա միջավայրի անբարենպաստ ազդեցություններ՝ ջերմաստիճանի կտրուկ տատանումներ, օդի փոշոտվածություն և գազերով աղտոտվածություն): Հիվանդությունն ընթանում է ալիքաձև և բնորոշվում է բորբոքման մեղմացման ու սաստկացման շրջաններով: Սրացման ախտանշանները նման են սուր Թ-ին (խորխարտադրությամբ ուղեկցվող հազ, հևոց, կրծքավանդակի ցավեր, ջերմաստիճանի բարձրացում), սակայն, ի տարբերություն սուր Թ-ի, այդ երևույթները դանդաղ են մեղմանում և լրիվ առողջացում կարող է չլինել: Սրացումների հաճախությունը պայմանավորված է հիվանդի օրգանիզմի