Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առանձնահատկություններով և շրջակա միջավայրի պայմաններով: Երկարատև և հաճախակի սրացումները հանգեցնում են թոքի հյուսվածքի կարծրացման (պնևմոսկլերոզ) և բրոնխալայնանքի: Այդ բարդություններն իրենց հերթին ծանրացնում են քրոնիկ. Թ-ի ընթացքը, երկարում են սրացման շրջանները, խանգարվում են թոքերի օդափոխությունը, գազափոխանակությունը, առաջանում է թոքային անբավարարություն, հնարավոր են սիրտանոթային համակարգի փոփոխություններ:

Բուժումն անցկացնում են միայն բժշկի նշանակմամբ և հսկողությամբ: Սուր Թ-ի ձգձգվող ընթացքը և դրա անցումը քրոնիկ. ձևի հաճախ պայմանավորված են ինքնաբուժման ժամանակ հակաբիոտիկների ոչ ճիշտ օգտագործմամբ: Հիվանդության լրիվ վերացմանը, ախտահարված թոքի բնականոն կառուցվածքի վերականգնմանը նպաստում են հակաբակտերիային բուժման հետ զուգակցված տարբեր բուժամիջոցներ՝ բժշկ. բաժակներ, մանանեխի ծեփուկներ, պղպեղային սպեղանի, էլեկտրաբուժություն, շնչառ. մարմնամարզություն: Առողջացմանը նպաստում են օրգանիզմի պաշտպան, ուժերի խթանումը, արդյունավետ հիգիենային ռեժիմը և լիարժեք սնունդը:

Քրոնիկ. Թ-ի բուժումը երկարատև է և կախված է հիվանդության փուլից:

Սրացման ժամանակ այն անցկացվում է հիվանդանոցում: Լավ արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է հակաբիոտիկի, դրա դեղաչափի և ներարկման հաճախության ճիշտ ընտրություն: Անհրաժեշտ է հիշել, որ հակաբիոտիկի և ջերմիջեցնող դեղանյութերի ընդունումը հանգեցնում է միայն ջերմաստիճանի ձևական իջեցման, որը հաճախ չի անդրադառնում բորբոքումների իսկական ընթացքի վրա: Հակաբիոտիկների ոչ ճիշտ ընտրությունը և դեղաչափի անբավարարությունը նպաստում են բուժ. ազդեցությունների հանդեպ մանրէների կայունության մշակմանը՝ դրանով բարդացնելով հիվանդության հետագա ընթացքը: Անհրաժեշտ է որքան հնարավոր է հաճախակի օդափոխել բնակարանը, որտեղ գտնվում է հիվանդը, հաճախ փոխել սպիտակեղենը (հատկապես ուժեղ քրտնարտադրության ժամանակ), մարմինը շփել թաց սրբիչով: Հևոցի ժամանակ հիվանդին պառկեցնել՝ մարմնի վերին մասը մի փոքր բարձրացնելով: Բորբոքումների մարման շրջանում խորհուրդ է տրվում արդյունավետ հիգիենային ռեժիմ (զբոսանք այգում, անտառում կամ մաքուր օդում, ինչպես նաև բուժ, մարմնամարզություն): Ընտրում են վարժություններ, որոնց նպատակը լրիվ շնչառման և երկարատև արտաշնչման ապահովումն է, ստոծանային շնչառության, կրծքավանդակի և ողնաշարի շարժունակության ավելացումը: Կանխարգելումն ընդգրկում է օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունն ամրապնդող միջոցառումներ (օրգանիզմի կոփում, ֆիզիկական կուլտուրա ևն), պայքար վնասակար սովորությունների (ալկոհոլի չարաշահում, ծխելը) դեմ, վարակի օջախների վերացում, բրոնխաբորբերի բուժում, ինչպես նաև աշխատանքի, հանգստի, կենցաղի պայմանների առողջացում:

Թ. երեխաների կյանքի 1-ին տարում (հատկապես թուլացած, անհաս, ռախիտով, սակավարյունությամբ, թերսնումով հիվանդների մոտ) ընթանում է ծանր և, եթե բուժօգնությունը ժամանակին չկազմակերպվի, կարող է ողբերգական ավարտ ունենալ: Երեխաների Թ. հաճախ առաջանում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների ֆոնի վրա:

Թ-ի 1-ին կլինիկ. ախտանշանը երեխայի ընդհանուր վիճակի վատացումն է: Երեխան դառնում է անհանգիստ, խանգարվում է քունը, երբեմն՝ հրաժարվում է սննդից: Որոշ երեխաների մոտ կարող են լինել փսխման երևույթներ, կղանքը դառնում է հեղուկ: Նկատվում է մաշկի գունատություն, բերանի և քթի շուրջն առաջանում է կապտություն, որն ուժեղանում է կերակրելիս և լացի ժամանակ, նկատվում է հևոց: Համարյա միշտ լինում են հարբուխ, տանջող ու հաճախակի նոպայանման հազ:

Պետք է հիշել, որ կյանքի 1-ին տարում երեխաների Թ. ոչ միշտ է ընթանում ջերմաստիճանի բարձրացմամբ: Վիճակը կարող է լինել շատ ծանր նաև 37,1-37,3°Cի, երբեմն նույնիսկ բնականոն ջերմաստիճանի դեպքում: Ուստի հիվանդության 1-ին ախտանշաններն ի հայտ գալիս անհրաժեշտ է անհապաղ բժիշկ կանչել, որը կորոշի, երեխային հարկավոր է բուժել տանը, թե՞ հիվանդանոցում: Եթե բժիշկը համառորեն պնդում է հիվանդանոց տեղափոխել, չպետք է հապաղել:

Տանը բուժելիս անհրաժեշտ է ապահովել երեխայի հանգիստը, լավ խնամքը, բացառել կողմնակի մարդկանց հետ շփումը: Հարկավոր է կատարել սենյակի խոնավ մաքրում, ջեռուցման մարտկոցը ծածկել թաց սավանով: Սենյակի ջերմաստիճանը պետք է լինի 20-22° C: Երբ երեխան քնած չէ, նրան հագցնել շարժումներն ու շնչառությունը չկաշկանդող հագուստ՝ արձակ շապիկ (բամբակե և բայկայե), չոչաշոր, բրդե կիսագուլպա: Ցանկալի է հաճախակի փոխել երեխայի դիրքը, գրկել: Քնելուց առաջ երեխային հարկավոր է բարուրել, տալ տաք ըմպելիք, բացել օդանցքը, իսկ ամռանը՝ լուսամուտը: Դրսում զբոսնել կարելի է միայն բժշկի թույլտվությամբ: Կերակրելուց առաջ ցանկալի է քիթն ու բերանը մաքրել լորձից (քիթը՝ բամբակով, բերանը՝ թեյի գդալով): Հեղուկների քանակը չպետք է սահմանափակել: Հիվանդությունը կարող է տևել 2-8 շաբաթ, և մայրը պետք է զինվի համբերությամբ, ճշգրտորեն կատարի բժշկի բոլոր նշանակումները:

Երեխաների Թ-ի ժամանակ կարող են առաջանալ բարդություններ, հաճախ՝ միջին ականջի բորբոքում (տես Ականջաբորբ և Կրծքամզի բորբոքում):

ԹՈՔԱՓՔԱՆՔ, թոքերի էմֆիզեմա, թոքերի հիվանդություն, որը պայմանավորված է թոքաբշտիկների լայնացմամբ և միջթոքաբշտիկային միջնորմների աստիճանական քայքայմամբ: Տարբերում են սահմանափակ (ընդգրկում է թոքի առանձին հատվածներ) և տարածուն (ընդհանուր) Թ.:

Թ-ից տարբերում են թոքային հյուսվածքի սուր փքվածությունը, որը հաճախ առաջանում է բրոնխի անցանելիության հանկարծակի խանգարումից, օրինակ՝ բրոնխային հեղձուկի նոպայի ժամանակ: Նորածինների և կրծքի երեխաների մոտ հազվադեպ նկատվում է բնածին Թ-ի սուր ձևը, որը պայմանավորված է բրոնխների զարգացման արատներով:

Թ. տարածված հիվանդություն է, առաջանում է ցանկացած տարիքում, հաճախ՝ 40-50 տարեկանում, երբեմն կապված է բրոնխների անցանելիության խանգարման հետ, որը կարող է լինել քրոնիկ. բրոնխաբորբի և թոքերի այլ հիվանդությունների հետևանք: Այլ դեպքերում Թ. առաջանում է որպես ինքնուրույն հիվանդություն, որի ժամանակ մասամբ ներքին (բնածին նախատրամադրվածություՆ), մասամբ էլ արտաքին (օդի աղտոտվածություն, ծխելը) գործոնների ազդեցությունից թոքաբշտիկի պատերը բարակում են, առաջանում են պատռվածքներ, որի հետևանքով թոքաբշտիկները միանալով՝ վերածվում են ավելի խոշոր օդային խոռոչների, և դրանց ընդհանուր մակերևույթը փոքրանում է: Միաժամանակ նվազում են թոքային հյուսվածքի առաձգական հատկությունները: Նշված փոփոխությունները հանգեցնում են թոքերի օդափոխության խանգարումների և թոքային արյան շրջանառության դժվարացման, այսպես կոչված, թոքային սրտի առաջացմամբ: