Թոքերի սուր փիքվածությունը, որպես կանոն, ուղեկցվում է շնչառ. սուր անբավարարության (տես Շնչառական համակարգ) ախտանշաններով, որոնք ավելի ուժեղ են արտահայտվում սուր գործնթացի և թոքի փքված հատվածների առավել տարածվածության դեպքում:
Թ-ի ընթացքը երկարատև է: Հիվանդները գանգատվում են հևոցից, սկզբում ֆիզ. ծանրաբեռնվածության, այնուհետև հանգստի ժամանակ ավելի շատ դժվարանում է արտաշնչումը: Հաճախ անհանգստացնում է նաև հազը՝ սակավ, դժվար անջատվող խորխով: Հիվանդի արտաքին տեսքն աստիճանաբար ձեռք է բերում Թ-ին բնորոշ գծեր, նիհարում է, մեջքը կորանում է, կրծքավանդակը դառնում «տակառաձև», կարծես գտնվում է շնչառման վիճակում, ուսերը թեթևակի բարձրանում են, շնչառությանը մասնակցում են օժանդակ մկաններ: Հիվանդությունը դանդաղորեն սաստկանում է:
Բուժումը երկարատև է և կարող է կանխել կամ դանդաղեցնել հիվանդության հետագա խորացումը, այն պետք է իրականացնել բժշկի մշտ. հսկողությամբ: Խորխարտադրությանը և թոքային օդափոխության լավացմանը նպաստում է շնչառ. վարժությունների հատուկ համալիրը: Բուժ. մարմնամարզությունն իրականացվում է բժշկի հսկողությամբ: Այն բարելավում է նաև արյան շրջանառությունը: Խորհուրդ է տրվում չափավորված քայլք (տես Քայլաբուժություն), հետիոտն զբոսանքներ: Լավ արդյունք է տալիս կլիմայաբուժությունը՝ չոր և տաք եղանակին: Թ-ի երկարատև և ծանր ընթացքի ժամանակ պահանջվում է հիվանդանոցային բուժում:
Հիվանդներին հակացուցված է ծանր ֆիզ. աշխատանքը, օրգանիզմի սառեցումը, տարբեր փոշիներ շնչելը:
Կանխարգելումը նպատակաուղղված է թոքերի սուր և քրոնիկ. բորբոքային հիվանդությունների ժամանակին ու արդյունավետ բուժմանը: Անհրաժեշտ է լրիվ հրաժարվել ծխելուց:
ԹՈՔԵՐ, տես Շնչառական համակարգ հոդվածում:
ԹՈՔԵՐԻ ԱՅՏՈՒՑ, առաջանում է տարբեր պատճառներից, առավել հաճախ՝ սրտի ձախ բաժնի կծկողական ունակության սուր անբավարարության հետևանքով, որի դեպքում արյան փոքր շրջանառությունում առաջանում է արյան կանգ: Թոքային մազանոթներն արյունով լցվելիս անոթային հունից հեղուկն անցնում է դեպի շրջապատող տարածություն, ինչպես նաև թոքաբշտիկներ ու բրոնխներ: Թ.ա. հանդիպում է աորտայի և սրտի երկփեղկ փականի արատների (տես Սրտի արատներ), հաճախ՝ ձախ նախասրտափորոքային անցքի նեղացման, հիպերտոնիկ հիվանդության, սրտամկանի ինֆարկտի, սրտի իշեմիկ հիվանդության քրոնիկ. ձևի, սրտամկանի սուր բորբոքման (տես Սրտամկանի բորբոքում) ժամանակ: Թ.ա-ով կարող է բարդանալ նաև սրտային հեղձուկը: Որոշ թունավորումների դեպքում երբեմն կարող է առաջանալ Թ.ա.: Հիվանդության սկիզբը հանկարծակի է. առաջանում է ուժեղ հևոց, որը փոխարինվում է շնչարգելությամբ: Հիվանդն ընդունում է նստած կամ կիսանստած հարկադիր դիրք, առաջանում են մաշկի տարածուն կապտություն (հաճախ՝ գորշ մոխրագույն երանգով), շնչարգելություն, պարանոցի երակների ուռածություն, խզզոցով ուղեկցվող շնչառության հաճախացում, արտադրվում է բավականաչափ քանակությամբ փրփրանման, երբեմն վարդագույն խորխ: Հնարավոր է թոքային արյունահոսություն: Գիտակցությունը, որպես կանոն, պարզ է: Երբեմն Թ.ա. ուղեկցվում է մահվան վախով:
Թ.ա. կյանքին վտանգ սպառնացող ծայրահեղ ծանր վիճակ է և պահանջում է անհապաղ բուժօգնություն: Սկզբն. ախտանշանների դեպքում անհրաժեշտ է կանչել շտապ բժշկ. օգնություն: Մինչև բժշկի գալը հարկավոր ի օգնել հիվանդին՝ հարմար դիրք (նստած, ոտքերը՝ ցած) ընդունել: Հարկավոր է ապահովել մաքուր օդի հոսքը:
Թ.ա-ի ելքը կախված է ժամանակին կատարված բուժմիջոցառումներից, որոնք կարող է կատարել միայն բժիշկը:
ԹՈՔԵՐԻ ԿՐՈՒՊԱՅԻՆ ԲՈՐԲՈՔՈՒՄ, տես Թոքաբորբ հոդվածում:
ԹՈՔԵՐԻ ՓՈՇԵԳԱՐՈՒԹՅՈՒՆ, պնեվմոկոնիոզ, թոքերի քրոնիկ. հիվանդություն, որն առաջանում է փոշու երկարատև շնչումից: Թ.փ-յան խմբում միավորված են թոքերի տարբեր տեսակի հիվանդություններ (սիլիկոզ, անտրակոզ, ասբեստոզ ևն), որոնք կարող են առաջանալ լեռնահանքային, ածխի, մեքենաշինության և արդ-յան այլ ճյուղերում աշխատողների մոտ՝ անվտանգության տեխնիկայի կանոնները չպահպանելիս: Թ.փ-յան առանձին տեսակների (որոնք տարբերվում են ըստ կլինիկ. դրսևորումների, ընթացքի ծանրության և բարդությունների) առաջացման ժամկետները տարբեր են և պայմանավորված են արտադր. շինություններում օդի փոշոտվածությամբ, փոշու բնույթով և հատկություններով, օրգանիզմի անհատ. զգայնությամբ և այլ պատճառներով:
Կանխարգելումը 1-ին հերթին ուղղված է արտադրությունում օդի փոշոտվածության դեմ՝ բանվորների անհատական պաշտպանության միջոցների պարտադիր կիրառմամբ: Թ.փ-յան ժամանակին հայտնաբերման համար մեծ նշանակություն ունեն աշխատողների պարբերաբար բժշկական զննումները:
Հիվանդության հետագա խորացումը կանխելու նպատակով Թ.փ-յամբ տառապող բոլոր հիվանդներին հարկավոր է տեղափոխել այլ աշխատանքի, որտեղ բացառվում է փոշու առկայությունը, նրանց հակացուցված է նաև գրգռող գազերի ազդեցության, անբարենպաստ միկրոկլիմայի պայմաններում աշխատելը:
Տես նաև Փոշի:
ԹՌՉՆԱԽՏ, օրնիթոզ, վարակիչ հիվանդություն, որն ուղեկցվում է տենդով, թոքերի, նյարդային համակարգի ախտահարմամբ: Հարուցիչները վիրուսներն են:
Թ-ով հիվանդանում են բադերը, հավերը, հնդկահավերը, թութակները, դեղնիկները, ազնվասարեկները, կարմրակատարները, աղավնիները, փասիանները ևն: Հիվանդ թռչունները հրաժարվում են կերից, դանդաղաշարժ են դառնում, փետուրները՝ գզգզված, աչքերից և քթանցքերից նկատվում է արտադրություն, առաջանում է արյունային լուծ: Հիվանդությունը սովորաբար տևում է 8-9 օր, հաճախ թռչունները սատկում են:
Մարդու համար վտանգավոր են հիվանդ և վիրուսակիր թռչունները: Մարդը վարակվում է թռչունների՝ վիրուսներ պարունակող արտաթորանքով կեղտոտված ձեռքերի միջոցով՝ վիրուսներն աչքերի լորձաթաղանթների վրա և բերանի խոռոչն ընկնելիս, ինչպես նաև օդակաթիլային ճանապարհով՝ վիրուս պարունակող փոշին շնչելիս:
Թ-ով հաճախ հիվանդանում են թռչնաֆերմաներում, թռչնաֆաբրիկաներում, կենդանաբան. այգիներում, կենդանիների խանութներում աշխատողները:
Թ-ի եզակի դեպքեր են նկատվում թռչուններ (այդ թվում աղավնիներ) ունեցող կամ բազմացնող, ինչպես նաև թռչունների որսով զբաղվող անձանց շրջանում:
Հիվանդությունն սկսվում է սուր՝ վարակման պահից 6-14 օր անց: Նկատվում են ընդհանուր թուլություն, գլխացավ, անքնություն: Հիվանդը ջերմում է, առաջանում է թոքաբորբ՝ առանց հևոցի, որն ուղեկցվում է չոր հազով, կրծքավանդակի մղկտացող ցավերով, հետագայում ոչ մեծ