քանակությամբ լորձային կամ լորձաթարախային (առանձին դեպքերում՝ արյան խառնուրդով) խորխարտադրությամբ: Հաճախ մեծանում են լյարդն ու փայծաղը: Տենդը տևում է 9-20 օր: Հիվանդությունը, որպես կանոն, ավարտվում է առողջացմամբ: Բուժումը՝ հիվանդանոցում:
Կանխարգելումը. անասնաբուժասան. և բժշկասան. հսկողություն թռչնաբուծ. և թռչնավերամշակման տնտեսություններում, կենդանաբան. այգիներում թռչնա- և մսի կոմբինատներում ևն: Թռչնաբուծ. և թռչնավերամշակման տնտեսություններում անհրաժեշտ է մորթած թռչնի խոնավ մշակում, շինությունների և տարածքի խոնավ մաքրում քլորակրի 5 %-անոց պարզեցրած լուծույթով, քլորամինի, լիզոլի 5 %-անոց լուծույթներով, արտադրության օդափոխություն և մեքենայացում, ինչպես նաև աշխատողների ու ծառայողների բժշկ. հսկողություն:
Մորթած թռչունները մշակելիս անհրաժեշտ է կրել շնչադիմակ և պաշտպան. ակնոց, խստորեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները: Հիվանդներին անհրաժեշտ է հոսպիտալացնել: Հիվանդ թռչունների հետ շփված անձանց վրա սահմանվում է (2 շաբաթ) հսկողություն: Ընտանի թռչունների Թ-ով հիվանդության կասկածի դեպքում անհրաժեշտ է դիմել անասնաբույժի:
ԹՌՉՈՒՆ, ԹՌՉՆԱՄԹԵՐՔ, մարդու սննդի մեջ լայնորեն օգտագործվում են ընտանի թռչուններից՝ հավեր, սագեր, բադեր, հնդկահավեր, իսկ վայրիներից՝ աքարներ, կաքավներ, ցախաքլորներ, փասիաններ, բադեր ևն:
Ընտանի թռչունների և որսի միսը պարունակում է մինչև 20 % սպիտակուց, հանքային նյութեր (գրեթե այնքան, որքան պարունակվում է ընտանի կենդանիների մսի մեջ): Կան նաև B1, B2, PP վիտամիններ: Ընտանի թռչունների մսի յուրացվելիությունը մեծացնում են այնտեղ պարունակվող մզվածքային նյութերը, որոնք լավացնում են ախորժակը, խթանում մարսող. հյութերի արտազատումը:
Բուժ. սննդի մեջ ընդգրկվում են հավերի, ճտերի, հնդկահավերի մսից պատրաստված կերակրատեսակներ, իսկ սագերի ու բադերի միսը սովորաբար խորհուրդ չի տրվում բարձր ճարպոտության պատճառով:
Միսը թողարկվում է չմաքրած, կիսամաքրած, մաքրած, սառեցրած վիճակում, դրանից պատրաստում են տարբեր պահածոներ, երշիկեղեն ևն:
Թռչունների միսն արագ է փչանում: Հատուկ զգուշություն պետք է պահպանել չմաքրած թռչնամիսը և ենթամթերքը պահելիս (տես Սննդամթերքի պահպանում):
ԹՐԹՌՈՒՄ, վիբրացիա, պինդ մարմինների մեխ. տատանումներ: Թ-ման աղբյուր են արյան, շին-յան, գյուղատնտեսության մեջ, տրանսպորտում և կենցաղում կիրառվող օդաճնշական (պնևմատիկ) ու ձեռքի էլեկտր. մեքենայացված գործիքները, տարբեր մեքենաները, սարքավորումները, հաստոցները, տրանսպորտային միջոցները:
Թ. բնութագրվում է կայուն դիրքից տատանվող կետի տեղաշարժման մեծությամբ (ամպլիտուդով), չափվում է մմ-երով և 1 վրկ-ում տատանումների թվով: Նշված մեծություններով հաշվարկվում են տատանման արագությունը, որն արտահայտվում է ինչպես բացարձակ (մ/վրկ), այնպես էլ հարաբեր. (դեցիբել) մեծություններով, և արագացումը {մ/վրկ2):
Թ. լայնորեն կիրառվում է ոչ միայն տեխնիկայում, այլև բժշկության մեջ՝ նյարդային ու մկանային որոշ հիվանդությունների բուժման համար (թրթռաբուժություն, թրթռամերսում):
Կենսբ. մեծ ակտիվությամբ օժտված Թ. որոշակի պայմաններում կարող է անբարենպաստ ազդել մարդու վրա և հանգեցնել մի շարք ֆիզիոլոգ. գործընթացների խանգարման (անդաստակային ապարատի գրգռում, արյան անոթների կծկանք ևն), իսկ երկարատև մշտ. ազդեցության դեպքում՝ թրթռումային հիվանդության: Վերջինիս առաջացման վտանգն աճում է Թ-ման ազդեցության ուժգնությունը և տևողությունը մեծացնելիս, ընդ որում, էական նշանակություն ունի անհատ. զգայնությունը: Թ-ման վնասակար ազդեցությունն ուժեղացնող գործոններ են աղմուկը, սառեցումը, գերհոգնածությունը, մկանային լարվածությունը, ալկոհոլային հարբեցումը ևն:
Պայմանականորեն տարբերում են տեղային Թ., որն ազդում է առավելապես աշխատողների ձեռքերի վրա, և ընդհանուր Թ., երբ հատակի, աշխատատեղի տատանումների հետևանքով Թ- ման ազդեցությանն է ենթարկվում ամբողջ օրգանիզմը: Տեղային Թ-ով պայմանավորված թրթռումային հիվանդության համար բնորոշ են ձեռքերի ցավերը (առավել հաճախ գիշերային ժամերին), ցուրտ ժամանակ մատների սպիտակելը, ձեռքերի ուժեղ մրսկանությունը, ընդհանուր տկարությունը, դյուրագրգռելիությունը, սրտի շրջանի ցավերը: Հիվանդության հիմն. կլինիկ. դրսևորումը արյան շրջանառության խանգարումն է ծայրամասային անոթներում: Սկզբն. շրջանում անոթային խանգարումներն առաջանում են առավելապես Թ-ման ազդեցությանն ավելի շատ ենթարկված ձեռքում, բայց հիվանդության խորացմանը զուգընթաց ախտահարվում են նաև մյուս ձեռքի, ոտնաթաթերի, սրտի, գլխուղեղի անոթները: Հիվանդությունն ուղեկցվում է ցավերով, ձեռքերի, հաճախ նաև ոտքերի զգայնության խանգարումներով: Առանձնապես շատ է տուժում ցավային զգայնությունը, ընկնում է ձեռքերի և ոտնաթաթերի մաշկի ջերմաստիճանը: Զգայնության նվազման մակարդակն աճում է հիվանդության տևողությանը և ծանրանալուն զուգընթաց: Խանգարվում են ներզատիչ գեղձերի, ներքին օրգանների ֆունկցիաները, նյութափոխանակությունը: Մեծ ամպլիտուդի Թ-ման ազդեցության դեպքում խանգարումներ են առաջանում մկաններում, կապաններում, հոդերում, ոսկրերում: Նկատվում են թուլություն և արագ հոգնելիություն, գլխացավեր, անկանոն քուն ևն:
Ընդհանուր Թ-ման դեպքում կլինիկ. ախտանշանները կապված են գլխուղեղի գործունեության խանգարումների հետ: Առավել հաճախ ախտահարվում է անդաստակային ապարատը, առաջանում են գլխացավեր, գլխապտույտ: Ըստ ախտահարման գործընթացի արտահայտվածության աստիճանի՝ տարբերում են հիվանդության 4 փուլ՝ սկզբն., չափավոր արտահայտված, արտահայտված և համատարած (հազվադեպ է հանդիպում): Նկատվում են նաև առավել բնորոշ համախտանիշներ՝ անոթների տոնուսի խանգարման (անգիոդիստոնիա), անոթակծկումային, վեգետատիվ բազմանյարդաբորբեր, միջանկյալ ուղեղի և անդաստակային խանգարումներ ևն:
Բուժում է բժիշկը՝ համապատասխան դեղանյութերով, վիտամիններով, ֆիզիոթերապևտիկ. միջոցներով, բուժ. մարմնամարզությամբ, առողջարանային բուժմամբ: Կարևոր է աշխատանքի բնույթը ժամանակին փոխելը (որտեղ Թ. չլինի): Կանխարգելման նպատակը մեքենաների, սարքավորումների և գործիքների Թ. վերացնելն է, որը կատարվում է տատանում առաջացնող ուժերի հավասարակշռմամբ: Առաձգական տարրերի և թրթռամարման միջոցով պետք է փոքրացնել Թ-ման հաղորդումը: Ներդնել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք սահմանափակում են կամ լրիվ բացառում աշխատողի շփումը թրթռամակերեսի հետ, աշխատանքի և հանգստի ռացիոնալ ռեժիմ,