փշածածկ, ձվաձև, փեղկերով բացվող տուփիկ: ՀՀ-ում աճում է դաշտերում, բանջարանոցներում, այգիներում:
Քիչ չեն երեխաների թունավորման դեպքերն ագռավաչքի հատապտուղներից, որը մինչև 30 սմ բարձրությամբ բազմամյսս խոտաբույս է: Ձվաձև կամ օղակաձև 4 տերևներն օղականման դասավորված են ցողունի գագաթին: Ծաղիկները գագաթնային են, դեղնականաչավուն: Աշնանը հասունանում է կապտասև, քառաբուն հատապտուղը՝ նստած տերևավարդակի կենտրոնում: Տարածված է ՀՀ-ի անտառատափաստանային գոտիներում: Պտուղը նման է հապալասին: Ագռավաչքից թունավորվելիս առաջանում են գլխացավ, գլխապտույտ, ստխառնոց, փսխում, լուծ, հաճախամիզություն:
Մազարիոնը թուփ է՝ հյութալի, վառ կարմիր կամ նարնջակարմիր պտուղներով, շատ նման է չիչխանին: Թունավոր է ամբողջ բույսը, հատկապես՝ հատապտուղները: Հանդիպում է անտառներում: Ուտելիս բերանում առաջանում են այրոց, ուժեղ թքարտադրություն և ծարավի զգացում, նկատվում են փսխում, արյունային լուծ, ավելի ուշ՝ մեզի մեջ նկատվում է արյուն, խանգարվում է սրտի աշխատանքը: Մազարիոնի հյութը մաշկի վրա առաջացնում է բշտերով ու խոցերով այրվածք:
Ընձախոտը բազմամյա խոտաբույս է՝ մատնաձև խորը կտրտված տերևներով և սաղավարտաձև (դեղին, կապույտ, մանուշակագույն, հազվադեպ՝ սպիտակ) ծաղիկներով՝ հավաքված գագաթնային ողկույզներում կամ հուրաններում: Թունավոր է ամբողջ բույսը, հատկապես՝ պալարները, որոնք պարունակում են ակոնիտին ալկալոիդ: Թունավորվելիս առաջանում են սրտխառնոց, փսխում, կրծոսկրի հետևում և սրտագդալի շրջանում ցավեր և այրոց: Շրթունքները, լեզուն, վերջույթները թմրում են, լինում են գլխապտույտ, տեսողության և լսողության խանգարումներ, գիտակցության կորուստ: Հնարավոր է տուժածը մահանա 1-3 ժ ընթացքում՝ շնչառ. կենտրոնի կաթվածից:
Հովտաշուշանը բազմամյա կոճղարմատավոր բույս է, ծաղկակիրն ունի մինչև 20 սմ երկար., որի վրա հերթականությամբ շարվում են սպիտակ, հաճելի բուրմունքով զանգականման ծաղիկները: Հովտաշուշանն առատ ծաղկում է լուսավոր անտառներում: Թունավոր է ամբողջ բույսը, հատկապես՝ գնդաձև, կարմիր, հյութալի հատապտուղները: Թունավորվելիս առաջանում են սրտխառնոց, փսխում, որովայնի ցավեր, գլխապտույտ:
Թունավորում կարող է առաջանալ նաև թունավոր չհամարվող բույսերը սննդում օգտագործելիս: Օրինակ՝ դառը նշից, ծիրանաչրից, բալից և այլ կորիզավոր պտուղներից, որոնք պարունակում են հյուսվածքային շնչառությունը խանգարող կապտաթթու: Հայտնի են թունավորումներ այդ բույսերի հատապտուղների սպիրտային թուրմերից, երբ նախապես կորիզները չեն հեռացվում: Հատկապես վտանգավոր է դառը նուշը, որի 40-60 կորիզը մեծերի, իսկ 10-15-ը՝ երեխաների մոտ կարող է ծանր թունավորում առաջացնել: Սննդում վտանգավոր է նաև ժանգասունկը, որից առաջացած թունավորումն ուղեկցվում է ուժեղ ցնցումներով:
Կարտոֆիլի կանաչած պալարները պարունակում են մեծ քանակությամբ սոլանին գլիկոալկալոիդ, որը մարդու մոտ առաջացնում է լուծ, արագացած սրտխփոց, հևոց, ընդարմացում: Ուստի, կանաչած պալարները սննդում խորհուրդ չի տրվում օգտագործել: Նման ախտանշաններ լինում են մորմի հատապտուղներով թունավորվելիս: Մորմ քաղցրադառը մինչև 3 մ բարձրությամբ մագլցող կիսաթուփ է՝ երկարավուն տերևներով և գեղեցիկ (երկարավուն) վառ կարմիր պտուղներով՝ խմբված ոչ մեծ ողկույզներում:
Հաճախ են նաև ինքնաբուժման կամ հեքիմների խորհրդով «բուժման» դեպքերում անծանոթ բույսերից, դեղաբույսերից թունավորումները: Թ.բ-ի հետ շփվելիս կամ դրանց հյութը մաշկին ընկնելիս կարող են առաջանալ սուր բորբոքում, էկզեմա, մաշկաբորբ ևն: Սովորաբար մաշկի ախտահարում առաջանում է դեղաբույսեր հավաքողների մոտ՝ անվտանգության կանոնները չպահպանելիս: Օրինակ՝ շոգ օրերին արջընկույզ հավաքելիս հնարավոր են թունավորումներ բույսի թունավոր գոլորշուց: Տզկանեփի քուսպը կարող է առաջացնել մաշկի, լորձաթաղանթի սուր բորբոքումներ, էկզեմա, իսկ փոշին՝ բրոնխային հեղձուկի ախտանշաններով ալերգ. հակազդեցություններ: Հաճախակի են գնարբուկից (սենյակային չինական) առաջացող մաշկաբորբերը: Մարգագետնային բույսերից (բոշխ, ստեպղին, հազարատերևուկ ևն) մաշկաբորբեր կարող են առաջանալ լողանալուց հետո մարգագետնում պառկելիս: Ախտահարվում են մարմնի բաց մասերը՝ զոլավոր ցանի ձևով: Ծանր մաշկաբորբեր են առաջանում նաև բալդրղանից (կոծուկ), որի հաստ ցողուններից երեխաները շվի են պատրաստում:
Քիչ չեն թունավորումները որոշ բույսերի (թխենի, կակաչ, շուշան, բրաբիոն ևն) ցնդող նյութերից, երբ դրանց մեծ փնջերը դրվում են փակ սենյակում: Տուժածների մոտ նկատվում են գլխացավ, գլխապտույտ:
Կասկածի դեպքում պետք է շտապ 1-ին օգնություն ցույց տալ, որովհետև ծանր թունավորումներից խանգարվում են օրգանիզմի հիմն. կենսական ֆունկցիաները (շնչառություն, սրտի աշխատանք, արյան շրջանառություն ևն): Աղիքային թունավորումների դեպքերում անհրաժեշտ է առաջացնել փսխում և լվանալ ստամոքսը, տուժածին խմեցնել 5-6 բաժակ գոլ աղաջուր կամ 0,1 %-անոց կալիումի գերմանգանատի լուծույթ: Կակաչից թունավորվելու դեպքում փսխեցուցիչ միջոցներն անարդյունավետ են, իսկ հովտաշուշանից, մատնոցուկից, կուժկոտրուկից թունավորվելիս փսխում չի կարելի առաջացնել, պետք է տուժածին տալ սառույցի կտորներ: Եթե թունավորման ախտանշաններ դեռևս չկան, բայց հայտնի է, որ թույն է թափանցել օրգանիզմ, դրա ներծծումը կանխելու համար կարելի է օգտագործել ակտիվացրած ածուխ կամ 1-3 ձվի սպիտակուցի և 300-500 մլ կաթի կամ ջրի խառնուրդ, այնուհետև՝ 20-30 ր հետո փսխում առաջացնել և տալ լուծողական: Շնչառության թուլացման դեպքում կատարում են արհեստական շնչառություն, անոթազարկը դանդաղելիս՝ տալ թունդ թեյ կամ սուրճ, իսկ մինչև բժշկի գալը՝ հիվանդին պառկեցնել: